Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Սեպտեմբեր 09,2005 00:00

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՐԴԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՆ Կենտրոն համայնքի ղեկավարի սեպտեմբերի 25-ին անցկացվելիք ընտրություններից 18 օր առաջ որոշ տեղամասերում բացակայում են ընտրացուցակները, ինչպես նաեւ՝ տեղեկանքները դրանց բողոքարկման կարգի մասին: Մինչդեռ, ըստ «Ընտրական օրենսգրքի», դրանք պետք է փակցված լինեն ընտրություններից 40 օր առաջ: Այս մասին երեկ ասուլիսում հայտնեց ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Նա ներկայացրեց իր պնդումը հիմնավորող մի շարք տվյալներ: Գեւորգ Էմինի անվան թիվ 182 դպրոցում, որտեղ տեղակայված են 9/7 եւ 9/8 ընտրատեղամասերը՝ բացակայում է տեղեկանքը անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, քննարկման կարգի մասին: «Մինչդեռ սա «Ընտրական օրենսգրքի» ուղղակի պահանջն է,- ասաց պրն Խաչատրյանը:- Որտեղ կախվում են ցուցակները՝ այնտեղ պետք է լինի նաեւ համապատասխան տեղեկանք, որ եթե քաղաքացին տեսնի՝ չկա իր ազգանունը, իմանա ուր դիմել»: 9/7 տեղամասի նկարագրով՝ ընտրողների թիվը 1720 է, իսկ ցուցակում 1220-ն են. «Ընդ որում՝ այդ նկարագիրը հաստատել է թաղապետարանը, որը չունի այդ իրավունքը»: Ըստ ԿԸՀ անդամի՝ նկարագրով այդ տեղամասում ընդգրկված է Տիգրան Մեծի-31 շենքը, իսկ ընտրացուցակում այն բացակայում է: 9/8-ի նկարագրում նշված է 1897 ընտրող, իսկ ցուցակում 1722 հոգի են: Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում տեղակայված 9/9 ընտրատեղամասի ցուցակում ընդգրկված է 2686 ընտրող, մինչդեռ օրենքով սահմանված առավելագույն թիվը 2000 է: Ավելին՝ չկան 2604-ից 2634 համարի ընտրողների անունները: Իսկ նույն դպրոցում տեղակայված 9/10 տեղամասի ցուցակը բացակայում է ընդհանրապես: Երվանդ Քոչարի 23, 15, 19, 21, Զավարյանի 72, 104, Վարդանանց 96, 116 շենքերի ընտրողների հասցեներում բացակայում է բնակարանի համարը: Ֆելիքս Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ եթե սահմանադրական հանրաքվեն էլ է անցկացվելու նման ցուցակներով, ապա կստեղծվի «ահավոր խառնաշփոթ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել