Լրահոս
Օրվա լրահոսը

Աճեմյանական

Սեպտեմբեր 09,2005 00:00

Աճեմյանական տարի՝ Մայր թատրոնում Վահե Շահվերդյանը չի կարողանում համակերպվել Վարդան Աճեմյանի ապրած տան պատին փակցված անշուք ու խղճուկ հուշաքարի հետ: Երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսորի հրավիրած ասուլիսի առանցքում թատրոնի 83-84-րդ թատերաշրջանն էր՝ նվիրված Վ. Աճեմյանի 100-ամյակին: Թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 10-ին՝ Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացումով: Ռեժիսորը հանգամանորեն խոսեց թատերաշրջանի ընթացքում կայանալիք ներկայացումների, հոբելյանական երեկոների մասին: «Առավոտի» ռեպլիկին՝ «Կոնկրետ մայր թատրոնում ե՞րբ «կհնչի» Աճեմյան», պարոն Շահվերդյանը պատասխանեց, որ այն ծրագրված է սկսել նոյեմբերից, Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի աճեմյանական մեկնաբանմամբ: Թե ինչո՞ւ հենց այս պիեսով, թատրոնի գլխավոր ռեժիսորը ներկայացրեց, որ 1939թ. դեռեւս Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնի գլխավոր բեմադրիչ Վ. Աճեմյանը հրավիրվել է Սունդուկյանի անվան թատրոն ու իրականացրել այս պիեսի բեմադրությունը. «Սա մեծ բեմադրիչի գլուխգործոցներից է»: Մեր հետաքրքրությանը, թե ավելի ճիշտ չէ՞ր թատերաշրջանը բացել «Պատվի համարով» կամ հայ դասական դրամատուրգի այլ գործով, Վ. Շահվերդյանը բարձրաձայնեց. «Մեր հայ դասական դրամատուրգիան այնքան էլ հարուստ չէ: Թատրոնի գեղխորհուրդը որոշել է հենց այս ներկայացմանը մոտենալ եւ, կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ինչ բարդ է, եթե չասեմ՝ ռիսկ, աճեմյանական բեմադրությունից հետո հանձն առնել իրականացնել բեմադրության երկրորդ ծնունդը թատրոնում»: Մեր հաջորդ հետաքրքրությանը, թե իրենց՝ սունդուկյանցիներին ինչո՞վ է աջակցում մշակույթի նախարարությունը պարոն Շահվերդյանը նախ վրդովված հայտնեց, որ դեռեւս 1995թ. Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, Անդրֆեդերացիայի փողոցը վերանվանվել է Վ. Աճեմյանի անունով, բայց մինչ օրս էլ այդ փողոցում չես հանդիպի փոփոխված ցուցանակի. «Չեմ կարծում, որ այդ անհրապույր փողոցը պետք է կոչվեր մեծ բեմադրիչի անունով: Այսօր զարգացնում են զբոսաշրջությունը, հյուրեր են գալիս եւ արտերկրում եթե խոսք է գնում հայ թատրոնի մասին, բոլորը միաբերան տալիս են Վարդան Աճեմյանի անունը: Չեմ ասում, թե հրապարակին հարող որեւէ փողոց, բայց կարելի էր քաղաքի ավելի կենտրոնական ու բարեկարգ փողոց կոչել բեմադրիչի անունով»: Պարոն Շահվերդյանը նաեւ նկատեց, որ բոլոր հոբելյանների ու հոբելյարների համար մեր կառավարությունը մի ստերեոտիպ է մշակել. տրամադրվում է 1.200.000 դրամ. «Ընդառաջելով թատրոնի գեղարվեստական խորհրդի որոշմանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը աջակցեց հրատարակելու աճեմյանագետ Իդա Բաբայանի երկու աշխատությունները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել