Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ծխող-խմող ազգ ենք

Սեպտեմբեր 07,2005 00:00

Մենք ծխող-խմող ազգ ենք Այս կարծիքին է «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամի նախագահ, բժիշկ Դավիթ Պետրոսյանը: Հայ տղամարդկանց մոտ 67%-ը ծխող է. այս ցուցանիշը, որը հրապարակվում է հակածխախոտային թեմայով ցանկացած միջոցառման ժամանակ, պարզվում է, բավականին հին է, որովհետեւ վերջին 4-5 տարիների ընթացքում մեր հանրապետությունում որեւէ ուսումնասիրություն այդ ուղղությամբ չի արվել: Դրա անհրաժեշտությունը զգացվել է միայն վերջերս, երբ հակածխախոտային ծրագրի կոորդինատորները վերջապես որոշել են իմանալ՝ իրենց «պայքարների» արդյունքում ծխողների թիվը նվազե՞լ է, թե՞ ոչ: Այժմ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են, բայց մասնագետները շարունակում են պնդել, որ «մենք ահավոր ծխող ազգ ենք»: Մեր զրուցակից Դավիթ Պետրոսյանի հավաստմամբ, միայն անցյալ տարի ծխախոտի դեմ պայքարելու համար տարբեր հ/կ-ներ միջազգային կազմակերպություններից ստացել են ընդհանուր առմամբ մոտ 65-70 հազար դոլար: Թե ի՞նչ են արել այդ գումարները, ինչպե՞ս են պայքարել, պարզ կդառնա վերջին ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելուց հետո: Հակածխախոտային ծրագրի կոորդինատորներն ու մասնագետներն իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում են Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի վավերացումը եւ «Ծխախոտի իրացման, սպառման ու տարածման սահմանափակումների» մասին օրենքի ընդունումը: Հենց այս 2 արժանիքներով էլ վերջերս Վարշավա մեկնած 5 հոգանոց հայ պատվիրակությունն այնպիսի խորը եւ անջնջելի տպավորություն է թողել այնտեղ կազմակերպված ծխախոտամոլության կանխման մասին սեմինարի մասնակիցների վրա, որ կազմակերպիչները ծխախոտին վերաբերող բոլոր թեմաներին քաջատեղյակ լինելու համար հայերին առաջարկել են զուր ժամանակ չկորցնել, պարզապես զբոսնել ու հանգստանալ իրենց քաղաքում: Այս մասին մեզ պատմեց Դ. Պետրոսյանը, որը նույնպես պատվիրակության կազմում է եղել: «Մասնակիցերին ցնցել էին մեր զեկույցները, զարմացել էին, որ 1 տարում օրենսդրական դաշտում այդ 2 մեծ գործը կատարել ենք»,- «Առավոտին» ներկայացրեց նա: Իսկ հարցին, թե ի՞նչ են տվել մեզ այդ օրենքները, ըստ զրուցակցի, դեռեւս վաղ է պատասխանել: Ամեն դեպքում, օրենքն ուժի մեջ է մտել 5 ամիս առաջ, ու այս ընթացքում բացարձակ ոչինչ չի փոխվել՝ ծխախոտները փողոցներում «ձեռքի վրա» հատով վաճառվում են, անչափահասներն առանց որեւէ խոչընդոտի ծխախոտ գնում են, երթուղայինների վարորդները ծխում են, հասարակական վայրերում առանձնացված չեն ծխողների եւ չծխողների տարածքները: Հետաքրքիր տվյալներ է հրապարակել Առողջապահության միջազգային կազմակերպությունը: Ինչպես հայտնի է, այժմ էլ մի շարք խանութներում վաճառվում են ծխախոտ-ծամոններ, խաղալիքներ, բրիլոկներ: Բացի այդ, ծխախոտագործության մեջ վերջին նորություններից է մրգային եւ մենթոլի համերի առկայությունը, որը, որպես առավելություն, շեշտվում է նաեւ գովազդներում: Բնականաբար, ելակի կամ բալի համով ծխախոտներն ավելի կգայթակղեն սկսնակներին ու անչափահասներին, քան մոլի ծխողներին: Ինչ վերաբերում է մենթոլի համին, Առողջապահական համաշխարհային կազմակերպության տեղեկատվությամբ, այն ստիպում է ծխողին խորը շնչառություն կատարել, որի արդյունքում ծուխն ավելի խորն է թափանցում, քան սովորաբար: Ուստի, մասնագետների հավաստմամբ, այդ ծխախոտներն ավելի են մեծացնում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, մինչդեռ դրանց ներմուծումը ոչ թե կանխվում է, այլ՝ խրախուսվում գովազդներով: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել