Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրում են «Նիսսան», վարում են բեռնատար

Հոկտեմբեր 01,2005 00:00

Սիրում են «Նիսսան», վարում են բեռնատար Տղամարդկանց «ամենահարգված» մեքենան «Նիսսան» ջիպն է, իսկ կանայք նախընտրում են «Պեժո» Սեպտեմբերից, ուսումնական շրջանի բացման հետ, Ալեք Մանուկյանի փողոցը նորից վերածվել է շքեղ ու թանկարժեք մեքենաների կայանատեղի: Այդ փողոցում մի քանի ուսումնական հաստատություններ կան՝ Երեւանի պետական համալսարանը, Ժողինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մի մասնաշենքը եւ այլն: Ուսանողներից շատերը բուհ հաճախում են սեփական մեքենաներով: Ուստի՝ պարզելու, թե ինչ մեքենաներ են նախընտրում այսօրվա մեր երիտասարդները, բավական էր պարզապես այցելել բուհերի «ավտոպարկ»: Մեր ուսումնասիրություններով՝ առավոտյան ժամերին հատկապես ԵՊՀ-ի շրջակայքում հիմնականում գերակշռում են «բի-էմ-դաբլյուները», «մերսեդեսները», «ջիպերն» ու «համմերները», իսկ կեսօրին կայանում են համեմատաբար էժան մեքենաներ՝ «նիվաներ» ու «06»-եր: Մեքենաների մակնիշների փոփոխությունն օրվա տարբեր ժամերի այնքան էլ պատահական չէ, քանի որ առավոտյան բուհ հաճախում են հեղինակավոր ֆակուլտետների՝ միջազգային հարաբերությունների, ռոմանագերմանականի ու իրավաբանականի, իսկ երկրորդ հերթով գալիս են ժուռնալիստիկա, բանասիրական եւ նման ֆակուլտետների ուսանողները: Հարցումներից պարզեցինք, որ, այնուամենայնիվ, երիտասարդ տղաների ամենասիրած մեքենան «սեւ բանտաժներով Նիվան» է, իսկ աղջիկների կարծիքները տարբեր էին. ոմանք նախընտրում են սպորտային, ոմանք էլ՝ պարզապես «փափուկ» մեքենաներ, օրինակ՝ «Օփել»: «Արմենիա-Լադա» ընկերության մարքեթինգի բաժնից Կարեն Նալչաջյանը մեզ տեղեկացրեց, որ առհասարակ հայ տղամարդկանց ու կանանց ճաշակը, իրենց վիճակագրությամբ, մի փոքր տարբերվում է մեր ուսումնասիրություններից: Ըստ ընկերության տեղեկատվության, հայ ունեւոր տղամարդիկ գերադասում են գնել «Նիսսան» ջիպեր, իսկ կանայք խելագարվում են «Պեժոյի» համար: Չնայած, պարոն Նալչաջյանի խոսքերով, «վերջերս տենդենց կա, որ «Պեժոն» Հայաստանում իր տեղը սկսում է զիջել «Ռենո-կլիոյին», որովհետեւ կանայք սկսել են արդեն հետաքրքրվել այդ փոքր ու շատ սիրուն մոդելով»: Կարծիք կա, որ կանանց շրջանում առայժմ առավել մեծ համբավ են վայելում «Պեժո-206» եւ «Պեժո-307» մոդելները կամ «կաբրիոլետ» տարբերակները: «Արմինֆոյին» տված հարցազրույցում «Արմենիա-Լադայի» գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Շահմուրադյանը հայտնել էր, որ Հայաստանում ճապոնական «Նիսսան» մեքենան, որի արժեքը 50000-80000 դոլար է, գնում են հիմնականում բանկիրները, գործարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները. «Այդ մեքենաները ոչնչով չեն զիջում գերմանական նմանակներին, իսկ իրենց գնով նույնիսկ մրցակցում են դրանց հետ, քանի որ գերմանական մեքենաները ձեռք են բերվում եվրոյով, իսկ ճապոնականը՝ ամերիկյան դոլարով, ինչը դրանք ավելի էժան է դարձնում»: Հաշվի չառնելով, թե ինչ մեքենաներ են այսօր սիրում մեր համաքաղաքացիները՝ Երեւանի քաղաքապետարանը «մի գլուխ» բեռնատարներ ու ավտոբուսներ է ներմուծում Հայաստան: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը վերջերս հայտնել էր, որ մինչեւ տարեվերջ ներմուծելու են եւս 100 նոր ավտոբուս: Բացի այդ, բելառուսական «ՄԱԶ» ընկերության կողմից Հայաստան են արտահանվելու 100 բեռնատարար եւ ինքնաթափ, որից 30-ն արդեն բերվել է: Իհարկե, այս մեքենաների ներմուծումն այնքան էլ ինքնանպատակ չէ, դրանք մեծ պահանջարկ են վայելում հատկապես շինարարական կազմակերպությունների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Երեւանի կոնյակի գործարանի կողմից: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել