Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՏԱՎՈՐՈՂ ՀԵՐՀՈՒՐԱՆՔՆԵՐ»

Սեպտեմբեր 09,2005 00:00

«ԱՌԱՏԱՎՈՐՈՂ ՀԵՐՀՈՒՐԱՆՔՆԵՐ» Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Գայանե Կարախանյան) սկսվեց ու հետաձգվեց «Չորրորդ իշխանություն» թերթի դեմ հայցի քննարկումը: Հայցվորը Ճարտարագիտական համալսարանի Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի ասիստենտ Կարեն Խաչատրյանն է: Նա իր հայցով պահանջում է թերթից՝ տպագրել թերթի հունիսի 28-ի՝ «Պոլիտեխնիկցի» Խաչատրյանների ոդիսականը» վերնագրով հոդվածը հերքող մի տեքստ, ընդ որում՝ այնպես, ինչպես ինքն է ուզում: Մեջ բերենք մի հատված հայցադիմումից՝ առանց սրբագրական ուղղումների. «Խնդրո առարկա «ՉԻ» թերթը միշտ էլ հակված է եղել առատավորելու երկրի իշխանություններին, զրպարտչական հերհուրանքներ տարածելու մեր պետական գործիչների մասին: Այս թերթը միշտ էլ հարցակողական բնույթի հոդվածներ է տպագրել: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քաղ.օր.ի համապատասխան հոդվածներով, խնդրում եմ «ՉԻ» թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի նա կատարի իր պարտականությունները եւ տպագրի իմ դիմում-հերքումը»: Վիճարկվող հոդվածը պատմում է, թե ինչպես պետական ճարտարագիտական համալսարանի դասախոսներ հայր եւ որդի Վարոս եւ Կարեն Խաչատրյանները անառողջ մթնոլորտ են ստեղծել բուհում: Մի շարք պաշտոնական փաստաթղթեր վկայում են մի ուսանողուհու հանդեպ սեռական հետապնդումների, դիպլոմների վաճառքի մեջ մեղադրվելու մասին: «ՉԻ»-ն իր թերթի հաջորդ համարներից մեկում տպագրել է նաեւ Կ. Խաչատրյանի պարզաբանումները: Սակայն այս ամենը չի բավարարել վերջինիս, եւ նա դիմել է դատարան: Երեկ դատական նիստի ընթացքում Կ. Խաչատրյանը հայտարարեց, որ թերթը իրավունք չուներ անդրադառնալու այս հարցերին, քանի դեռ իր դեմ քրեական գործ է հարուցված՝ վերոնշյալ ուսանողուհու հոր կողմից, եւ գործը դեռ քննության փուլում է: «ՉԻ» թերթի շահերը ներկայացնող փաստաբան Հովիկ Արսենյանը այս կապակցությամբ ասաց. «Որտե՞ղ է գրված, որ դրանով թերթը որեւէ օրենք է խախտել, թող հայցվորը ցույց տա: Իսկ որ հայցվորի դեմ քրեական գործ է հարուցված, նա իրավունք չունի պատվի, արժանապատվության կամ այլ հայցով մտնել դատարան, քանի դեռ գործն ընթացքի մեջ է. պետք է նախ որոշում կայացվի կարճելու, կասեցնելու կամ դատարան ուղարկելու վերաբերյալ»: Հենց սա էր պատճառը, որ դատը հետաձգվեց մինչեւ համապատասխան որոշում կայացնելը: «Ես ձեր դեմ ոչինչ չունեմ, ինձ անհանգստացնում է այն հարցը, որ թերթը հավատում է ամեն մեկի ասածին»,- նիստից հետո բղավում էր Կարեն Խաչատրյանը: «Թերթը հարցին շատ դեմոկրատական է մոտեցել,- հակադարձեց փաստաբանը,- օբյեկտիվություն է հանդես բերել՝ տպելով նաեւ երկրորդ կողմի կարծիքը»: «Կարծիքը, բայց ոչ՝ հերքում»,- պնդում էր Կ. Խաչատրյանը: Ի դեպ, նույնանման «հերհուրանքների» հարցով Կ. Խաչատրյանը դատարան է դիմել նաեւ ընդդեմ «Առավոտի»: Եվ երեկ նա դատավորին միջնորդում էր թույլ չտալ «Առավոտի» թղթակցին՝ ներկա գտնվել նիստին, մինչեւ որ «Առավոտի» հերթն էլ կհասնի: «Առավոտի» դեմ հայցի քննությունը նշանակված է սեպտեմբերի 23-ին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել