Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Փետրվար 16,2006 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի՝ լավ օրից չէ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը մի քանի անգամ խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել է ՀՅԴ համամասնական ցուցակի անցողիկ տեղերը, իսկ այսօր պարոն Թումանյանը իր սեփական կուսակցությունն է ստեղծել: Ըստ որոշ ենթադրությունների, Ա. Թումանյանն այս ողջ տարիներին կուտակել է բավականին մեծ հարստություն, եւ այսօր ստեղծելով կուսակցություն՝ խնդիր ունի ինքն իր սեփական քաղաքական տանիքն ունենալ, եթե նույնիսկ ընդունենք, որ իր առջեւ չի դրել խորհրդարանում ներկայացված լինելու խնդիր: Ըստ այլ գնահատականների, Արտաշես Թումանյանի նորաստեղծ «Նոր երկիր» կուսակցության անվան մեջ անգամ դաշնակցական երանգ կա (սովորաբար, երկիր բառը Դաշնակցությունն է չափից շատ գործածում), եւ «Նոր երկիրը» փորձելու է խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք կազմել մի շարք նորաստեղծ եւ նաեւ՝ հնամյա Դաշնակցության հետ: Հնարավո՞ր է նման հեռանկար: Մեր այդ հարցին պատասխանելով՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Դեռ վաղ է ոչ միայն արտահայտել հրապարակային ձեւով հնարավոր տարբերակների մասին, այլեւ՝ կարծում եմ, վաղ է անգամ կուսակցության ներսում նման քննարկումներ սկսելը: Մինչեւ ընտրությունները դեռ ունենք բավականին ժամանակ, Հայաստանի քաղաքական դաշտը դեռ խմորումների մեջ է, տեղի են ունենում որակական բնույթի որոշակի զարգացումներ, մենք առայժմ ուշադիր հետեւում ենք այդ զարգացումներին եւ փորձում ենք նորմալ, բնական հարաբերություններ պահպանել քաղաքական դաշտում ներկայացված համարյա բոլոր ազդեցիկ կուսակցությունների հետ, չնչին բացառություններով, նաեւ պիտի փորձենք առաջիկայում ավելի կոնկրետ թեմաների շուրջ մտնել խոսակցության մեջ»: Այսօր մեզանում ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ. ընդդիմությունն իր ներսից այլեւս նոր կուսակցություններ չի ստեղծում եւ այդ գործով այժմ զբաղված են իշխանությունները: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը Լեւոն Մկրտչյանը որոշեց որպես պատմաբան ներկայացնել. «Այս հիվանդությունը բավականին հին է: Հիշեք, 90-ականների սկզբին եւս մենք մտահոգված էինք, որ ՀՀ-ում քաղաքական դաշտը չի ձեւավորվում քաղաքական սկզբունքների, գաղափարախոսական հենքի վրա: Կուսակցություններն արագ փոխում են իրենց գաղափարախոսական սկզբունքները, եւ, ըստ էության, առաջնորդների փոփոխելիության, ճամբարից ճամբար անցնելու հետ միասին՝ ողջ կուսակցությունը փոխում էր նաեւ իր սկզբունքները եւ գաղափարախոսությունը: Դրանից հետեւում է, որ կուսակցություններ են ստեղծվում, որոնք ծառայում են կոնկրետ մարդկանց պահանջմունքների բավարարմանը: Օրինակ, 90-ականների դաշինքներից մեկում իրար գլխի հավաքվեցին ծայրահեղ լիբերալ եւ սոցիալ-դեմոկրատական, ազգայնական եւ ինտերնացիոնալ ուժեր, եթե հիշում եք՝ դա հայտնի «Հանրապետություն» բլոկն էր: Սա արդեն ինքնին վտանգներ է իր մեջ պարունակում քաղաքական դաշտի զարգացման համար: Եվ «Առավոտ» թերթում հոդվածաշար հրապարակվեց, որտեղ մենք խոսում էինք այն մասին, որ քաղաքական դաշտում սկսում են աշխատել հակահամակարգերը, որը առաջիկա տարիներին կբերի իր բացասական հետեւանքները: Հիմա, ըստ էության, այդ բացասական հետեւանքների կրողը մենք ենք: Քանի որ բիզնեսն ուզեց իր ներկայությունն ունենալ ԱԺ-ում, եւ այժմ, երբ քաղաքական նոր անորոշության շրջան է առջեւում, այսինքն՝ սպասվում են ընտրություններ, որոշ խավերի ներկայացուցիչներ փորձում են ունենալ իրենց հետեւորդների ձեւակերպումն իբրեւ կուսակցություն»: Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ այս սկզբունքով ստեղծվող կուսակցությունները շատ կարճ կյանք են ունենալու, եւ շատ դժվար է այսօր Հայաստանում մատնանշել երկու ձեռքի մատների թվից ավելի կուսակցություններ, որոնք իրենց քաղաքականությունը կառուցում են, ասենք, 15-20 տարիների կտրվածքով: Սա է մեր քաղաքական դաշտի հիմնական թուլությունը եւ անկանխատեսելի լինելու պատճառներից մեկը: Իսկ որքանո՞վ են հիմնավոր այն պնդումները, որ իշխանական ճամբարում նոր ստեղծվող կուսակցությունները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ նոր հենարան դառնալ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա այլեւս չի վստահում իր հին հենարաններին՝ ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ ՀՅԴ-ին: Լեւոն Մկրտչյանն այնքան էլ համամիտ չէր նման ենթադրության հետ եւ առաջարկեց այս գործընթացները չկապել կոնկրետ անձնավորության հետ. «ՀՀ նախագահը քաղաքական մեծ փորձառություն ունեցող անձ է եւ ունի որոշակի ռեսուրսներ: Ամենեւին այն քաղաքական անձնավորությունը չի, որ պիտի անկանխատեսելի գործընթացներ ձեւավորել, որ դրանցով ապահովվի: Չեմ կարծում, թե նման խնդիր կա: Եվ նաեւ՝ խնդիրը քաղաքական կոալիցիայից անբավարարվածության մեջ չի»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել