Հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ-ի կլոր դահլիճում մեկնարկեց «Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով 2-օրյա գիտաժողովը։ Այս հետաքրքիր միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) կողմից իրականացվող «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» նպատակային ծրագրի շրջանակներում։
Գիտաժողովի մասնակիցները ՀՀ տարբեր գիտական ինստիտուտների, Երևանում գործող բուհերի ներկայացուցիչներ են։ Ելույթ-զեկույց-բանախոսությունները նվիրված են հայկական ավանդական տոնացույցին, տոնահանդեսի մշակույթի պատմական և արդի դրսևորումներին, տոնի՝ որպես էթնիկական, կրոնական, սոցիալական, քաղաքացիական և քաղաքական ինքնության արտահայտման միջոցին։
Կարևորվում են նաև տոնական օրացույցի, հիշողության քաղաքականության, ոչ նյութական մշակութային ժառանգության, տոնի փառատոնացման, որպես միջոցառում կիրառման, թվային միջավայրում վերափոխումների և ստեղծարար արդյունաբերության հետ առնչվող հիմնախնդիրները։
Կարդացեք նաև
Գիտաժողովի առաջին օրը կայացավ 3 նիստ՝ յուրաքանչյուրում 5 ելույթ՝ մոտ 20 րոպե տևողությամբ։ Նիստերի վերջում կայացան հարց ու պատասխաններ։ Մասնակիցներին ողջունեց, գիտաժողովը կարևորեց ու բարի երթ մաղթեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը։ ՀԱԻ Կիրառական մարդաբանություն խմբի ղեկավար Հրանուշ Խառատյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով ու ընթացքում ներկայացրեց «Քրիստոնեական աշխարհի կառնավալները և հայկական Բարեկենդանը․ սոցիալական քաոսիկ բողոքի միջոցից մինչև տեղական քաղաքացիական և էթնիկական մշակույթ» և «ԽՍՀՄ տոնական օրենսդրության և տոնահանդեսի մշակույթի ձևավորումները որպես «խորհրդային ժողովրդի» կերտման միջոց» բանախոսությունները։ Առաջին նիստը՝ «Տոնը և տոնահանդեսը հայ մատենագրության մեջ», վարեց ազգագրագետ, պ․ գ․ դ․ Հարություն Մարությանը։
«Տոնի կազմաբանությունն ու շարժընթացը» առաջին զեկույցով հանդես եկավ ՀԱԻ գիտաշխատող, ազգագրագետ, պատմաբան, պ․ գ․ թ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը։ Զեկույցում քննարկվեց տոնի 4 սկզբունք, որոնք առաջարկել է Ալեքսանդրո Ֆալասսին։ Դրանք են՝ շրջում, ինտենսիֆիկացում, սահմանների խախտում և առօրեականից հրաժարում։
Իսկ Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչ Գոհար Մարդյանը ներկայացրեց «Արքունական տոնահանդեսների, խնջույքների ու ազնվական հյուրասիրության մշակույթը հայոց մեջ» բավականին հետաքրքիր ու ճանաչելի բանախոսությունը։ ՀԱԻ գիտաշխատող Թամար Հայրապետյանը հանդես եկավ «Մահվան և վերածննդի գաղափարը հայկական տոների բուսակենդանական նվիրաբերման ծեսերում․ ըստ ժողովրդական հեքիաթների» զեկույցով։ Համեմատություններ արեց հայկական և իտալական հեքիաթներում նույն երևույթների մասին։
Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ավետիսյանն անդրադարձել էր միջնադարյան մեր մեծ բանաստեղծի՝ Նարեկացու «Տաղ Վարդավառի» գլուխգործոցին։ Բանախոսը Նարեկացու այս տաղը համարում է «հանելուկային տեքստ տաւնական և բանահիւսութեան և միջնադարեան գրականութեան խաչմերուկում»։ «Տաղի հանելուկային մեկնաբանութեան կառուցուածքային հիմք և առանցքային խթան է դառնում «Վարդավառ» բառի նոր ստուգաբանութիւնը․․․ «Վարդավառ» անունը բացահայտում է ծաղկանուն, որը թե՛ իմաստային, թե՛ բառակազմական կաղապարով համադրելի է «նունուֆար» և «ջրաշուշան» ծաղկանունների հետ», – նշեց բանախոսը։
Ընդմիջումից հետո երկրորդ նիստը, որը վարեց Ռուզաննա Ծատուրյանը, «Տոնի մշակութային տեքստը 19-րդ դարի ժողովրդական ավանդույթում» թեմայով էր։
ՀԱԻ ներկայացուցիչ Լուսինե Հայրիյանը հանդես եկավ «Տարոնի տոներն ու տոնակատարությունները Գեղամ Տեր Կարապետյանի դիտակետում» բանախոսությամբ։ Անդրադարձավ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի նշանավոր գիտնական Գ․ Սրվանձտյանցի հետևորդ ու աշակերտ Գեղամ Տեր Կարապետյանի ստեղծագործական ժառանգությանը։
Նույն ինստիտուտից Լիանա Ավետիսյանը հանդես եկավ «Սուրբ Ստեփանոս Նախավկան Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական տոնացույցում և ժողովրդական հանդիսություններում» բանախոսությամբ։
«Արտախլեսը որպես բերքահավաքի ավարտի տոնածիսական տեքստ» բանախոսությունը, որը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի (ՇՀՀԿ) գիտաշխատող Հասմիկ Գալստյանը, նվիրված էր երկրագործական աշխատանքների ավարտին։ Բանախոսն անդրադարձավ «արտախլես» բառի կիրառական նշանակությանը։ Հայոց բարբառներում կա «խլսել-վերջանալ» բառը։
ԵՊՀ դասախոս Մարիամ Հերգնյանի բանախոսությունը՝ «Տոների խորհրդաբանության ժամանակաշրջանային դրսևորումները Հայոց Ցեղասպանության բանավոր պատումներում»-ը, հետաքրքիր էր ցեղասպանություն ապրածների հուշերով, ովքեր բռնությունները, տեղահանությունները, կոտորածները հիշում են ինչ-որ տոնի օրերի հետ։
Սիրիայի Քեսաբ քաղաքում ծնված ազգագրագետ, պատմաբան, մատենագետ, պ․ գ․ թ․ Հակոբ Չոլաքեանը ՀԱԻ բազմամյա գիտաշխատող է։ Ներկայացրեց «Անտիոքի շրջանի գիւղախմբերու համաժողովրդական ուխտագնացութիւնները» բանախոսությունը, որտեղ կա մեծ կարոտ պատմական հայրենիքի նկատմամբ։
Երրորդ նիստը վարեց ԵՊՀ դասախոս, ՀԱԻ գիտաշխատող Հայկուհի Մուրադյանը, ով նաև ներկայացրեց «Խորհրդային տոնական մշակույթի ինստիտուցիոնալացումը և պերֆորմատիվ դրսևորումները մշակույթի տներում(Խորհրդային Հայաստան, 1950-1980-ական թթ․)» զեկույցը։
«Խորհրդային տոնի «մուտքը» Խորհրդային Հայաստանի Հանրապետության նոր մշակութաստեղծ տեքստեր Խորհրդային Հայաստանում և հայկական Սփյուռքում» թեմային համահունչ զեկույցներ ներկայացրեցին նաև ՀԱԻ գիտաշխատող Նելի Մանուչարյանը («Հայոց ցեղասպանության հիշատակումը խորհրդային Երևանի տեղանվանական համակարգում՝ նախքան հիշատակի օրվա հաստատումը») և ՀԱԻ ու Ավստրիայի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ Խորեն Գրիգորյանը («Փրկությունից հերոսապատում․ Մուսալեռան տոնակատարության փոխակերպումները»)։
Գիտական օրն ամփոփվեց հարց ու պատասխանով, առաջարկներով։ Գիտաժողովի 2-րդ օրը նախատեսած է 4 նիստ։ Գիտաժողովի ավարտից հետո շարունակությունը կլինի աշխատաժողովը, որը տեղի կունենա հունիսի 14-15-ին նույն վայրում՝ «Ավանդական մշակութային ժառանգության դրսևորումների կիրառումը քաղաքականության մեջ. հնարավորություններ և առաջարկներ» նպատակային ծրագրի շրջանակներում։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ









































































