Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՐԵ՛Ք

Օգոստոս 27,2005 00:00

ՄԱՔՐԵ՛Ք ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ «Արդարություն» խմբակցության հուլիսի 15-ի հայտարարության պահանջներից մեկն էլ ընտրացուցակների վերանայումն է: Սակայն ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը բազմիցս հայտարարել է, թե այդ «պահանջը ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին», եւ խմբակցությունում շատերը չեն էլ հասկացել, թե ինչի տակ են ստորագրում. «Ուղղակի զարմանում եմ: Ստեփան Դեմիրճյանը, օրինակ, գիտեր, թե այդ ցուցակների պատճառով ընտրություններում ինչ խաղ խաղացին իր գլխին ու դրանից հետո. եթե ուզում է հակառակ խաղ խաղալու հնարավորություն ստեղծել՝ վերանայելով ցուցակները, ապա չգիտեմ ինչ գնահատական տալ»,- մի առիթով ասել էր պրն Սադոյանը: Ցուցակները կես միլիոնով կրճատելու պահանջը գնահատել էր այսպես. «Իշխանությունների համար հեշտ կլինի կեղծել հանրաքվեի արդյունքները, ուստի դա այլ բան չէ, քան ուղղակի դավաճանություն»: Քանի որ պրն Սադոյանը այդ հայտարարության հեղինակ էր համարել Շավարշ Քոչարյանին՝ նրանից էլ մեկնաբանություն խնդրեցինք, թե արդյոք իրո՞ք համարում է, թե ընտրացուցակները վերանայելը հավասարազոր է դավաճանության: «Համենայնդեպս, այդպես չեն համարում դաշինքի մնացած անդամները: Հակառակը՝ համարում են, որ դա շատ կարեւոր է: Եվ ոչ միայն այս հանրաքվեի, այլ նաեւ ապագա ընտրությունների համար,- ասաց պրն Քոչարյանը:- Ավելի՛ն՝ այդ ցուցակների մաքրումը նաեւ անուղղակի չափանիշ է կեղծիքների այն ծավալի, որոնք իրականացվել են նախորդ ընտրություններում»: Որ ընտրացուցակների վերանայումը դաշինքում իրոք անհրաժեշտություն է գնահատվում՝ պարզեցինք նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ զրույցի ընթացքում: «Ես արդար ընտրությունների կողմնակից եմ: Իսկ արդար ընտրություններն իրենց մեջ չեն պարունակում «մեռած հոգիներ»: Եվ արդար ընտրություններն ապահովվում են ե՛ւ օրենսդրական դաշտում, ե՛ւ երկրում բնակվող հասարակության իրական քանակությամբ,- նշեց պրն Սարգսյանը:- Ես շատ կուզենայի Հայաստանի բնակչության ճիշտ թիվն իմանալ, եւ որ այն չչափվի շաքարավազով կամ ցորենով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել