Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՆԱԽԱԴԵՊ

Օգոստոս 25,2005 00:00

ԼԱՎ ՆԱԽԱԴԵՊ Ընդդիմությունն ուզում է դրանից օգտվել Այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը որոշում էր կայացրել Վանիկ Սալարցորցյանին «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 182-րդ հոդվածի համաձայն ենթարկել 5-օրյա վարչական կալանքի այն բանի համար, որ նախորդ օրը, երեկոյան ժամին, Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի դիմաց «բարձրաձայն աղմկել է, խանգարել հասարակական կարգը եւ չի ենթարկվել այդ գործողությունները դադարեցնելու կապակցությամբ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին»: Վ. Սալարցորցյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում եւ խնդրել բեկանել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված պատիժն ու գործի վարույթը կարճել: Բողոքը Վերաքննիչ դատարանի նախագահի ապրիլի 18-ի որոշմամբ մերժվել էր: Բայց փաստաբանն ու նրա պաշտպանյալը համառ էին գտնվել եւ հերթական բողոք էին ներկայացրել՝ այս անգամ արդեն Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել Վերաքննիչի որոշումն ու գործը ետ ուղարկել՝ այլ կազմով նոր քննության: ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը՝ Դ. Ավետիսյանի նախագահությամբ, հուլիսի 22-ին դատական դռնբաց նիստում քննել էր Վ. Սալարցորցյանի շահերի պաշտպանի ներկայացրած բողոքը եւ բավարարել խնդրանքը: Մոտ օրերս Վերաքննիչ դատարանը կսկսի Վ. Սալարցորցյանի գործի այլ կազմով նոր քննություն: Սա դատական պրակտիկայում հաճախ պատահող դեպքերից չէ, բայց գուցեեւ սովորական ու շարքային համարվեր, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ պաշտպանի ներկայացրած բողոքում մատնանշված են դատավարական այնպիսի կոպիտ խախտումներ, որպիսիք եղել են 2003-ին եւ 2004-ին հանրահավաքների, երթերի մասնակցած ՀՀ քաղաքացիների նկատմամբ գիշերային եւ դռնփակ դատավարություններում՝ առանց պաշտպան ունենալու իրավունքի: Հիշեցնենք, որ ժամանակին խաղաղ հանրահավաքներին մասնակցած մարդկանց հաճախ վերագրվում էին նաեւ հիշյալ օրենսգրքի նույն՝ 182 հոդվածով սահմանված մեղադրանքներ, որի համար նրանք ենթարկվում էին 5-10-օրյա վարչական կալանքի: Տվյալ դեպքում Վճռաբեկին Ն. Բաղդասարյանի ներկայացրած բողոքը խարսխված է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ու ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված իրավունքների խախտման փաստերի վրա: Պաշտպանը հիշատակել է նաեւ Վերաքննիչում Վ. Սալարցորցյանի գործի քննության ժամանակ առկա այնպիսի խախտումներ, ինչպիսիք են՝ «դատարանը չի ապահովել դատաքննության հրապարակայնությունը՝ իր պաշտպանյալը կամ ինքը չեն ծանուցվել Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության օրվա եւ ժամի մասին», «պաշտպանյալը զրկված է եղել գործի քննությանը ներկա գտնվելու իրավունքից, որով զրկված է եղել պաշտպանվելու իրավունքից», «ոստիկանության կողմից չի պարզաբանվել իր դեմ ցուցմունք չտալու նրա սահմանադրական իրավունքը, հետեւաբար Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց» եւ այլն: Պաշտպանը նաեւ մեջբերել էր Եվրոպական կոնվենցիայի այն հոդվածները, որոնք վավերացված լինելով ՀՀ կողմից՝ ոտնահարվել են իր պաշտպանյալի գործը քննելիս: Հետաքրքիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն հանրահավաքների մասնակցածներին նույն օրենսգրքի նույն հոդվածով դատելու եւ որոշումներ կայացնելու դեպքերի, Վ. Սալարցորցյանի պարագայում իր որոշման մեջ արձանագրել է, որ ՀՀ-ում վարչական կալանքի ենթարկված անձանց պահելու պայմանները սահմանող ՀՀ ոստիկանապետի կողմից հաստատված ներքին կանոնակարգով՝ վարչական իրավախախտումների համար կալանավորված անձինք պահվում են նույն ռեժիմի տակ եւ նույն պայմաններում, ինչ քրեական գործերով ձերբակալվածները: Ավելին, Վճռաբեկը համաձայնել է Եվրոպական դատարանի կողմից առանձին գործերով կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ մեկնաբանություններին եւ գտել, որ վարչական իրավախախտման համար Վ. Սալարցորցյանի նկատմամբ դատարանի կողմից նշանակված 5 օր կալանքն իր բնույթով եւ ծանրության աստիճանով հավասարվում է քրեական մեղադրանքին, ուստի՝ դատարանը գտել է, որ խախտվել է Վ. Սալարցորցյանի՝ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «հրապարակային դատաքննության» իրավունքը: Վճռաբեկի կայացրած այս որոշումը հայաստանյան ընդդիմադիրները լավ նախադեպ են համարում ՀՀ Սահմանադրությամբ եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետում արձանագրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների դեմ ոտնձգություն թույլ տված հայաստանյան իշխանությունների եւ դատական մարմինների կողմից նախկինում կայացրած ապօրինի որոշումները վերանայելու համար: Հիմա մնում է սպասել Վ. Սալարցորցյանի գործով Վերաքննիչ դատարանի նոր կազմով կայանալիք առաջիկա նիստին եւ նրա որոշմանը: Անկախ դրա արդյունքից, իհարկե, ակնկալել, թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի, նաեւ Վերաքննիչի դատավորները իրենց ապօրինի որոշման համար կպատժվեն՝ առնվազն միամտություն է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել