Լրահոս
Օրվա լրահոսը

«Էքսկլյուզիվ» հետազոտությո՞ւն, թե՞ արտատպում

Փետրվար 10,2006 00:00

«Էքսկլյուզիվ» հետազոտությո՞ւն, թե՞ արտատպում «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչը մեղադրեց հ/կ-ին իր տվյալները վերցնելու մեջ «2002-2005թ.թ. ընթացքում աշխատանք փնտրելու նպատակով Հայաստանից մեկնել է շուրջ 147 հազար մարդ, եւ, փաստորեն, ամեն 10-րդ ընտանիք ունեցել է 1 միգրանտ: Ընդ որում, հիմնականում մեկնել է ընտանիքի հայրը». սրանք «Աշխատանքային էմիգրացիան Հայաստանից» հետազոտության արդյունքներն են, որոնք երեկ ներկայացրեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը: Հետազոտությունը գրասենյակի պատվերով, ՀՀ կառավարության աջակցությամբ եւ Բրիտանիայի արտգործնախարարության ֆինանսավորմամբ կատարել է «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպությունը: Հ/կ-ի նախագահ Աննա Մինասյանն իրենց կատարած գործը ներկայացնելիս ասաց, որ «Հայաստանում բազմաթիվ կազմակերպություններ միգրացիայի մասին մի շարք ուսումնասիրություններ են արել, բայց կոնկրետ աշխատանքային էմիգրացիան որպես առանձին խնդիր չի հետազոտվել»: Սակայն արդյունքները հրապարակելուց հետո «Եվրասիա» հիմնադրամի «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» ներկայացուցիչներից մեկը Ա. Մինասյանին բառացիորեն մեղադրեց տվյալների գողության մեջ՝ բողոքելով, որ «ձեր ներկայացրած թվերը չափազանց մոտ են մեր անցկացրած հետազոտության արդյունքներին, դուք օգտվե՞լ եք մեր ուսումնասիրությունից»: Ա. Մինասյանը չժխտեց, որ իսկապես տեղյակ է այդ հետազոտության մասին եւ հարցից «թռնելով»՝ սկսեց շնորհակալություն հայտնել բոլոր հ/կ-ներին՝ համագործակցության համար: Մեր հարցին, թե դուք իսկապե՞ս գտնում եք, որ Աննա Մինասյանի ներկայացրած կազմակերպությունը գրանտ է վերցրել ու պարզապես մի քիչ ձեւափոխված ձեր ուսումնասիրությունները ներկայացրել՝ կինը հաստատեց իր ասածները. «Այո, ես այդպես եմ կարծում, շատ հնարավոր է, որովհետեւ բոլոր հարցադրումները, հարցաթերթիկի ձեւակերպումները նույնն են»: Բացի այդ, մարզերի միգրանտների ցուցանիշներն էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության պետ Սոնա Հարությունյանին հիշեցրել էին իրենց հետազոտությունները՝ մարզերում գործազրկության մասին: Նրա դիտարկմամբ՝ «զարմանալիորեն թվերը նույնն են, միայն մի փոքր Սյունիքի մարզի ցուցանիշն է տարբերվում»: Երբ ասուլիսից հետո տիկին Մինասյանից հետաքրքրվեցինք՝ «բա որ ձեզ դատի տան տվյալներ գողանալու համար», նա պատասխանեց, որ իրենց հետազոտությունների հրապարակման մեջ հղում են արել Ռ. Եգանյանի եւ Ն. Շահնազարյանի «Աշխատանքային էմիգրացիան Հայաստանից» չհրապարակված աշխատությանը, որտեղ կա նաեւ կենտրոնի հարցումը: Ամեն դեպքում, եթե նույնիսկ հ/կ-ն բարեխիղճ էր գտնվել եւ հղում էր արել, այնուամենայնիվ, հ/կ-ի աշխատանքը «էքսկլյուզիվ» հետազոտության տպավորություն չթողեց, քանի որ այն տարբեր կազմակերպությունների ուսումնասիրություններից հավաքած ամփոփ տեղեկատվություն էր հիշեցնում եւ հղումները այս կամ այն աշխատությանը չափազանց շատ էին, մինչդեռ, ըստ կազմակերպիչների, այդ հետազոտության համար ծախսվել էր 15 հազար եվրո: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել