Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում բացվելու են կոմերիտբջիջներ

Փետրվար 03,2006 00:00

Մարզերում բացվելու են կոմերիտբջիջներ Պետությունը «պաշտոնական կերակրատաշտ» է ստեղծում իշխանամետ երիտասարդների համար «Կարո՞ղ եք նշել ոչ իշխանահաճո գործունեություն ծավալած մի երիտասարդի, որը հետագայում պաշտոն է ստացել»,- կառավարության երեկվա ճեպազրույցում տրված այս հարցին երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը ուղիղ պատասխան չգտավ, բայց մի խոստովանություն արեց. «Պաշտոնի ստացումը քաղաքական պրոցես է, դռները բաց են բոլոր երիտասարդների առջեւ՝ թող ակտիվ լինեն եւ մասնակցեն իշխանության ձեւավորման գործընթացին»: Այսինքն, եթե մեկը որեւէ կուսակցության հետեւորդ չի ուզում լինել, առավել եւս՝ իշխանամետ, ուրեմն «կարիերա» անելու «շանս» մեր երկրում չունի: Փոխնախարարը երեկ տեղեկացրեց, որ կառավարությունը հաստատել է երիտասարդության ոլորտի զարգացման 2006-07թթ. ծրագիրը, ըստ որի մարզերում կբացվեն երիտասարդական կենտրոններ՝ «որոնց միջոցով կիրականացվի պետական քաղաքականությունը»: Պետբյուջեն սահմանել է որոշակի գումար, ինչպես նաեւ՝ դրամաշնորհներ միջազգային կառույցներից: Այդպիսի օրինակ արդեն ունենք՝ «Բազե» երիտասարդական կենտրոնը, որն առատորեն սնվելով պետական կերակրատաշտակից՝ զբաղված է ոչ թե պետության, այլ միայն իշխանությունների լոբբինգով, իրենց ներուժն ակտիվորեն օգտագործելով հատկապես ընտրությունների ժամանակ: Մինչդեռ, ինչպես առաջարկեց լրագրողներից մեկը՝ կարող էին ձեւի համար մեկ-մեկ էլ զբաղվել հանրօգուտ աշխատանքով: Վերջին հաշվով նրանց ծաղկաձորյան կենտրոնն ու բազմապիսի «քեֆ-ուրախությունները» ֆինանսավորվում են հարկատուներից ստացված գումարով, եւ կարելի էր դրա դիմաց գոնե «ջահելավարի» այս օրերին փողոցների ձյունը մաքրել: Պարոն Պողոսյանը նեղսրտեց, որ մշտապես շահարկվում է «Բազեի» գործունեությունը՝ վատ իմաստով, մինչդեռ «այդ կազմակերպությունն առողջ մրցակցություն է ստեղծում երիտասարդների միջեւ»: Մրցույթի չափանիշն էլ տվյալ պարագայում պետք է հասկանալ՝ ով ավելի «անուշ» կգովերգի բարձրագույն իշխանությանը: «Առավոտի» դիտարկմանը, թե արդեն մեխանիզմներն այնպես են մշակված, որ պետական քաղաքականությունը նույնացվել է իշխանության քաղաքականության հետ, պարոն Պողոսյանը, բնականաբար, չհամաձայնեց. «Մեր ծրագրերը նման բան չեն պարունակում, մասնակցեք՝ համոզվեք»: Փոխնախարարը ռազմավարական մեր մոդելի մեջ կարեւորեց ռազմահայրենասիրական դաստիարակությունը. «Երբ եվրոպացի փորձագետներին ներկայացրինք այս խնդիրը՝ չհասկացան, թե ինչի մասին է խոսքը: Նրանց կարծիքով, երբ երիտասարդները ակտիվ մասնակցում են հասարակական կյանքին՝ ուրեմն հայրենասեր են: Իսկ մեզ համար դա քիչ է՝ մենք տարածաշրջանային լուրջ խնդիրներ ունեցող երկրում ենք ապրում: Փոքր ազգերը պետք է ազգային ավելի խոր մտածողություն ունենան»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել