Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն

Հոկտեմբեր 06,2005 00:00

Ո՞րն է երաշխիքը Երեկ Միջազգային ճգնաժամային խմբի հարավկովկասյան ծրագրի տնօրեն Սաբին Ֆայզերը կրկին հանդիպեց հայ լրագրողների հետ: «Ղարաբաղյան փակուղուց ելք կարող էր դառնալ այնպիսի համաձայնագրի կնքումը, որը կկարգավորեր հակամարտությունը փուլ առ փուլ եւ կհետաձգեր ԼՂ վերջնական կարգավիճակի մասին որոշման հարցը մինչեւ գործընթացի ավարտը: Հայերը հետզհետե դուրս կբերեին զորքերը գրավյալ տարածքներից, որոնք կանցնեին միջազգային վերահսկողության տակ: Իրենց տները կվերադառնային տեղահանված անձինք: Համաձայնագիրը կնախատեսեր, որ ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո Ղարաբաղի բոլոր բնակիչները՝ հայերը եւ ադրբեջանցիները, որոնք ապրել են այնտեղ մինչեւ 1991 թվականը, հնարավորություն ստանան հանրաքվեի ժամանակ արտահայտվել տարածաշրջանի վերջնական կարգավիճակի վերաբերյալ: Միջազգային երաշխիքների ներքո բոլոր կողմերը պարտավորություն կստանձնեին համաձայնվել այդ հանրաքվեի արդյունքների հետ, նույնիսկ, եթե այն հանգեցներ այդ տարածքի անկախության հռչակմանը»: Սա հատված էր Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փոխնախագահ Ալեն Դելետրոզի՝ շվեյցարական Le Temps թերթում հրապարակված «Ատելության քարոզչության դադարեցումը. խաղաղության պայմանները Լեռնային Ղարաբաղում» հոդվածից: Աշխարհի ամենատարբեր անկյուններում բոցկլտացող զանազան հակամարտությունների հետազոտման եւ խորհրդատվության հարուստ փորձ կուտակած այս կազմակերպությունն արդեն իսկ երկու համապարփակ զեկույց է պատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ունեցած իրենց պատկերացումների, լուծման հնարավոր տարբերակների, խանգարող կամ նպաստող գործոնների եւ լուծման համար նպաստավոր (կամ աննպաստ) հասարակական վերաբերմունքի մասին: Երեկ, այսպես ասենք՝ ղարաբաղյան խնդիրների լուսաբանման ուղղությամբ մասնագիտացած մի քանի լրագրող հանդիպեցին ICG հարավկովկասյան ծրագրի տնօրեն Սաբին Ֆայզերին, որի հետ լրացուցիչ քննարկեցին ղարաբաղյան կարգավորման որոշ ասպեկտների հետ կապված մի քանի հարցեր: Ու քանի որ Ֆայզերի գնահատականների մեծ մասը ճշտորեն համընկնում էին վերը բերված մեջբերման հետ, անդրադառնամ միայն «Առավոտի» կողմից հնչեցված հարցերից մեկի պատասխանին: Որո՞նք են անվտանգության այն հստակ, համոզիչ երաշխիքները, որ Ղարաբաղի հայությունը միջազգային հանրությունից կարող է ստանալ՝ տեսականորեն փուլային տարբերակին համաձայնելու դեպքում: Պատասխան. նախ՝ երաշխիքները երբեք եւ ոչ մի տեղ բացարձակ չեն կարող լինել: Ապա՝ լուրջ երաշխիք կարող է ծառայել պատերազմական ժամանակների լիազորություններով օժտված միջազգային խաղաղապահ զորախումբը: Վերջապես՝ ամենակարեւոր երաշխիքը, ըստ Ֆայզերի, կլինի Ադրբեջանի մասնակցությամբ խաղաղության այնպիսի համաձայնագրի կնքումը, որի կատարումը մշտապես կլինի միջազգային հսկողության տակ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31