Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՎԱԿԱՆ

Փետրվար 03,2006 00:00

ԲԱՎԱԿԱՆ Է ԲԱՑԵԼ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի՝ այդքանն էլ բավական կլինի խախտումների իրական ծավալը հաստատելու համար: Հունվարի 18-ին Ֆելիքս Խաչատրյանը հանդես եկավ հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների մասին բացահայտումներով ու փաստերով: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արձագանքներ են եղել իրավապահ մարմիններից. «Ցավոք, որեւէ ձեւով չարձագանքեցին: Ասուլիսից հետո հետաքրքրություն ցուցաբերեց միայն NDI կազմակերպությունը»: Փաստորեն, միայն ամերիկացիներին է հետաքրքրել հրապարակված փաստերի հիմնավորվածությունը: «Ավելի շատ անհերքելի փաստեր կան: Կուտակվել է հսկայական նյութ,- ասաց պրն Խաչատրյանը եւ թվարկեց մի քանի օրինակներ:- Նույն համարի քվեաթերթիկները եղել են ե՛ւ 14, ե՛ւ 20 ընտրատարածքներում՝ Ապարանի Ծաղկահովիտ գյուղում եւ Էջմիածնի գյուղերից մեկում: 3-րդ ընտրատարածքի տարբեր տեղամասերում եւս եղել են նույն համարների քվեաթերթիկներ: Այդ ընտրատարածքի արձանագրություններում չկան 10400 քվեաթերթիկների համարներ. ստացել են 61 հազար քվեաթերթիկ, իսկ 10 հազարինը չկա: Այս բոլոր պնդումները հիմնավորված են փաստաթղթերով: Ամերիկացիները հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին, թե դիմե՞լ ենք դատախազություն: Պատասխանեցի, թե ԱԺ-ում ստորագրություններ ենք հավաքում, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով. թող դրա հետ համագործակցեն թե՛ արդարադատության նախարարության, թե՛ դատախազության, թե՛ ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները: Ուսումնասիրվեն մեր ներկայացրած խախտումները, որից հետո նյութերը կարող են փոխանցվել դատախազություն: Բայց արդյոք մեր ասուլիսը եւ դրա վերաբերյալ հանգամանալից հրապարակումները բավարա՞ր նյութ չէին դատախազության համար, որ գործ հարուցեին»: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտին» ասել էր, թե խախտումները բացահայտելու եւ պատժելու իրավական միակ հնարավորությունն, այնուամենայնիվ՝ դատախազության քննությունն է: Ըստ նրա՝ ժամանակավոր հանձնաժողովները ոչինչ չեն կարող անել՝ հաշվի առնելով «ԱրմենՏելի», «մազութի գործի» կամ «հոկտեմբերի 27-ի» հանձնաժողովների փորձը, նաեւ այն, որ ժամանակավոր հանձնաժողովներն ունեն սահմանափակ լիազորություններ, որոնք հնարավորություն չեն տալիս անցկացնել նորմալ քննություն: Սակայն Ֆելիքս Խաչատրյանն առարկեց. «Թույլ տվեք չհամաձայնել պրն Թորոսյանի հետ: Թող խորհուրդ չտա՛ ընդդիմությանը: Սա ո՛չ «մազութի», ո՛չ էլ ուրիշ մի գործ է: Սա «թարմ» գործ է՝ տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին: 1922 կնքված պարկերը գտնվում են ՀՀ պետական արխիվում, եւ հույս ունեմ, որ դեռ չեն հասցրել մտնել պարկերի մեջ ու փոխել քվեարկության փաստաթղթերը: Եվ ժամանակավոր հանձնաժողովը քննությամբ չէ, որ պետք է զբաղվի: Այն պիտի կատարի մի մեծ ընտրական հանձնաժողովի աշխատանք՝ բացի այդ պարկերը եւ համոզվի արձանագրության համապատասխանությունը պարկում առկա սկզբնական փաստաթղթերին: Հանձնաժողովի խնդիրը նաեւ արձանագրություններում առկա աղաղակող փաստերը պարզելն է: Ասենք, արձանագրության մեջ գրված է, որ ստացվել է 1800 քվեաթերթիկ, բայց տակը գրված է ընդամենը 35 քվեաթերթիկի ելունդների համարներ՝ այս հակասությունը պարզելու համար ընդամենը պետք է բացել այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի պարկը եւ համոզվել, թե իսկապես կա՞ն այդ քվեաթերթիկները: Իմ կարծիքով, այդ 35-ն ընդամենը քվեարկությանը մասնակցած թերթիկների համարներն են»: Այսուհանդերձ՝ Տիգրան Թորոսյանն ինքնախաբեություն է համարում հանձնաժողով ստեղծելը, երբ հայտնի է, որ դրա «աշխատանքի արդյունքում կլինեն ելույթներ, կլինի մի հաշվետվություն, եւ դրանով ամեն ինչ կավարտվի»: ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչը դարձյալ չհամաձայնեց. «Շատ ներողություն, եթե հանձնաժողովը զեկուցի, որ անհետացել է այսքան քվեաթերթիկ կամ 2 մլն-ից 1 միլիոնը քառապատիկ ծալված չէ՝ հենց այնպես գցված է պարկերի մեջ, դրանից հետո ուղղակի պետք կլինի, որ ԱԺ-ն եւ իշխանությունը կամք հանդես բերեն»: Ընդհատեցինք՝ հետաքրքրվելու համար, թե արդյոք նման փաստե՞ր էլ կան: Ի պատասխան պրն Խաչատրյանը հիշեցրեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի վկայությունը, թե տրցակներով քվեաթերթիկներ է տեսել տուփում. «Այ, թեկուզ միայն Երեւանի 6/01 տեղամասը բացվեր… Քվեարկությանն իսկապես մասնակցածները ցուցակում իրենց անվան դիմաց՝ շրջված, հակառակ են ստորագրում: Իսկ այս տեղամասում այնքան են շտապել կեղծել, որ ցուցակում իրար հետեւից ուղիղ շարել են ստորագրությունները, որոնք անմիջապես տարբերվում են»: Նույն ԵԽԽՎ ներկայացուցիչները, որոնք արձանագրել են այս խախտումները տվյալ տեղամասում, ԵԽԽՎ Դիտարկման հանձնաժողովի հունվարի 31-ի հայտարարությամբ ափսոսանք հայտնեցին, որ ընդդիմությունն իր ներկայացուցիչներին հետ կանչելով ընտրական հանձնաժողովներից՝ «ինքն իրեն զրկեց կեղծիքների եւ չարաշահումների վերաբերյալ իր բողոքները դատարանում ներկայացնելու հնարավորությունից»։ ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչն այս հիշեցմանն ի պատասխան ասաց. «Եթե ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ներկա լիներ նաեւ քարոզարշավի ժամանակ՝ չէր ասի նման բան: Քարոզարշավի ընթացքում էլ տեղի ունեցան աղաղակող թերություններ: Դրանց շուրջ 93 բողոքներով դիմել ենք դատարաններ, եւ առանց քննարկման վերադարձվել են բոլոր դիմումներն էլ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել