Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Վ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 01,2005 00:00

Հարցազրույց
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի հետ – Եվրախորհրդարանի բանաձեւը՝
ուղղված Թուրքիային, որում ի թիվս այլ կարեւոր շեշտադրումների, նշվում է նաեւ, թե
ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ պայման է այդ երկրի ԵՄ անդամակցության համար,
ինչպե՞ս եք գնահատում: Եվ արդյո՞ք դա եղավ մեր կամքից անկախ: – Եվրախորհրդարանի
որոշումը տարիների հետեւողական աշխատանքի եւ քարոզչության արդյունք է, իհարկե՝ կան
քաղաքական նկատառումներ, կան որոշակի գլոբալ խնդիրներ, որոնք նպաստավոր իրավիճակ
են ստեղծել նման որոշումների ընդունման համար, բայց ընդունենք նաեւ, որ եթե չլինեին
հայ ժողովրդի աշխարհասփյուռ հատվածների՝ հայրենիքի միասնական արտահայտությունը եւ
տարիների հետեւողական ու միասնական աշխատանքը, ապա ինչքան էլ նպաստավոր իրավիճակ
լինի՝ նման որոշումների ընդունումը իսկապես անհնարին կլիներ: Ըստ էության՝ Եվրախորհրդարանը
վերահաստատեց 1987 թվականի իր հայտնի բանաձեւը, եւ չնայած սա ունի խորհրդատվական
նշանակություն, բայց արտահայտում է Եվրոպայի քաղաքական-հասարակական կարծիքը, եւ ձայների
ճնշող մեծամասնությամբ ընդունված այս բանաձեւը կարող է շատ լուրջ քաղաքական ազդեցություն
ունենալ մեր հարաբերություններում: Ըստ էության երկու հիմնահարց արդեն բավականին
հստակ դրվում է Թուրքիայի առջեւ՝ սահմանների անհապաղ բացում, որը շատ ավելի հետեւողական
եւ անվերապահ է ընդունվում, եւ արդեն այլ մակարդակի է բարձրացվում ցեղասպանության
ճանաչման խնդիրը: – Հնարավո՞ր է Եվրախորհրդարանի այս բանաձեւի դիմաց Հայաստանը
եւ Ղարաբաղը ստիպված լինեն շատ ավելի թանկ վճարել, այսինքն՝ չի՞ բացառվում, որ այս
մեծահոգության դիմաց նույն եվրոպական կառույցները մեզ առաջարկեն Ղարաբաղի հարցի այնպիսի
լուծում, որը ամենեւին էլ մեր շահերից չի բխի: – Չեմ կարծում, թե այդպես կլինի,
որովհետեւ նման հաջողությունները ուժեղացնում են հայկական գործոնը, եւ այս պարագայում
հնարավոր չէ կարեւոր, կենսական նշանակության մեկ այլ հարցում ամրագրել պարտություն:
Ինչքան էլ սրանք համահավասար, իրար հետ շարժվող խնդիրներ են, մեկի հաջողությունը
ուժեղացնում է մյուսի լուծման դիրքերը, երբեք չպետք է դիտարկել այն տեսանկյունից,
որ մեկի հաջողությունը կարող է կատարվել ի հաշիվ մյուսի: Սա ճիշտ մոտեցում չէ, ընդհակառակը,
մեր արտաքին քաղաքականությունը աշխատում է մի քանի ուղղություններով եւ մեկի հաջողությունը
ուժեղացնում է մյուսին: – Ջավախքում ստեղծված լարվածության մեջ ինչպիսի՞ դերակատարություն
ունի Հայ հեղափոխական դաշնակցությունը. գաղտնիք չէ, որ ձեր կուսակցությունը բավականին
ակտիվ է հատկապես այդ տարածքում: – Մեզ համար Ջավախքի հայության հիմնախնդիրներին
հետամուտ լինելը իսկապես սկզբունքային նշանակություն ունի, եւ Դաշնակցությունը կարողացավ,
հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, հստակ կերպով ե՛ւ միջազգային հանրությանը,
ե՛ւ մեր հասարակությանը ներկայացնել իր տեսակետները: Մենք գտնում ենք, որ, իրոք,
պատմական շանս կա Ջավախքը վերածել հայ-վրացական բարեկամության խորհրդանիշի: Եվ Վրաստանում
վերջին քաղաքական փոփոխություններից հետո այդ շանսը շատ ավելի իրական է: Եթե իսկապես
Վրաստանը փորձում է կառուցել ժողովրդավարական երկիր, ապա այդ երկրում չպետք է լինեն
տարբեր սորտի քաղաքացիներ: Սա սկզբունքային դիրքորոշում է: Եթե մենք խոսում ենք,
որ տարածաշրջանը գնում է դեպի եվրոպական ինտեգրացում, ապա մշակութային ինքնավարության
սկզբունքները ընդունված են ներկա քաղաքակիրթ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Եվ
ջավախահայության պահանջը շատ տարրական է, մարդիկ ուզում են շարունակել իրենց հայեցի
կյանքը, ուզում են ունենալ իրենց հայկական կրթահամակարգը, մշակութային համակարգը,
լինեն Վրաստանի լիարժեք քաղաքացիներ եւ չզգան որեւէ դիսկրիմինացիա: Եվ որեւէ մեկը
չի կարող ասել, որ այս պահանջները դրսից են ներարկվել Ջավախք: Իհարկե՝ կարող են լինել
շահարկումներ, շատերի շահերին դա ձեռնտու չէ, բայց մենք վստահ ենք, որ չկա ուժեղ
Հայաստան առանց միասնական եւ ուժեղ Վրաստանի եւ՝ հակառակը: Մենք գտնում ենք նաեւ,
որ Վրաստանի ուժեղացման գաղտնիքը ժողովրդավարացման եւ նաեւ ազգային փոքրամասնությունների
իրավունքների հարգման մեջ է: – Հանրաքվեի անցկացման ժամկետի փոփոխության հավանականության
մասին Արմեն Ռուստամյանի մի քանի անգամ արտահայտած միտքը զարմացնում է ձեր կոալիցիոն
գործընկեր, ՀՀԿ-ի փոխնախագահ Տիգրան Թորոսյանին, ի՞նչ նպատակով եք այնպիսի բաներ
ասում, որից նույնիսկ ձեր գործընկերներն են զարմանում: – Արմեն Ռուստամյանն
այդ միտքը մի քանի անգամ ասել է կոնկրետ կոնտեքստով, երբ խոսքը վերաբերում էր ընդդիմության
հնարավոր վարքագծին եւ քայլերին: Բայց, ըստ էության, նմանատիպ որոշում կամ դիրքորոշում
ՀՅԴ-ն չունի: Դա տարբերակներից մեկն էր, որը, իմ կարծիքով, Արմեն Ռուստամյանն ասել
էր, երբ ընդդիմությունը փորձում էր անցնել բոյկոտի կամ «Ոչ»-ի քաղաքականությանը,
փորձ էր ասել, որ Սահմանադրությունը միայն իշխանության խնդիրը չէ, եւ եթե մենք փաստաթղթից
իսկապես գոհ ենք, եթե համարում ենք, որ սա մեկ քայլ առաջ է եւ մեր երկրին կբերի որոշակի
նոր հնարավորություններ, ապա բոլորը պետք է մտահոգված լինեն: Հակառակ պարագայում
հանրաքվեի անցկացումը, որպես այդպիսին, դառնում է անիմաստ: Իսկ հիմա, երբ արդեն Սահմանադրությունն
անցել է երրորդ ընթերցմամբ, այդպիսի խոսակցություն չի կարելի վարել, շուտով կլինի
նախագահի կողմից վավերացումը եւ գործելու է կանոնակարգային գրաֆիկը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել