Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սեպտեմբեր 08,2005 00:00

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԱՎ 700-ՈՎ Երեկ հրապարակվեցին բուհերի լրացուցիչ մրցույթի արդյունքները Այսօր հանրապետության 11 հազար ուսանողների հետ առաջին անգամ բուհ կմտնի եւս 700 հոգի: Երեկ բուհերը վերջիններիս ավետեցին լրացուցիչ մրցույթի արդյունքում նրանց հաղթանակի մասին: Ժամը 2-ից բուհերի բակերը լիքն էին անհամբեր ու դեռեւս հույսները չկորցրած ծնողներով ու դիմորդներով: Ընդ որում, մեր դիտարկմամբ, նրանց մեջ զգալի թիվ էին կազմում շրջաններից եկածները: Մի քանի բուհերի շրջանում մեր այցելության արդյունքում ուշաթափության կամ խիստ զայրույթի դեպքեր չարձանագրեցինք: Հավանաբար դա բացատրվում էր նրանով, որ լրացուցիչ մրցույթին մասնակցում էին արդեն ցածր միավորներով դիմորդները եւ, որքան էլ նրանք նախկինում բողոքում էին քննությունների ընթացքից, երեկ արդեն, ինչպես ասում են, գոլորշին անցել էր եւ նրանք եկել էին ոչ մեծ ակնկալիքներով, որ «գուցե մի բան լինի»: Այսպիսով՝ 2000 դիմորդներից 700-ի սպասելիքներն արդարացան: Նախապես հայտարարված 120 առանց տարկետման իրավունքի թափուր տեղին նախարարը փաստորեն ավելացրեց եւս 580-ը՝ բուհերի հնարավորություններից ու առաջարկություններից ելնելով: Ըստ այդմ՝ ԵՊՀ-ին հատկացվել է 228, բժշկականին՝ 111, գյուղակադեմիային՝ 101, մանկավարժականին՝ 180, տնտեսագիտականին՝ 133 եւ այլն: Այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ որոշ բուհեր, չդիմանալով փողի գայթակղությանը, անցողիկ միավորները հասցրել են գրեթե նվազագույնի: Օրինակ, Բժշկական համալսարանը տարեկան յուրաքանչյուր ուսանողից մոտ 1800 դոլար վարձավճար չկորցնելու համար պատրաստ է բժիշկ պատրաստել ընդունելության քննություններում 23,5 միավոր հավաքած դիմորդին, եւ սա՝ բուժական գործ մասնագիտության համար: Նույն բուհի դեղագործություն մասնագիտության համար անցողիկ էր 22.3 միավորը: ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում անցողիկ էր 46.9 միավորը, տնտեսագիտական ինստիտուտի տեսական տնտեսագիտություն եւ ֆինանսներ-վարկում՝ համապատասխանաբար՝ 46.3 ու 46.7 միավորները: Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի տեղակալ Սուրեն Աղաբաբյանի տվյալներով՝ իրենց բուհի միայն մասնաճյուղերում եւս 74 դիմորդի անհրաժեշտություն կար, ինչը բավարարվել է: Երեկ խաղաղ էր նաեւ Մանկավարժական համալսարանի բակը: Թեեւ ծնողները կեսօրից սպասում էին ցուցակներին, սակայն ժամը 4-ից հետո միայն կարողացան ծանոթանալ դրանց: Ե՛վ «անցածները», ե՛ւ «չանցածները» մի տեսակ անտարբեր էին հեռանում, առանձնապես ուրախության ու ցնծության պահեր էլ չկային: Ծնողների համար խիստ կասկածելի էր միայն մի փաստ: Առանձին մասնագիտությունների խմբերից զատ, կային մեկական անուններով ցուցակներ եւս: Օրինակ, անգլերեն եւ սոցիալական մանկավարժություն մասնագիտությունների ցուցակներում ամենացածր միավորը համապատասխանաբար 43.3 եւ 26.5 էր: Սրանց կողքին մեկական հոգի անցել էին, անգլերենի պարագայում՝ 38,2, սոցմանկավարժության պարագայում՝ 23.0 միավորով: Հանրապետական ընդունող հանձնաժողովում այս փաստը բացատրեցին թյուրիմացությամբ. որ դրանք նպատակային մի քանի տեղերն են, որոնք ցուցակներից դուրս են մնացել, հետո ավելացվել են: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել