Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Նոյեմբեր 04,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԻԱՑՆՈՒՄ ԵՆ Իսրայելում շարունակվող շախմատի աշխարհի թիմային 6-րդ առաջնությունում երեկ Հայաստանի ազգային հավաքականը երրորդ տուրում հանդիպեց մարզաձեւի համաշխարհային օլիմպիադայի եւ աշխարհի չեմպիոն Ուկրաինայի թիմին , որի կազմում են այնպիսի հանրաճանաչ գրոսմայստերներ, ինչպիսիք են Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը, Անդրեյ Վոլոկիտինը, Պավել Էլյանովը, Ալեքսանդր Մոիսեենկոն եւ Սերգեյ Կարյակինը: Ճիշտ է, մրցակիցը երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում ինը հավաքականների մեջ 2,5 միավորով զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը, սակայն այն պատճառով, որ հենց մեկնարկային տուրում ազատ էր: Ներգրավվելով պայքարի մեջ՝ ուկրաինացիները 2,5:1,5 հաշվով առավելության հասան ԱՄՆ-ի նկատմամբ: Ավելորդ է ասել, թե աշխարհի առաջնության ավարտին մրցաշարային աղյուսակում հավաքականների վերջնական դասավորության հարցում որքան կարեւոր նշանակություն ուներ օրվա կենտրոնական այս մրցամարտի արդյունքը: Ուկրաինայի հավաքականը իր միջին գործակցով՝ 2684, զիջում է միայն Ռուսաստանին (Հայաստանը 2650 միավորով երրորդն է): Սակայն Հայաստանի ընտրանին փայլուն կերպով սենսացիոն հաղթանակ տոնեց՝ 2,5:1,5, ու պահպանեց դիրքերը երկրորդ հորիզոնականում: Ուկրաինացիները դեռ երկար կհիշեն այս մրցամարտը: Հիմա դժվար է ստույգ ասել, սակայն մրցակից հավաքականի մարզիչները, գուցե, չկասկածելով հաղթանակին՝ որոշել էին հանգստանալու հնարավորություն ընձեռել երկրորդ տախտակի առջեւ հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին, որի համար էլ դաժանորեն պատժվեցին: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը իրեն բնորոշ գեղեցիկ ոճով պարտության մատնեց ուկրաինացիների առաջատար Վասիլի Իվանչուկին՝ դրանով, փաստորեն, ապահովելով մեր թիմի հաղթանակը: Խաղաղ ելք ունեցան Անդրեյ Վոլոկիտին-Վլադիմիր Հակոբյան, Կարեն Ասրյան-Ալեքսանդր Մոիսեենկո, Սերգեյ Կարյակին-Աշոտ Անաստասյան պարտիաները: Մյուս զույգերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Չինաստանի տղամարդկանց հավաքական-Կուբա՝ 3,5:0,5, Ռուսաստան-Վրաստան՝ 2,5:1,5, Չինաստանի կանայք-Իսրայել՝ 1,5:2,5: Չորրորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել. 1. Ռուսաստան՝ 8,0 միավոր 2. Հայաստան՝ 7,5 3. Չինաստան (տղամարդիկ)՝ 7,5 4. Իսրայել՝ 6,0 5. Կուբա՝ 4,5 6. ԱՄՆ՝ 4,0 7. Ուկրաինա՝ 4,0 8. Վրաստան՝ 4,0 9. Չինաստան (կանայք)՝ 2,5 Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցությունն անչափ մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ շախմատասերների շրջանում: Ուստի նպատակահարմար ենք համարում ներկայացնել մրցումների գրաֆիկն ըստ օրերի: Այսօր չորրորդ տուրի զույգերն են. ԱՄՆ-Հայաստան, Իսրայել-Չինաստանի տղամարդկանց հավաքական, Ուկրաինա-Ռուսաստան, Վրաստան-Չինաստանի կանանց հավաքական: 5-րդ տուր. Չինաստանի տղամարդիկ-Վրաստան, Կուբա-Իսրայել, Չինաստանի կանայք-Ուկրաինա, Ռուսաստան-ԱՄՆ: Հայաստանն այս տուրում ազատ է: 6-րդ տուր. Ուկրաինա-Չինաստանի տղամարդիկ, Վրաստան-Կուբա, Հայաստան-Ռուսաստան, ԱՄՆ-Չինաստանի կանայք: 7-րդ տուր. Իսրայել-Վրաստան, Չինաստանի կանայք-Հայաստան, Կուբա-Ուկրաինա, Չինաստանի տղամարդիկ-ԱՄՆ: 8-րդ տուր. Հայաստան-Չինաստանի տղամարդիկ, ԱՄՆ-Կուբա, Ուկրաինա-Իսրայել, Ռուսաստան-Չինաստանի կանայք: 9-րդ տուր. Չինաստանի տղամարդիկ-Ռուսաստան, Կուբա-Հայաստան, Վրաստան-Ուկրաինա, Իսրայել-ԱՄՆ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել