Լրահոս
Օրվա լրահոսը

Շագանակներ կրակից՝ ուրիշի ձեռքերով

Սեպտեմբեր 09,2005 00:00

Շագանակներ կրակից՝ ուրիշի ձեռքերով Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վ. Գուրզադյանը որոշել էր միանգամից հարստանալ Օրերս մամուլում հրապարակում եղավ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության մասին: Մասնավորապես, կազմակերպությունը փաստացի մեղադրվեց ԱՄՆ առեւտրի եւ զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրերից մեկով 102720 ամերիկյան դոլար յուրացնելու մեջ: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը ներկայացրեց իր հակափաստարկները: Դրամաշնորհը տրամադրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանի ղեկավարած հետազոտական խմբին: Ի դեպ, դրամաշնորհը 132 հազար ԱՄՆ դոլար է, իսկ վերոնշյալ գումարը կազմում է դրա մոտ 70 տոկոսը: Գուրզադյանի եւ ամերիկյան կողմի կնքած պայմանագրերում իբրեւ իրավաբանական անձ կամ հասցե ներկայացված են Գառնիի տիեզերական հետազոտությունների եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտները: Դրամաշնորհի փաստաթղթային ձեւակերպումներից հետո, նշյալ ինստիտուտները որպես իրավաբանական անձինք չեն ներգրավվում ծրագրում եւ գումարի ստացման հետ խնդիրներ են առաջանում: Այդ ժամանակ Գուրզադյանը դիմում է Կարեն Բեքարյանին: Հաշվի առնելով, որ իր գիտական աշխատանքի ղեկավարը Վ. Գուրզադյանն է, Բեքարյանը հորդորում է կազմակերպության վարչությանը՝ օժանդակել իր ուսուցչին: «Եվրոպական ինտեգրացիան» Գուրզադյանի ծրագրում ներգրավվում է որպես համակապալառու կազմակերպություն եւ իր գործունեությունն իրականացնում է ծրագրի ղեկավարի՝ նույն Գուրզադյանի գրավոր հանձնարարականներին համապատասխան: Իսկ թե ինչո՞ւ վերոնշյալ ինստիտուտները չէին ներգրավվել ծրագրում, Կ. Բեքարյանը բացատրում է այսպես. «Քանի որ ես իր աշակերտն եմ, Գուրզադյանի կարծիքով ինձ վրա բարոյական ներազդման հնարավորություններ ինքը կունենար»: Այն, որ ծրագրի ընթացքում գումարներ են խնայվել, պարոն Բեքարյանը տեղյակ է լինում եւ բազմիցս նախազգուշացնում է Գուրզադյանին, որ դրանք հետագայում կարող են պատուհաս դառնալ: Ուսուցիչն անտեսում է: Ծրագրի ավարտից հետո Գուրզադյանը Կ. Բեքարյանին առաջարկում է տնտեսված հարյուր երկու հազար յոթ հարյուր ամերիկյան դոլարը փոխանցել նախ իր անձնական, ապա՝ «Կոսմոլոգիա» հ/կ-ի հաշվեհամարներին: Առաջին դեպքում պարզվել է, որ Գուրզադյանը օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորություններ պիտի կատարի, ինչի պատճառով էլ նրան այդ տարբերակը չի բավարարել: Երկրորդ տարբերակից հրաժարվել է Կ. Բեքարյանը, քանի որ պարզվել է, որ այդպիսի կազմակերպություն գոյություն չունի, հետեւաբար իր գործողություններն անօրինական են լինելու: Ապա առաջարկվում է գումարը ետ փոխանցել ծրագրի շրջանակներում համագործակցող ամերիկյան SBSI ոչ կառավարական կազմակերպությանը: Պարոն Բեքարյանը մինչ օրս չի ստացել գործարքի համար անհրաժեշտ SBSI-ի գրավոր հանձնարարականը: Այս ողջ ընթացքում «Եվրոպական ինտեգրացիան» պաշտոնապես դիմել է ԱՄՆ կառավարությանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն՝ պատճառաբանելով, որ գումարները ամերիկյան հարկատուներինն են, ուստի իրենք պետք է այս խնդրին լուծում տան: Նրանց պատասխանել են, որ հարցը քննության ընթացքում է: Բայց քանի որ Գուրզադյանի ջանքերով հարցը հրապարակայնություն է ստացել եւ մեղադրվում է Կ. Բեքարյանի կազմակերպությունը, երեկ վերջիններս սպասարկող բանկից ձեռք են բերել ցպահանջ մուրհակ՝ ԱՄՆ կառավարության՝ ի դեմս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, անունով: Այսուհետեւ այդ գումարի տնօրինումն անցնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել