Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻ

Հոկտեմբեր 19,2005 00:00

ԱՅՍՊԻՍԻ «ՇՈՒՐՋՊԱՐԻ ՄԹՆՈԼՈՐՏ» Թերեւս խորհրդանշական է, որ «Արդարությունը» սահմանադրական հանրաքվեին իր հակաքարոզչությունը սկսեց հենց Արագածից, որտեղ անցկացվել էր միասնության շուրջպարը, եւ որի մթնոլորտի ու հանրաքվեի միջեւ զուգահեռ էր անցկացրել Ռոբերտ Քոչարյանը: Այս առաջին հանդիպումը ծրագրված էր Արագածի նախկին կենտրոնում՝ Ծաղկահովիտում, սակայն Գեղաձորի բնակիչները խնդրել էին գյուղ այցելել իրենց թեկնածու Ստեփան Դեմիրճյանին, հօգուտ որի նախագահական ընտրություններում տվել էին իրենց ձայները: Նախատեսվող այցի մասին լուրը բավական էր եղել, որ ըստ ՀԺԿ տարածքային կազմակերպության քարտուղարի՝ ոստիկաններն ու ազգային անվտանգության աշխատակիցները 2 օր շարունակ տուն առ տուն անցնելով մարդկանց պատվիրեին դուրս չգալ հանդիպման (ի դեպ, ԱԱԾ աշխատակիցը, որին գեղաձորցիները մատնացույց էին անում, ներկա էր ոչ միայն այստեղ, այլեւ իր մեքենայով ուղեկցեց «Արդարությանը» նաեւ մյուս հանդիպման ժամանակ): Այսուհանդերձ՝ գյուղի շուրջ 300 բնակիչներից, որոնց կեսից ավելին մեկնել էին արտագնա աշխատանքի՝ հանդիպմանը մասնակցում էին մոտ 50 հոգի: Ստեփան Դեմիրճյանի առաջին իսկ հարցին՝ «Ծանո՞թ եք սահմանադրական փոփոխություններին», գյուղացիները, որոնք հաստատ չէին ընթերցել նախագիծը՝ պատասխանեցին. «Մենք մտածում ենք, թե «ոչ»-ն ավելի լավ է», «մենք կասենք «ոչ»՝ էսքանը մենք ենք երաշխավոր, բայց շոշից ներքեւ դուք երաշխավորություն վերցրեք ձեր վրա: Մեր «ոչ»-ը շոշն անցնի՝ հանկարծ էլի կդառնա «այո»: Վերջին պնդման համար գյուղացիների համար նախադեպ էր դարձել նախագահական ընտրություններում կատարվածը, երբ ընտրել էին Ստեփան Դեմիրճյանին, սակայն, իրենց պնդմամբ՝ ոստիկանապետը քվեաթերթիկներ լցրեց եւ փոխեց քվեարկության արդյունքները: Եվ այժմ Գեղաձորի բնակչուհիներից մեկն ասաց. «Ես որ այդ մարդուն չեմ սիրում՝ նրա առաջարկած բանն ինչի՞ ընդունեմ, ինչի՞ս է պետք՝ իր առաջարկած սահմանադրությամբ»: «Արդարություն» խմբակցության ղեկավարն այս ամենից եզրակացրեց, որ մարդիկ արդեն կողմնորոշված են, եւ քարոզչության կարիք էլ չկա. «Ժողովուրդն առանձնապես չի էլ խորանում՝ նա իր բողոքն է արտահայտում «ոչ» ասելով»: Այսուհանդերձ՝ հավելյալ փաստարկներ ներկայացրեց՝ հիմնավորելու համար իրենց դիրքորոշումը: «Վստահության մթնոլորտի ձեւավորման առումով այս իշխանությունները ոչ մի քայլ չարեցին: Մենք պահանջում էինք (նաեւ Եվրոպայի խորհուրդն էր պահանջում) պատժել ընտրակեղծարարներին ու բռնություններ իրականացրած մարդկանց,- նշեց Ստեփան Դեմիրճյանը:- Բացի դրանից՝ զուտ բովանդակության առումով էլ ունենք էլի լուրջ վերապահումներ: Եվ երբ ասում են, թե «ոչ» են ասում միայն այն պատճառով, քանի որ իշխանությանն են դեմ՝ այդպես չէ: Իհարկե, այս իշխանությունը Սահմանադրության առաջին խախտողն է, բայց բովանդակության առումով էլ վերապահումներ ունենք, եւ կան կետեր, որոնք մեզ համար անընդունելի են»: Ե՛վ նա, ե՛ւ իր ուղեկիցները՝ «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Ալբերտ Բազեյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Թաթուլ Մանասերյանն այս հանդիպումների ընթացքում շարադրեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի առնչությամբ իրենց վերապահումները, որոնք վերաբերում էին ժողովրդին հանրաքվեի իրավունք չընձեռելուն, նախագահի անձեռնմխելիությանը եւ այլն: «Այս նախագծի 81 հոդվածի համաձայն՝ նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը կարող է փոփոխության ենթարկել Հայաստանի պետական սահմանը: Դա մեզ համար անընդունելի է. միայն այդ կետի համար արդեն մենք կարող ենք ասել «ո՛չ»: Այդ իրավունքը պետք է տրվի միայն ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: Իսկ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթների համար ընտրել էր հարցուպատասխանի ոճը: «Ե՞րբ եք շնորհակալ լինում իշխանությունից: Երբ այն բավարարում է ձեր կարիքները, եւ այդ դեպքում դուք վստահում եք իշխանությանը, գնում եւ քվեարկում այնպես, ինչպես ասում է նա: Հիմա գո՞հ եք այսօրվա իշխանությունից»: «Ո՛չ»,- բացականչեցին Ծաղկահովիտի շուրջ 200 բնակիչները: «Առիթ ունե՞ք ասելու՝ «այո»,- հարցրեց Արամ Սարգսյանը: Դարձյալ հետեւեց պատասխան՝ «Ո՛չ»: Եվ Արամ Սարգսյանը եզրափակեց. «Ուրեմն՝ այդ «ոչ»-ն էլ պիտի ասեք: Պետք չի լսել նրանց, թե իբր, ա՜յ, փոփոխությունները մի քայլ առաջ են, ա՜յ, Եվրոպան հանկարծ մեզ չի հարգի, հա՜յ-հա՜յ, թե սա պետության դեմ է՝ Տիգրան Թորոսյանն իրեն պատռում եւ ասում է, թե պետության դեմ քայլեր մի՜ արեք»: ՀԴԿ նախագահը բացատրեց, որ եթե 2003-ի հանրաքվեի պես սա էլ տապալվի՝ «Միջազգային հանրությունն այլեւս չի վստահի այս իշխանությանը, քանի որ նրան չի վստահում ժողովուրդը»: Ստեփան Դեմիրճյանը հանդիպումների ընթացքում եւս մի փաստարկ էր նշում, թե եվրոպական արժեքներից են խոսում ընտրություններ կեղծողները: Ընդունեց, որ որոշ փոփոխություններ «թղթի վրա շատ սիրուն ձեւակերպված են», դրական են. «Եվ եթե դրվեին առանձին-առանձին՝ կարող է, շատ կետերի ասվեր «այո»: Սակայն դարձյալ ընդգծեց, որ այս ամենը չունի նշանակություն. «Սահմանադրությունը թղթի կտոր է դարձել մեր երկրում: Որտե՞ղ է երաշխիքը, որ կատարվելու է այս փոփոխված Սահմանադրությունը: 2 տարի է՝ ասում էին, թե «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխվի՝ ընտրությունների որակն ուրիշ կլինի, կանցկացնեն լավ ընտրություններ: Տեսա՜նք այս վերջին ընտրությունները՝ սպանություններով, առեւանգումներով, բաց քվեարկություններով… Ի՞նչն է փոխվել: Ուրեմն, առաջին հերթին ոչ թե Սահմանադրությունը եւ ԸՕ-ն պետք է փոխվեն, այլ ուրիշ բան: Քանի որ ոչ թե Սահմանադրությունն է խոչընդոտը մեր երկրի զարգացման համար, այլ մի խումբ մարդիկ՝ նրա՛նց է պետք առաջին հերթին փոխել, հեռացնել»: Վերջում նշենք, որ եթե այս քարոզչական այցի ընթացքում ինչ-որ մթնոլորտ վերստեղծվեց էլ՝ նախագահական ընտրությունների հանդիպումների մթնոլորտն էր: Քանզի ինչպես 2003-ի այցերի ժամանակ՝ այս անգամ էլ Ծաղկահովիտի բնակիչները, որոնց 80 տոկոսն էլի իրենց ձայնը տվել էր Ստեփան Դեմիրճյանին՝ «Արդարությանը» գյուղի մուտքի մոտ դիմավորեցին ձիերով, եռագույն դրոշներով, իսկ հետո՝ նաեւ զուռնա-դհոլով, աղուհացով ու գինով: Եվ ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ՝ էլի գառ մորթեցին Ստեփան Դեմիրճյանի ոտքերի մոտ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել