Լրահոս
Օրվա լրահոսը

Ղ.

Սեպտեմբեր 08,2005 00:00

Ղ. Սարյանը՝ նամակներում Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Ղազարոս Սարյան. նամակներ ռազմաճակատից» գրքույկը, որը հեղինակը նվիրել է Ղ. Սարյանի ծնողների՝ Մարտիրոս եւ Լուսիկ Սարյանների հիշատակին: Գրքի հրատարակման համար հոբելյանական 2 առիթ կա՝ Հայրենական մեծ պատերազմի 60 եւ կոմպոզիտորի ծննդյան 85-ամյակները: Ռազմաճակատից հարազատներին ու ընկերներին ուղարկված նամակների շնորհիվ առավել ամբողջական ու նորովի է ներկայացվում ԽՍՀՄ եւ ՀՍՍՀ ժողովրդական արտիստի, կոնսերվատորիայի երկարամյա ռեկտորի, օպերային ստուդիայի հիմնադրի, մանկավարժի ու Սարյան մարդու նկարագիրը: Այդ նամակներից մենք կարող ենք իմանալ, թե ինչպիսի քաղաքացի էր հայտնի կոմպոզիտորը եւ հասարակական գործիչը՝ մարդ, որը 21-22 տարեկան հասակում գործով է ապացուցել իր բարձր քաղաքացիությունն ու հայրենասիրությունը: Գրքույկում զետեղված են նաեւ Ղ. Սարյանի ռազմաճակատային լուսանկարները, այնտեղ գրված երգերից երկուսը եւ Մ. Սարյանի գործերի վերատպությունները: 1939թ. Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը ավարտելուց հետո Ղազարոս Սարյանը զորակոչվում է բանակ: Սկզբում ծառայում Է Կիեւում՝ հակաօդային պաշտպանության գնդում: Այնուհետեւ որպես գնդացրորդ ուղարկվում է Լվով, ապա 1941-ի հունիսին զորաշարժերի մասնակցելու հրամանով՝ վերաբաշխվում սահման: Նկատենք, որ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանն այդ տարիներին հաստատ ի վիճակի էր իր որդուն՝ Զարիկին (Ղազարի փաղաքշական ձեւը) բանակից ազատել, սակայն չարեց: Փոխարենը հպարտությամբ ճանապարհեց բանակ, որտեղ հետո ռազմաճակատային թերթերը պիտի հիացմունքով գրեին հայազգի գնդացրորդ Լազարի մասին: «Իմ թանկագին, իմ առաքինի որդի: Բոլորովին չեմ զարմանում, երբ Սովետական Միության հերոսների կամ պարգեւատրվածների թվում կարդում եմ նաեւ քո անունը: Ես գիտեմ, որ իմ որդին ոչ միայն լավ երաժիշտ է, այլեւ հերոս ու լավ մարդ… Երազում եմ այն օրը, երբ դու տուն կվերադառնաս հաղթանակած»,- գրել է նկարիչը որդուն: «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգեւատրված, թշնամու «Յունկերս» ինքնաթիռները ոչնչացնող Ղազարոս Սարյանը մարտական ընկերներին ոչ միայն քաջությամբ էր վարակում, այլեւ բարձրացնում նրանց մարտական ոգին. թեժ մարտերի կարճատեւ դադարների ընթացքում համագնդեցիները պարում էին Սարյանի բայանի նվագակցությամբ, իսկ 7-րդ զենիթահրետանային գունդը համալրած սիբիրցի աղջիկները՝ երգում նրա հեղինակած երգերը: Նրանք առանձնահատուկ սիրով էին կապված իրենց ընկերոջ հետ, ուստի պատերազմից հետո երկար տարիներ նամակագրական կապ են պահպանել Ղազարոս Սարյանի հետ: Ոմանք, կոմպոզիտորի մահից հետո նամակները հասցեագրել են Սարյանի տիկնոջը՝ Արաքսիին: Հասկանալի պատճառներով, նամակներն աստիճանաբար նվազել են: Այս տարի Հայրենական պատերազմի 60-ամյակի տարելիցի առթիվ տիկին Սարյանն ընդամենը 2 բացիկ է ստացել՝ Աննա Պավլենկոյից (Քիշնեւ) եւ Նինա Ուշակովայից (Կեմերովո): ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930