Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՆԳՈՏԱԾ

Սեպտեմբեր 09,2005 00:00

ԺԱՆԳՈՏԱԾ ԶՎԱՐՃԱԼԻՔՆԵՐ Երեւանի կարուսելների մեծ մասը բարոյապես մաշվել է Այսօր մայրաքաղաքում մանուկների համար նախատեսված ժամանցի կենտրոնները կարելի է մատների վրա հաշվել՝ կրկես, տիկնիկային թատրոն, մի քանի այգիներ, որոնք երեկոյան 7-ից հետո լցվում են մարմնավաճառներով ու հատուկենտ սրճարաններ, որտեղ կարող են այցելել միայն «պապաների բալաները»: Հասարակ ընտանիքների երեխաները զրկված են անգամ «գործնագործ» ու «պախկվոցի» խաղալու հնարավորությունից. մի շարք թաղամասերում, հատկապես կենտրոնում, խաղահրապարակները քիչ-քիչ ծածկվել են ավտոտնակներով ու օբյեկտներով: Քիչ թե շատ հետաքրքիր ժամանակ անցկացնելու համար ամենահարմար տարբերակը կարծես թե կարուսելներն են: Առաջին հայացքից դրանք շատ մատչելի են՝ 50-300 դրամ, չշահված, որ որոշ ատրակցիոն խաղերում հաղթելու դեպքում կարող ես ունենալ նաեւ շահումներ: Բայց իրականում դրանք բավականին թանկ են «նստում» ծնողների վրա: Այցելելով, օրինակ, Հաղթանակի զբոսայգի՝ դեռ մուտքից ծեր տատիկները ալոճով «պարանները» գցում են վզիդ ու դրանց համար մի հատ թիվ «կրակում»: Արդեն որոշ հատիկներ պոկած երեխաներին հետաքրքիր «վզնոցից» չզրկելու եւ չհիասթափեցնելու համար ծնողները ստիպված վճարում են: Հետո դեպի կարուսելներ տանող ճանապարհին լուսարձակ «ֆռռիկներով», հրացաններով, տիկնիկներով ու տարբեր «զրթուզիբիլներով» սկսում են երեխաներին գայթակղել վաճառականները: Ավելի ուշ այցելուներին դիմավորում է կեղտոտ, ճենճոտ հագուստով «նապաստակ ձյաձյան», որը զոռով-շառով աղջիկներին «նվիրելով» մի քանի «ճլորած» ծաղիկներ՝ դրանցից յուրաքանչյուրի համար տղամարդկանցից պահանջում է 200-1000 դրամ՝ նայած ինչքան «կկպնի»: Ուստի, դեռ կարուսելները չվայելած՝ մեկ էլ տեսնում ես՝ փող չմնաց: Առավել մտահոգիչ է կարուսելների անվտանգության հարցը: Թեեւ իրենք՝ կարուսելների հսկիչներն ու պատասխանատուները միանշանակ հերքում են իրենց մոտ դժբախտ պատահարները, բայց, փաստացիորեն, կարուսելից վերադառնում ես՝ ասես Վիետնամի պատերազմից: Նախ «Ավտոդրոմ» կոչվածը, որը «Մերսեդես» կամ «Բի-Էմ-Դաբլյու» մակնիշի կիսաժանգոտած երկաթե զանգված է, ամբողջությամբ արյունլվա է անում երեխաների ծնկները, որովհետեւ սալոնում, որտեղ տրամաբանորեն պետք է լիներ փափուկ սպունգե ծածկ, անխուսափելիորեն ծակծկում են «բոլտուգայկաներն» ու մեխերը: Անհանգստության տեղիք են տալիս հատկապես շղթաներով կարուսելները: Դրանք ամեն անգամ նստելուց առաջ հարկ է խաչակնքել, որովհետեւ անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ շղթաների օղակները մեկումեջ կիսաբաց են: Եվ հետո, ոչ մի կարուսելի վրա չի նշված, թե այն ո՞ր տարիքի կամ ի՞նչ քաշի երեխաների համար է նախատեսված: Հսկիչներից մեկն այս բացթողումը «Առավոտին» հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Շղթաներով կարուսելները բազկաթոռի պես են, եթե շատ չաղ լինեն՝ չեն մտնի»: Անդրանիկի փողոցում տեղակայված «շրջիկ կարուսելի» ինժեներ եւ պատասխանատու Վարդան Վարդանյանի մեկնաբանությամբ էլ՝ «մեր մոտ ըտենց մի-երկու հատ շղթա ունենք, որ կարող ա վտանգ լինի, բայց ամրագոտիները պարտադիր կապում ենք, շաբաթը մեկ էլ տեխզննում անում»: Կարուսելները ողջ գիշերվա ընթացքում հոսանքազրկվում են ու մնում բաց երկնքի տակ: Թեեւ պահակ լինում է, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ անցորդներից մեկի մտքով կանցնի, հատուկ կետերում հանձնելու նպատակով, ասենք, նստարանի վրայից մետաղներից մեկը աննկատ պոկել ու տանել, իսկ շղթաների տեխնիկական վիճակը, փաստորեն, ստուգվում է ոչ թե ամեն օր, այլ՝ շաբաթը մեկ: Մեկ այլ խնդիր է հիգիենայի պահպանումը: Կարուսելային աշխարհում վերջին նորույթներից է «բատուտ» կոչվածը (փչած կենդանիների կերպարներով մեծ կամերներ): Սրա վրա մի քանի րոպե թռիչքներ անելու համար կարուսելի հսկիչները պարտադրում են երեխաներին հանել կոշիկները, մինչդեռ դրանց վրա 2 սանտիմետրանոց կեղտ կա: Մեր հարցին՝ քանի՞ օրը մեկ եք մաքրում այն եւ ինչո՞վ եք մաքրում, Վ. Վարդանյանն անկեղծորեն պատասխանեց՝ «Սովորական ջրով ու տրյապկայով՝ մի 3-4 օրը մեկ»: Այսպիսի «հետեւողականության» արդյունքում կարուսելների նստարաններից ինչ «սորտի» կեղտ ասես չի քսվում հագուստիդ: Կարուսել գնալը երեխաների համար տոն է, այնինչ այսօր կարուսել պետք է գնալ ոչ թե տոնական, այլ բանվորական հագուստներով: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել