Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՐՏՈՒՄ»

Սեպտեմբեր 21,2005 00:00

«ՀԱՅԱՐՏՈՒՄ» ՀԱՅ ԱՐՏԸ ԿՍԻՐԵՆ» Համոզված է կենտրոնի տնօրենը Երեւանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոնը նոր տնօրեն ունի՝ Ռիտա Շառոյանը: Նորանշանակ տնօրենը ներկայացրեց իր ծրագրերը, որոնցով պատրաստվում է «Հայարտում» իսկապես մշակութային մթնոլորտ ապահովել: – Երկարամյա լրագրողական «ստաժ» ունեք, դա որքանո՞վ կօգնի ձեզ աշխատել իբրեւ մշակութային օջախի տնօրեն: – Ես այնքանով եմ կապված արվեստի հետ, որ ժամանակին աշխատել եմ «Գրական թերթի» արվեստի, «Սովետական Հայաստանի» կրթության եւ մշակույթի բաժիններում, եղել եմ «Անդրադարձ» մշակութային շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը եւ շուրջ 15 տարի ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության միջոցով մշակութային կյանքը ներկայացրել եմ ամերիկահայությանը: – Ի՞նչ փոփոխություններ են լինելու «Հայարտում»: – Կաշխատեմ հնարավորություններիս չափով, որպեսզի «Հայարտը» իսկապես համապատասխանի իր անվանը: Առաջիկայում կազմակերպվելու են ցուցադրություններ տարբեր ոճերի ու ժանրերի՝ թե կիրառական արվեստի, թե ավանդական, թե ավանգարդ ու դասական: Այցելուները պիտի գիտենան, որ ամեն անգամ «Հայարտ» մտնելիս իրենց սպասելու է հետաքրքիր մշակութային իրադարձություն: – Եթե չեմ սխալվում՝ շենքն անմխիթար վիճակում է: – Արդեն քաղաքապետարանի կողմից նորոգված է սրահներից առաջինը, որտեղ մեր դասական նկարիչներից մեկի՝ Էդվարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրությունը կլինի: – Այսինքն՝ հիմնվելու է նոր թանգարա՞ն: – Ոչ, թանգարանը լրիվ ուրիշ միավոր է՝ իր աշխատակազմով, տնօրենով, բանկային հաշվեհամարով, արվեստաբանների հաստիքներով եւ այլն: Մեր պարագայում սրահում լինելու է ճանաչված նկարչի գործերի մշտական ցուցադրություն՝ «Հայարտի» կազմում: Ես շատ ուրախ եմ, որ ավագ սերնդի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը մեզ պետք է մշտապես իր մթնոլորտի հետ պահի: – Նախկին տնօրենի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: – Նորայր Այվազյանի հետ բարիդրացիական եւ ընկերական հարաբերությամբ ընդունում-հանձնում ենք կատարել: Երբ «Հայարտում» աշխատանքներն ավելի ծավալվեն՝ մենք կհամագործակցենք, կօգնենք մեկմեկու: – Գաղտնիք չէ, որ բոլոր, այդ թվում՝ մշակույթի ոլորտում, շատ հարցեր լուծվում են անձնական կապերի միջոցով… – Լիովին համամիտ եմ ձեզ հետ: Իմ օրինակով ասեմ, որ արդեն լուրջ պայմանավորվածություններ ունեմ իմ իտալահայ դիզայներ ընկերներից մեկի հետ: Նա պատրաստ է աջակցել սրահներից մեկի վերանորոգմանը, որտեղ պարբերաբար իտալա-հայկական համատեղ ցուցադրություններ կլինեն: Մի ընկեր էլ Սան-Ֆրանցիսկոյում ունեմ, պայմանավորվածություն կա սրահներից մեկում էլ բացել գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդես: Առայժմ ձեռնպահ կմնամ անուններ տալուց, որովհետեւ ամեն ինչ դեռեւս պայմանավորվածությունների փուլում է: Հրաշալի մտահղացումներ ունենք «Հայարտի» համահեղինակ, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետ, որոնց մասին կբարձրաձայնեն առաջիկայում: Մեր կենտրոնի կանոնադրությունը թույլ է տալիս նաեւ հիմնել կրթամշակութային հաստատություն, որտեղ երեխաները կարող են սովորել գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն, ձեռարվեստ, խեցեգործություն եւ այլն: Քանի որ տարածքում նման հաստատություն չկա, այդպիսով կլուծվի նաեւ երեխաների զբաղվածության խնդիրը, իսկ նրանց ուսման սիմվոլիկ գումարները «Հայարտի» բյուջեին օգուտ կբերեն: Անձնական կապեր ասելով՝ չեմ ուզում սահմանափակվել միայն դրսի կապերով, Հայաստանում էլ ունենք արվեստին մոտ կանգնած շատ ընկերներ, գործարարներ, կոլեկցիոներներ, որոնք ցանկություն են հայտնել համագործակցել: Շուտով լույս կտեսնի «Հայարտ» անունով մշակութային շաբաթաթերթ, կլինի «Հայարտ» հեռուստահաղորդաշար, նաեւ «HAYART CLUB» ենք հիմնելու: Հոկտեմբերի 6-ին Հայաստան է ժամանելու նշանավոր քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, որն էլ կլինի մեր ակումբի առաջին հյուրը: Ակումբում քննարկվելու են մշակութային կյանքի ամենակնճռոտ, ամենահրատապ հարցերը, ներկայացվելու են ժամանակակից հայ արվեստի հիմնահարցերից՝ մինչեւ նվաճումները եւ այդ ամենը ԶԼՄ-ների միջոցով պիտի հանրության սեփականությունը դարձնենք: Ես իրատես եմ, նաեւ համոզված, որ կարճ ժամանակահատվածում «Հայարտը» կդառնա Հայ արտ՝ հայ արվեստ սիրողների ամենասիրելի վայրերից մեկը: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել