Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով․ «Հետք»

Հունիս 13,2026 10:50 Share

Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։

Գ. Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի 2026թ. մայիսի 28-ի ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, մասնավորապես՝ նրան «հանցագործ», «շպիոն», «գործակալ» անվանելը, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու» և «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ տվյալները։ Ըստ Ծառուկյանի՝ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են։

Հերքումը պետք է կատարվի ԶԼՄ-ներին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելով և հրապարակվի 13 լրատվական կայքերում կամ նրանց յութուբյան հարթակներում։

Բացի հերքումից, պահանջվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույն կարգով և ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից՝ նույն լրատվամիջոցներով, հետևյալ տեքստով.

«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես՝ ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։

Հայցվորը պահանջում է Փաշինյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար, ինչպես նաև նախապես վճարված 310 հազ. դրամ պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Նշենք, որ հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացվել է 2026թ. հունիսի 2-ին և վարույթ ընդունվել հունիսի 12-ին։ Գործը քննում է դատավոր Նաիրա Ավետիսյանը։

Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930