Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրտեսական կրքեր» հայկական հեռուստաեթերում

Փետրվար 10,2006 00:00

«Լրտեսական կրքեր» հայկական հեռուստաեթերում Քանի որ իշխանությանը եւ օլիգարխներին քննադատել չի կարելի, հեռուստաընկերություններին մնում է զբաղվել հասարակական կազմակերպություններով: Երեկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր խոսքերի միտումնավոր խեղաթյուրման մեջ է մեղադրում հայաստանյան երեք հեռուստաալիքների: Խոսքը գնում է սյուժեի մասին, որում, ըստ պարոն Նավասարդյանի, կատարվել են պատասխանների եւ այնպիսի հարցերի կամայական համադրում, որոնք կամ ընդհանրապես չեն տրվել, կամ էականորեն վերաձեւակերպվել են: Սյուժեն նվիրված էր վերջերս շրջանառվող «արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հակապետական գործունեության» թեմային: Ըստ ԵՄԱ նախագահի, այդ սյուժեից իր խոսքերը կարելի է ըմբռնել ճիշտ հակառակ իմաստով: Բայց գործը միայն այդ ձեւախեղումներով չի ավարտվել: Բ. Նավասարդյանի հայտարարությունում ասվում է. «Սյուժեի սկզբում ԵՄԱ մուտքի կադրերի եւ ուղեկցող տեքստի համադրումը հեռուստադիտողների մոտ ոչ միանշանակ տպավորություն է ստեղծում: Հարուստ երեւակայություն ունեցող մեկը, հավանաբար, մտածեց՝ ահա լրագրողը դուրս է եկել «լրտեսական բնի» վրա: Իսկ մեկ ուրիշն էլ կարող էր մտածել, թե ԵՄԱ-ն ու նրա ղեկավարը լրջորեն մտահոգ են արտասահմանից ՀԿ-ների ֆինանսավորման հետ կապված ազգային անվտանգության խնդրով եւ իրենք էլ նախաձեռնել են, որ հեռուստատեսությունը անդրադառնա դրան: Այն դեպքում, երբ ՌԴ-ում համապատասխան «կամպանիան» ես այդ հարցազրույցում համեմատել եմ խորհրդային ժամանակների «Լրտեսական կրքեր» իրոնիկ մուլտֆիլմի հետ (լճացման տարիներին առողջ հումորը ավելի հարգի էր, քան այսօր հետխորհրդային որոշ տարածքներում…): Այս հատվածը, որն արտացոլում էր ՀԿ-ների շրջանում «լրտեսներ» փնտրելու վերաբերյալ իմ թերահավատությունը, նույնպես կրճատվել է: Ցավոք, դեպքերը, երբ խեղաթյուրվում են իշխանությունների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքով հայտնի կազմակերպություններին եւ անձերին վերաբերող փաստերը, հազվադեպ չեն մեր հեռուստաեթերում: Որպես կանոն, մենք ներողամտորեն ենք վերաբերվում լրագրության կեղծարարների փոքրիկ «չարաճճիություններին»: Սակայն այն, ինչ իրենց թույլ տվեցին այդ երեք հեռուստաընկերությունները, անցնում է բոլոր սահմանները: Նման պրովոկացիաները լուրջ վտանգ են հասարակության համար, եւ չի կարելի դրանք չտեսնելու տալ: Հիմնական վտանգն այն է, որ «լրտեսական կրքերի» նոր բորբոքումը մեր որոշ ԶԼՄ-ների կողմից ընկալվում է իբրեւ վաղուց սպասված գյուտ: Ամսեամիս նրանք կաշկանդվում են նորանոր «տաբուներով»: Իշխանություններին եւ օլիգարխներին քննադատելու անհնարինությունը, ընդդիմության «ջախջախումը» եւ քաղաքական տոտալ թմբիրը բերում են եթերի «գորշացման» եւ նրանում «զվարճալիքի» գերիշխման: Եվ ահա՝ ձեռքներն է ընկել «թեժ» մի թեմա, որը կարելի է անպատիժ շահարկել: Հասարակական կազմակերպությունների վրա հարձակումների եւ նրանց վարկաբեկման համար ոչ մեկը չի ծեծի, չի տուգանի, արտոնագրից չի զրկի: Իսկ վերեւից՝ դեռ մի բան էլ գլուխները կշոյեն. չէ՞ որ թուլացած եւ «քիթմռութը ջնջխված» քաղաքացիական սեկտորը հենց այն է, ինչը դեռ պակասում է սպասվելիք համազգային ընտրություններն «անհրաժեշտ սցենարով» անցկացնելու համար… Հեռարձակվող ԶԼՄ-ների ներկա վիճակը, երբ դրանց գերակշիռ մեծամասնությունը հայտնվել է մի «տանիքի» ներքո, հետեւողականորեն ձեւավորվում էր վերջին տարիներին: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ հետադիմական օրենքը եւ դրա բացասական դրույթների ամրագրումը փոփոխված Սահմանադրության մեջ, «արդյունավետ» գործունեությունը ՀՌԱՀ-ի՝ այն կառույցի, որը հեռուստաեթերը «կարգավորելով» հասցրել է նրան, որ վերջինս լիովին պատրաստ է «վհուկների որսի». ահա մեզանում խոսքի ազատության «ամրապնդման» հիմնական փուլերը»,- ասված է Բորիս Նավասարդյանի հայտարարության մեջ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728