Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ

Փետրվար 03,2006 00:00

Երբ հարեւանդ դատավոր է «Դռնփակ» նիստեր Իսահակյան փողոցում չեն լինի «Առավոտի» խմբագրությանն են դիմել Երեւանի Իսահակյան 22 շենքի 1-ին մուտքի բնակիչներ Վ. Քարիմյանը, Լ. Ռոստոմյանը, Վ. Քաշլյանը, Ա. Քարիմյանը, Ա. Ռոստոմյանը: Նամակագիրները տեղեկացնում են, թե դիմել են նաեւ բոլոր հիմնական պաշտոնյաներին, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող դիվանագիտական հաստատություններին: Բնակիչները արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջ հարց են բարձրացնում «կանխել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի օրինազանցությունները»: Դատավորի հարեւանները տեղեկացնում են, թե Ս. Կոստանյանը փակել է 1-ին մուտքի տարադրամի փոխանակման եւ ձայներիզների վաճառքի կետերը՝ «հաշվի չառնելով, որ փոքր բիզնեսի վերոհիշյալ տեսակները մի շարք ընտանիքների կենսական կարիքները ապահովելու միջոց են հանդիսանում»: «Միջհարեւանական բախումներ» տեղի ունեցան, մասնավորապես, 2005-ի նոյեմբերի 20-ի առավոտյան, երբ «մուտքում չափազանց թանկ, երկաթե ծանր դռներ» տեղադրվեցին: Բնակիչներն անգամ գինն են նշում. 700 դոլար: «Զուգահեռաբար նա փոխում է 1-ին եւ 2-րդ հարկերի միջեւ եւ շենքի ետնամասում գտնվող դռների կողպեքները, իսպառ զրկելով բնակիչներին ելումուտի հնարավորությունից»: Բնակիչներն այսպիսով գտնում էին, թե խախտվել են իրենց սահմանադրական իրավունքները եւ որ դատարանի նախագահը «չի հարգում այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը»: Մենք այցելեցինք հիշյալ տարածք: Իսահակյան 22 շենքն ունի երկու մուտք: 2-րդ մուտքն ընդհանրապես դուռ չուներ: Շենքը, բացի առաջին մուտքից, «լցոնված» էր բազմաթիվ կազմակերպություններով՝ կոմպյուտերային խաղերի, «Վիվա Սելի», դեղատան եւ զբոսաշրջության գրասենյակների եւ այլն: Վիճահարույց առաջին մուտքի դուռը հեշտությամբ բացելով, իրոք տեսանք փակված տարադրամի եւ ձայներիզների վաճառքի կետերը: Սակայն երկուսի դռները բաց պատկերացնելու դեպքում կարող ենք արձանագրել, որ բնակիչների ելումուտը իսկապես դժվարանցանելի էր: Այս առումով շենքի մի քանի բնակիչներ իսկապես տեղին են համարել այդ երկու կետերի փակելը: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանն «Առավոտին» ասաց, թե ինքը որեւէ մուտք չի փակել: Տեղեկացրեց, որ Կենտրոնի թաղապետարանն է իրականացրել դռների տեղադրումը: Ինչ վերաբերում է մեր կատակին, թե գուցե «մտադիր եք դռնփակ նիստեր հրավիրել», նա պատասխանեց, որ տարածքը վերածվել էր բոմժանոցի՝ «ով ասես մտնում էր, իսկ շենքի կանայք մաքրում էին նրանց թողած հետքերը, աղբը»: Տեղեկացանք նաեւ, որ դռների տեղադրմանը մասնակցել են Կենտրոն թաղապետարանի կոմունալ սպասարկման բաժնի աշխատակիցները, որոնք մասնակցել են նաեւ Կենտրոն համայնքում գտնվող շատ ու շատ շենքերում դռների տեղադրմանը: Սակայն բնակիչների մի մասը կարծում է, թե իրենց թշնամաբար տրամադրված դատավորը գործել է «բացառապես այլ անձին վնաս պատճառելու մտադրությամբ»: Բնակիչները դիմել էին նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն: Նրանք պահանջել են պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքները՝ սեփականատիրության (փոքրիկ բիզնես) հարցում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել