Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերը մեռնում են կանգնած

Հոկտեմբեր 26,2005 00:00

Ծառերը մեռնում են կանգնած Որովհետեւ ժամանակին չեն հատվում Երկու օր առաջ Արաբկիր համայնքի Ազատության եւ Բաբայան փողոցների հարակից տարածքում մոտ 50-60 տարեկան չորացած մի ծառ կոտրվել էր ու ընկել մայթին: Այս առնչությամբ թաղապետարանի «Արաբկիր բարեկարգում» ընկերության կանաչապատման տեղամասի պետ Մելս Գալստյանն «Առավոտին» ասաց, որ ծառն ընկել է քամու հետեւանքով: Նկատենք, որ վերջին 3-4 օրերին ուժեղ քամիներ չեն եղել: Ինչպես հաստատեցին «Հայպետհիդրոմետ» կազմակերպությունից, վերջին ուժեղ քամիները մայրաքաղաքում գրանցվել են 7-8 օր առաջ: Փաստորեն ծառը երկար ժամանակ չորացած ու վթարային է եղել, եւ քանի որ այն ժամանակին չի հատվել՝ նույնիսկ թեթեւ քամուց ընկել է: Միայն անցյալ շաբաթ քամիների հետեւանքով տարբեր համայնքներում մոտ տասը չորացած ու վթարային ծառ է կոտրվել: Մի քանի օր առաջ էլ դրանցից մեկն ընկել էր Կիեւյան փողոցի Գյուղնախագիծ ինստիտուտին հարակից շենքի վրա՝ վնասելով շենքի ապակիները: Անցյալ տարի էլ, կրկին աշնանը, «Այրարատ» կինոթատրոնի մոտ չորացած ծառն ընկավ եւ «ճխլեց» մի ավտոմեքենա: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ, գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանի տվյալներով՝ այսօր մայրաքաղաքում մոտ 450 հատման ենթակա չորացած ու վթարային ծառ կա: Դրանք ցանկացած պահի կարող են ընկնել մարդաշատ մայթերին, շենքերի, մարդկանց վրա: Ըստ կարգի՝ չորացած ծառերը հեռացնելու պարտականությունը՝ քաղաքապետարանի բնապահպանության վարչության «դաբրոյով», պետք է կատարեն թաղապետարանները: Պատասխանատուները անպիտան ծառերի՝ ժամանակին չհեռացնելը կապեցին տեխնիկական եւ ֆինանսական խնդիրների հետ: Օրինակ՝ Ս. Մաքսապետյանի խոսքերով, Ճարտարապետաշինարարական համալսարանին հարակից զառիվայրին 2-3 վթարային ծառ կա, սակայն շրջապատի համար վտանգավոր լինելով հանդերձ երկար ժամանակ չեն հատվել՝ համապատասխան տեխնիկա չունենալու պատճառով: Ըստ գլխավոր դենդրոլոգի՝ եւ սանիտարական էտումները, եւ ոչ պիտանի ծառերի հեռացումը պետք է իրականացվի օգոստոսից մինչեւ հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում, քանի դեռ տերեւաթափ եւ աշնանային քամիներ չեն սկսվել: Սակայն հակառակ մասնագիտական պնդումների՝ այս տարի քաղաքապետարանը նախատեսել է չոր ծառերի հեռացման ծրագիր իրականացնել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Արդյունքը եղավ այն, որ սովորականից մի քիչ ուժեղ քամին ինքը «սանհատում» արեց՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով քաղաքի համար: Թաղապետարանների ներկայացուցիչների հավաստմամբ՝ հատված ծառերը որպես վառելափայտ բաժանելու են համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել