Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ

Հոկտեմբեր 19,2005 00:00

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՞ Վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանին: Ըստ դատախազության ուսումնասիրության արդյունքների, «բազմաթիվ օբյեկտներ կառուցվել են առանց հողհատկացման նախագծի, շինարարության թույլտվության, շինարարության համար արգելված գոտիներում»: Իսկ որ ուշադրության արժանի է՝ մի շարք օբյեկտների հողհատկացումներ կատարվել են առանց ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցնելու: Նշվել է, որ միայն Երեւանում գազատարների վրա եւ դրանց անվտանգության գոտիներում կառուցվել է 140 շինություն, բարձրավոլտ օդային գծերի անվտանգության գոտիների տարածքում՝ 200-ից ավելի: «Չնայած ըստ գործող օրենսդրության՝ Երեւանում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը մտնում է Երեւանի քաղաքապետի գործառույթների մեջ, սակայն մի շարք օբյեկտների հատակագծային առաջադրանքներ տրվել են թաղապետերի կողմից»,- ասվում է միջնորդագրում: Նշված խախտումների համար որեւէ մեկը վարչական պատասխանատվության չի ենթարկվել: Ցցուն օրինակներից մեկը Երեւան քաղաքի Ամիրյան 27 հասցեում կառուցվող 4 մասնաշենքերից բաղկացած 9, 11 եւ 17 հարկանի բնակելի տներն էին, որոնք, ըստ ՀՀ սեյսմիկ նորմերի, նախատեսված էին երկաթբետոնով իրականացնել մինչեւ 9 հարկանի շենքերի համար: Արձանագրվել է, որ պարբերաբար խախտումներ կատարած «Հիդրոշինարար- 5 ՇՊՁ» ՓԲԸ-ի լիցենզիան կասեցվել է փետրվարի 17-ին, սակայն ՓԲԸ-ն իրականացրել է 110 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Բերվում է մեկ այլ օրինակ. Կոմիտասի պողոտայի եւ Ռիգայի փողոցների հատման մասում բազմահարկ բնակելի շենքի վերնահարկի կառուցման աշխատանքներում կապալառու «Ինժգարանտ» ՍՊԸ-ի կողմից շենքի վերնահարկի մետաղական հիմնակմախքը իրականացվել է նախկինում օգտագործված տարրերով: Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքի կենտրոնում նման բացահայտ խախտումներով շինարարությունն իրականացնում են օլիգարխներն ու բարձրագույն իշխանավորների մերձավորները: Սակայն դատախազությունում որեւէ անուն առայժմ չեն նշում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել