Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Օգոստոս 30,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԵՐԺՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Սահմանադրական փոփոխությունների նախագծում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ավելացել են 18 նոր հոդվածներ: Արվել է 321 առաջարկ: Դրանց գերակշիռ մասի հեղինակները հենց նախագծի հեղինակներն են՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» եւ ՀՅԴ-ն. նրանք համատեղ ուժերով արել են 180-ից ավելի առաջարկներ, որոնք բոլորն անխտիր ընդունվել են: Առաջարկների թվով երկրորդ տեղում Արշակ Սադոյանն է իր հանրահայտ 64 առաջարկներով: Երրորդ տեղում Հրանուշ Հակոբյանն է, որը 50-ից ավելի առաջարկներ է արել, եւ դրանց մեծ մասն արժանացել է Սադոյանի առաջարկների ճակատագրին, այն է՝ չեն ընդունվել: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը գլխավորող իր գործընկերոջից առավել պակաս արդյունավետությամբ է աշխատել եւ ներկայացրել ընդամենը 12 առաջարկ: Ո՛չ «Ժողպատգամավոր» խմբի, ո՛չ ՄԱԿ խմբակցության, ո՛չ էլ «Արդարության» պատգամավորները պաշտոնապես որեւէ առաջարկ չեն արել սահմանադրությունը բարեփոխելու համար: Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած մի միջադեպ եւս մի փաստարկ էր՝ հոգուտ օրենսդրական աշխատանքից ընդդիմության ձեռնպահ մնալու: Շավարշ Քոչարյանը նկատեց, թե ԱԺ կանոնակարգի խախտում է տեղի ունեցել եւ հիմնական զեկուցող Մհեր Շահգելդյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծը միանգամից սկսել է ներկայացնել երկրորդ ընթերցմամբ, մինչդեռ պարտավոր էր նախ առաջին ընթերցման ռեժիմով ներկայացնել բարեփոխված դրույթները: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ի պատասխան հայտարարեց. «Պարոն Քոչարյան, 1,5 տարի բոյկոտել եք նիստերը, հիմա եկել եք՝ բարի եղեք չխանգարել»: Բացի այդ՝ հնչեցնելով Շավարշ Քոչարյանի անունը՝ նրան պատասխան խոսքի իրավունք չտվեց, դարձյալ խախտելով ԱԺ կանոնակարգը: Ընդդիմադիր խմբակցություններից միայն «Ազգային միաբանությունն» է 2 առաջարկ արել: Ըստ դրանցից մեկի՝ «ԱՄ»-ն առաջարկում էր նախագծում ավելացնել հետեւյալ հոդվածը. «Պետական նշանակության ու կարեւորության տարբեր հարցեր դրվում են համաժողովրդական հանրաքվեի՝ ՀՀ նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ՝ ժողովրդական նախաձեռնությամբ ՀՀ առնվազն 150 հազար քաղաքացիների ստորագրության առկայությամբ»: Համանման առաջարկներ ներկայացրել է նաեւ Արշակ Սադոյանը: Անդրադառնալով «ԱՄ» առաջարկի մերժման պատճառներին՝ հարակից զեկուցող Տիգրան Թորոսյանը երեկ ասաց, թե մեր ավանդույթների պայմաններում նման մեխանիզմները չեն կարող արդյունավետ լինել: Ընդհանրապես, ուշագրավ էր ուսումնասիրել, թե ինչ դրույթներ են հեղինակները մերժել ընդգրկել նախագծում: Չի ընդունվել Հրանուշ Հակոբյանի առաջարկը, ըստ որի Սահմանադրության նախագծում պիտի ավելանար հետեւյալ դրույթը. «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օտարման տվյալ դեպքի բացառիկությունը հիմնավորող, եւ համարժեք փոխհատուցումը սահմանող օրենքի հիման վրա»: Նման դրույթի հրատապ անհրաժեշտության փաստարկ որպես՝ երեկ էլ ԱԺ մուտքի մոտ էին հավաքվել «իրացման գոտիների» անտուն մնացած քաղաքացիները, որոնք պաստառներով եւ կոչերով դեմ էին արտահայտվում սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Հրանուշ Հակոբյանի առաջարկած հետեւյալ դրույթներն էլ չեն ցանկացել ընդունել. «Յուրաքանչյուր աշխատող ունի հանգստի իրավունք», «Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, կրթության եւ դաստիարակության լիարժեք եեւ ներդաշնակ զարգացման համար»: Մերժվել է նրա նաեւ այն առաջարկը, թե ԱԺ մշտական հանձնաժողովները «լսումներ կազմակերպելու միջոցով իրականացնում են օրենքների կատարման վերահսկողություն»: ՀՀԿ խմբակցության այս անդամն առաջարկել էր օրենսդրական նախաձեռնության իրավունք ընձեռել ոչ միայն պատգամավորներին ու կառավարությանը, այլ նաեւ ՀՀ նախագահին, ՍԴ-ին, Վճռաբեկ դատարանին, ԿԲ-ին եւ պետական կարգավորիչ հանձնաժողովներին՝ իրենց լիազորությունների շրջանակում: Ի դեպ, եթե սա բավական լուրջ հարց է, ապա մեկ այլ դեպքում մերժվել է Հրանուշ Հակոբյանի անմեղ խմբագրական առաջարկը՝ հոդված 38-ում «ֆիզկուլտուրա» բառը փոխարինել «ֆիզիկական կուլտուրա» արտահայտությամբ: Մերժվել է Արշակ Սադոյանի առաջարկը, ըստ որի՝ «Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունների միտումնավոր չկատարման, Սահմանադրությունը եւ օրենքները դիտավորյալ խախտելու, պաշտոնական դիրքի չարաշահման, պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Նախագահին անձեռնմխելիությամբ անգամ պաշտոնանկությունից հետո օժտելու հարցը երեկ ամենավիճահարույցներից մեկն էր քննարկումների ընթացքում: Կոալիցիայի նախագծի 56.1 հոդվածի համաձայն՝ «Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»: Մի շարք պատգամավորներ ներկայացրին այն հակափաստարկը, թե նախագահը պարտավոր է պատասխան տալ, ասենք, իր ստորագրած որոշումների հետեւանքների համար: Ի դեպ, չեն ընդունվել ոչ միայն պատգամավորների առաջարկները: Շավարշ Քոչարյանը երեկ հիշատակեց, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկներից 16-ը չեն ընդունվել, սակայն չմանրամասնեց: Հիշեցրեց նաեւ, որ ԵԽԽՎ բանաձեւում կոչ էր արված սահմանադրական փոփոխություններն իրականացնել արագ, ողջամիտ ժամկետում: Մինչդեռ այս գործընթացը ոչ միայն արդեն բավական ձգձգվել է, այլ առաջիկա 2 տարվա ընթացքում էլ դեռ նոր պիտի սահմանվեն Երեւանում տեղական ինքնակառավարում հաստատելու դրույթները, իսկ սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունվելու դեպքում էլ՝ դրա բոլոր գովական դրույթները պիտի գործեն միայն 3-4 տարի անց: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել