Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆՔ

Սեպտեմբեր 21,2005 00:00

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆՔ Տաքսի ծառայություններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ Տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների թիվը Հայաստանում օրեցօր ավելանում է: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ տաքսիներից օգտվելը «պրիստիժնի» էր, եւ դրանցով երթեւեկում էին միայն հարուստները, ապա վերջին տարիներին այդ «հաճույքը» սկսեց վայելել նաեւ միջին խավը: Սրանից չի կարելի եզրակացնել, թե բնակչության կենսամակարդակը կտրուկ բարձրացել է, պարզապես տաքսի ծառայությունների միջեւ առկա մրցակցությունը հանգեցրել է ցածր գների: Այն, որ տաքսի ծառայություն «բացելը» բավականին եկամտաբեր բիզնես է՝ անժխտելի է, մինչդեռ երեկ բավականին ճանաչված ծառայություններից մեր հարցումների ժամանակ դրանց ներկայացուցիչները բիզնեսի մասին խոսելիս համարյա լացում էին՝ «աղջիկ ջան, դրսից ա ըտենց թվում, ստեղ մեղր չեն բաժանում, հազիվ գոյատեւում ենք, մի հատ արի, մեքենաների հարցը լուծի, աշխատավարձերը տուր, ռադիոկապով ապահովի, հարկայինի հարցը լուծի, տես՝ տակը ինչ ա մնում»: Տարբեր հաշվարկների համաձայն՝ սովորական, ոչ մեծ տաքսի ծառայության սեփականատերը ստանում է մոտ 1.5 մլն դրամ զուտ շահույթ: Այնպես որ, «տակը» շատ ավելի մեծ գումար է մնում, քան դա խոստովանում են բիզնեսմենները: Հաշվենք ինքներս՝ 10-15 մեքենայի առկայության դեպքում կարելի է սպասարկել օրը մոտ 100-150 կանչ, ինչը օրական կապահովի ոչ պակաս, քան 300 հազար դրամ հասույթ: Այդ գումարից մեքենայից ամսական 7 հազար դրամ ֆիքսված հարկ է պահվում: Մնում է վճարել հեռախոսային օպերատորի աշխատավարձն ու մի հարմարավետ գրասենյակի վարձակալության գումարը, մնացածը հենց «տակինն» է: Էլ չենք խոսում խոշոր տաքսի ծառայությունների մասին, որոնք սեփական մեքենաներով 75% հասույթ են ստանում: Այս դեպքում խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է: Ինչո՞ւ է այս բիզնեսը ձեռնտու: Նախ, այսօր տաքսի ծառայությունները, բացի հարկայինից, ոչ մի գերատեսչության առաջ որեւէ պարտավորություն չունեն: Տաքսու ուղեւորի իրավունքները կարող են ամեն քայլափոխի ոտնահարվել, օրինակ՝ վարորդները կարող են հաշվիչներն առաջ տալ ու ստիպել ուղեւորին վճարել: Նման դեպքերում չկա մի մարմին, որին կարող ես դիմել՝ տաքսի ծառայության դեմ բողոքով: Շատ-շատ կարող ես դիմել ծառայության տնօրենին, այն էլ՝ դժվար է ասել՝ կպաշտպանի հաճախորդի՞ն, թե՞ իր աշխատակցին: Տաքսի ծառայությունների մասին ինֆորմացիա գտնելը շատ դժվար է: Դրանք գործում են ոչ թե որպես ՍՊԸ-ներ, այլ՝ մյուս կազմակերպությունների նման՝ որպես իրավաբանական անձինք: Այս պատճառով էլ նրանց մասին տեղեկություններ չեն կարող տրամադրել ոչ պետռեգիստրը, ոչ ազգային վիճակագրական ծառայությունը, ո՛չ քաղաքապետարանը, ոչ էլ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Պետռեգիստրում տաքսի ծառայությունների մասին մեզ ընդհանրապես որեւէ տեղեկատվություն չկարողացան տալ՝ պատճառաբանելով, որ սա իրենց ոլորտը չէ, եւ վիճակագրական տվյալներ չունեն: Այնտեղից խորհուրդ տվեցին դիմել Հարկային պետական ծառայությանը, որտեղ տիրապետում էին տեղեկատվությանը զուտ իրենց մասով՝ Հայաստանում գրանցված քանի՞ տաքսի ծառայություն կա, որքա՞ն հարկ են վճարել, քանի՞ մեքենայով են աշխատում եւ այլն: Վերջերս լուրեր էր պտտվում, որ Երեւանում տաքսի-ծառայությունների գործունեության նկատմամբ վերջապես մի մարմին որոշել է հսկողության լիազորություններ ստանձնել: Խոսքը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության մասին է: Սակայն հիմա կարծես թե պլանները փոքր-ինչ փոխվել են, որովհետեւ այդ ընթացքում դաշտը կանոնակարգելու մասին «մտածողը»՝ վարչության պետ Տիգրան Ղազարյանն ազատվել է աշխատանքից, իսկ նոր պետն ու նրա դիրքորոշումները դեռեւս անհայտ են անգամ քաղաքապետարանի լրատվական բաժնին: «Արմինֆոն» օրերս լուրեր էր տարածել, թե վարչությունն արդեն մշակում է տաքսի-ծառայությունների գործունեության կարգավորման համակարգ, որտեղ հատուկ տեղ կհատկացվի տաքսու աշխատանքի ճշտորոշությանը, պատասխանատվությանը եւ ուղեւորին հասցվելիք վնասի փոխհատուցմանը: Գուցե պարոն Ղազարյանը նման մտահղացումներ իսկապես ունեցել է, բայց լրատվական բաժնում այդ մասին որեւէ տեղեկություն չունեին: Ինչ վերաբերում է նախարարության «տվյալների բազային», տրանսպորտի բաժնի պետ Կարլեն Սահակյանը տաքսի ծառայությունների խնդիրը համարյա փակված էր համարում՝ «դրանք կլիցենզավորվեն ու ըստ օրենքի կվերահսկվեն, ի՞նչ կա էդտեղ մտածելու»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել