Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴՔԱՆ

Սեպտեմբեր 15,2005 00:00

ԱՅԴՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷՐ ՍԱՏԱՆԱՆ… Երեկ կեսօրից «Ճգնաժամերի միջազգային խմբի» («International Crisis Group») կայքէջում տեղադրվեց «Լեռնային Ղարաբաղ. հայացք հակամարտությանը դեպքի վայրից» զեկույցը: Նշենք, որ թեեւ զեկույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրության հիման վրա բավական բացասական տպավորություն էինք ստացել այս փաստաթղթից, ընդհանուր առմամբ՝ այս շուրջ 40 համակարգչային էջ կազմող շարադրանքը բավական հավասարակշռված է եւ դրական գնահատականներ է պարունակում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ: Մեջբերենք նման որոշ դրույթներ: Զեկույցի հենց նախաբանում նշված է. «Լեռնային Ղարաբաղը ձգտում է անկախության եւ պնդում է որոշակի հիմնավորվածությամբ, թե ունի ժողովրդականորեն ընտրված իշխանություն, որը համապատասխանում է պետականության բոլոր նախադրյալներին: Այնուամենայնիվ, այն միջազգայնորեն ճանաչված է իբրեւ Ադրբեջանի մաս եւ դեռ մեծապես կախված է Հայաստանից՝ իր ռազմական անվտանգության եւ տնտեսական գոյատեւման առումով: Նրա բանակի կեսից ավելին, ենթադրվում է, Հայաստանի քաղաքացիներ են, այնժամ, երբ Երեւանն է ապահովում ԼՂ բյուջեի 50 տոկոսը՝ «միջպետական վարկի» միջոցով, որը փաստացի անտոկոս է եւ քիչ հավանական է, թե կվերադարձվի»: Թեեւ ադրբեջանցիների մշտական հանգերգին՝ իրենց 20 տոկոս գրավված տարածքների մասին, «Ճգնաժամերի միջազգային խմբի» փաստաթղթում այս առնչությամբ ներկայացված են այլ տվյալներ. «Պատերազմի արդյունքում գրավվեցին ադրբեջանական տարածքներ: Լեռնային Ղարաբաղի ուժերը, որոնք համալրված են Հայաստանից շատ զինակոչիկներով ու պայմանագրային զինծառայողներով, գրավել են Ադրբեջանի տարածքի շուրջ 13,4 տոկոսը (11 722 քառ. կմ): Սա ներառում է նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ 92,5 տոկոսը, Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջաններ եւ երկուսի զգալի մասը»: Բացի այս էական ճշտումից՝ հատկապես կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մասին խոսելով՝ զեկույցի հեղինակները, փաստորեն, Հայաստանին ձերբազատում են միջազգային կառույցներում անընդհատ հնչող այն մեղադրանքից, թե մենք ենք գրավել Ադրբեջանի տարածքը: Հիշեցնենք, որ նման պատասխանատվության մասին խոսվում էր ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւում, թե Եվրախորհրդի «անդամ պետության կողմից օտարերկրյա տարածքի գրավումը ԵԽ առջեւ տվյալ պետության պարտականությունների կատարման խախտում է»: Կարելի է ենթադրել, թե ինչ աղմուկ կբարձրացնեն այժմ ադրբեջանցիները միջազգային այս հեղինակավոր կառույցի տվյալ ձեւակերպման առնչությամբ: Սա նաեւ նման առաջին զեկույցն է, որտեղ լուրջ անդրադարձ կա Շահումյանի խնդրին: Զեկույցի մի քանի հատվածներում անդրադարձ կա այստեղ տիրող վիճակին: Եվ դրանցից առաջինն է. «Երբ Ստեփանակերտը նկարագրում է ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»՝ (5,089 քառ. կմ), նշվում է, թե դրա 15 տոկոսն ադրբեջանական բանակի վերահսկողության ներքո է: Սա ներառում է Մարտունի եւ Մարտակերտ շրջանների մի մասը (327 քառ. կմ), որոնք ԼՂԻՄ բաղկացուցիչն էին, այնպես, ինչպես մինչ պատերազմը՝ Շահումյանի շրջանը եւ Գետաշենը (701 քառ. կմ): Ստեփանակերտի իշխանությունները պնդում են, որ վերջին երկուսը պետք է մաս կազմեն ներկայիս Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրանք նույնպես 1991-ին հայտարարել էին Խորհրդային Ադրբեջանից անջատման մասին: Բացի այդ՝ նրանք Լաչինը (1,835 քառ. կմ) դիտարկում են իբրեւ Լեռնային Ղարաբաղի մաս եւ ասում՝ «այն չի կարող լինել փոխզիջման առարկա, քանի որ միացնում է Ղարաբաղը արտաքին աշխարհին», նույնիսկ այն պայմաններում, երբ այն երբեք մաս չի կազմել ԼՂԻՄ-ին եւ որեւէ հայ չի ապրել այնտեղ մինչեւ պատերազմը»: «Ճգնաժամերի միջազգային խմբի» զեկույցում նկարագրված է Լեռնային Ղարաբաղի անցումը ռազմական դիկտատուրայից մինչեւ ժողովրդավարական հասարակարգ, որն անցկացնում է կանոնավոր ընտրություններ: Ասենք՝ նշված է. «Մինչեւ 2000-ը զինված ուժերը նշանակալի դեր էին խաղում քաղաքականության մեջ: Վիճակը սկսեց փոխվել, երբ ազդեցության համար պայքարը նախագահ Ղուկասյանի եւ բանակի նախկին հրամանատար Բաբայանի միջեւ հասավ գագաթնակետին: Բաբայանը հեռացվեց եւ հետագայում դատապարտվեց 14 տարվա ազատազրկման՝ նախագահի դեմ մահափորձը կազմակերպելու համար: Այդ ժամանակից զինվորականների քաղաքական դերակատարությունը, թվում է, նվազել է, թեեւ շոշափելի է մնում տնտեսության մեջ նրանց ներկայությունը: Զինված ուժերն ընկալվում են իբրեւ մի հաստատություն, որոնք կարող են ապահովել կայուն զբաղվածություն, եւ շատ ընտանիքներ ու նրանց եկամուտները կախված են դրանցից»: Մեջբերված են ԼՂՀ նախագահի խոսքերը. «Նախագահ Ղուկասյանը պնդում է, որ իր վարչակարգի օրոք կրճատվեց զինվորական հրամանատարների իշխանության զգալի մասը. «Շատ երկար ժամանակ այստեղ զինվորական բռնապետություն էր, թեեւ մենք փորձում էինք ստեղծել կիսանախագահական հանրապետություն: Մենք սկսեցինք պայքարել հետպատերազմյան սինդրոմի դեմ… եւ 1999-ին կարողացանք հաղթահարել այն»: Զեկույցում նկարագրված են Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունները՝ չնշելով որեւէ խախտում: Նաեւ նշված է. «Ընտրյալ իշխանությունները, թվում է, իրոք փորձ են անում կայացնել արդյունավետ ու պատասխանատու հասարակական հաստատություններ: Նախարարություններ եւ քաղաքներում վարչակարգերի գրասենյակներ այցելությունները երեւան հանեցին անհրաժեշտ կահավորանքով, համակարգիչներով համալրված հաստատություններ, որոնք հաճախ տեղավորված են խորհրդային շրջանի քայքայվող շինություններում: Երիտասարդ, արտասահմանում ուսումնառություն անցած պետական ծառայողների սահմանափակ թվաքանակը հավակնություն ունի վարել լավ կառավարում: Բայց ստվերային ցանցի ազդեցությունը, որ գլխավորում են պատերազմական վերավաճառողները կամ նորահարուստ «գործարարները», անկասկած, դեռ առկա է, թեեւ դժվար է չափել այն»: Անգամ վերջին դիտողություններն անհամեմատելի են զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում առկա որոշ գնահատականների հետ: Ասենք, այստեղ մեջբերված են փախստականների բողոքներն Ադրբեջանի կառավարության դեմ, որին նրանք ուղղակի մեղադրել են կոռուպցիայի մեջ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել