«Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հանրային-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի Սահմանադրական դատարանի անհատական դիմումի եւ ՍԴԴԿՈ-45 որոշմանը մենք անդրադարձել էինք վերջերս («Առավոտ» օրաթերթ 03.06.2026թ.):
Ներկայացնեմ հունիսի 9-ի ՍԴ նոր որոշումը, որը կապված է կրկին Ավետիք Չալաբյանի հետ: Ավետիք Չալաբյանի դիմումը մուտքագրվել էր դատարան 2026 թ. մայիսի 26-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ԵԴ/1174/01/22 որոշմամբ Դիմողի նկատմամբ կիրառված՝ ՔրԴՕ 6-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետը, ՔրԴՕ 86-րդ հոդվածի 1-ին մասը, ՔրԴՕ 97-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ու 3-րդ մասի 5-րդ կետը, ինչպես նաեւ նույնաբովանդակ կարգավորումներ պարունակող՝ 1998 թվականի ՔրԴՕ 104-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 9-րդ կետն ու 3-րդ մասը եւ 1998 թվականի ՔրԴՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ դրանց հաղորդված այն ակնաբանությամբ, համաձայն որի՝ անհայտ անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրության դեպքում ապացույցի «աղբյուր» հասկացությունը նույնացվում է այն ամրագրող նյութական կրիչի՝ տվյալ դեպքում լրատվական կայքում առկա հղման հետ, իսկ այդ կրիչի կամ հղման հայտնի լինելը բավարար է համարվում նաեւ գաղտնի ձայնագրության աղբյուրը հայտնի դիտարկելու համար՝ անկախ այն հանգամանքից, որ անհայտ է մնում ձայնագրությունը կատարած անձը, ինչի արդյունքում ապացույցների թույլատրելիության դատական ստուգման առարկայից դուրս են մղվում Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի սահմանափակման սահմանադրաչափությունը, իսկ գաղտնի ձայնագրության քրեադատավարական օգտագործումը փաստացի չի սահմանափակվում ո՛չ օրենքով որոշակիացված հանցագործությունների, ո՛չ էլ օբյեկտիվ հիմքերի առկայության պայմաններում նման միջամտության ենթակա որոշակի անձանց շրջանակով, ճանաչել Սահմանադրության 31-րդ, 61-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ եւ 81-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր»:
Նա ներկայացրել է թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործը, Վճռաբեկ դատարանի որոշումը, որով` հակասահմանադրական մեկնաբանությամբ, ըստ դիմողի, խախտվել են իր տասնյակ իրավունքները:
Կարդացեք նաև
Ըստ դիմողի՝ քրեական գործի շրջանակներում իր՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը դրսեւորվել է ոչ թե մեկանգամյա ակտով, այլ՝ փոխկապակցված, սակայն ինքնուրույն իրավական նշանակություն ունեցող բազմակի ակտերով՝ իր մասնակցությամբ խոսակցության գաղտնի տեխնիկական ամրագրմամբ, դրա հանրայնացմամբ, պետական մարմինների կողմից ստացմամբ, պահպանմամբ եւ քրեական վարույթ ներմուծմամբ, ձայնի միջոցով նույնացմամբ, դռնբաց դատական նիստում հրապարակային հետազոտմամբ, դատական ակտում գաղտնի ձայնագրության բառացի վերարտադրմամբ եւ, ի վերջո, մեղադրական դատավճռի հիմքում դնելով՝ դրա օգտագործմամբ։
Ըստ Սահմանադրական դատարանի դատական կազմի` Վճռաբեկ դատարանի 2025 թ. դեկտեմբերի 8-ի որոշման հաշվառմամբ, ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանվելու եւ վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցվելու պայմաններում տվյալ գործը գտնվում է նոր քննության փուլում։ Քրեական գործը բեկանվելուց հետո՝ նոր քննության համար Վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2025 թ. դեկտեմբերի 18-ին, ընդունվել վարույթ՝ նույն թվականի դեկտեմբերի 24-ին եւ հերթական դատական նիստը նշանակված է եղել 2026 թ. մայիսի 26-ին` հիմք է ընդունվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը եւ տվյալ վարույթի ավարտի մասին որեւէ տեղեկություն առկա չէ: Հետեւաբար, գործով առկա չէ վերջնական դատական ակտ: Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Հետեւաբար, նրա անհատական դիմումով գործի քննությունը ՍԴԴԿՈ-52 որոշմամբ մերժվել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.06.2026


















































