Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՏԻԿԸ՝

Փետրվար 18,2006 00:00

ԲՈՒՏԻԿԸ՝ ԹԱՆԿ ՏՈՆԱՎԱՃԱՌ Մայրաքաղաքի որոշ «պրիստիժնի» խանութներում «ֆիրմայինի» անվան տակ 4-5 անգամ թանկ վաճառում են նույն ապրանքը, որը կա, ասենք, «Բանգլադեշի գոմերում»: «Վերջերս Կորյունի փողոցի հագուստի բուտիկներից մեկում նկատեցինք մի բլուզ, որի արժեքն էր 45 հազար դրամ: Նույն բլուզը մամաս Թուրքիայից բերել էր 10 դոլարով, նույնիսկ պիտակը ստուգեցինք՝ համոզվելու համար, որ նույն երկրի արտադրանքն է, մինչդեռ խանութի պատերին փակցված «Dolce Gabbana», «Chanel», «Chanttele» ֆիրմաների պաստառներն այնպիսի տպավորություն էին ստեղծում, թե խանութում հենց այդ ֆիրմաների արտադրանքն է»,- «Առավոտի» հետ իր դժգոհությունը կիսեց խմբագրություն զանգահարած մեր համաքաղաքացիներից մեկը: Ընդհանրապես թուրքական, պարսկական եւ նույնիսկ «Սադախլոյի» ապրանքներ կարելի է տեսնել ոչ միայն այդ, այլեւ մայրաքաղաքի շատուշատ «պրիստիժնի» խանութներում: Այստեղ գնորդին հիմնականում շփոթեցնում է գինը. մարդիկ մտածում են. եթե այդքան թանկ է՝ ուրեմն ֆիրմային է: Գնորդին երբեմն ոչինչ չի ասում նաեւ պիտակը: Թե ինչպես կարող է գնորդը համոզված լինել՝ ֆիրմայի՞ն ապրանք է գնում, թե ոչ, մեր այցելած խանութներում պատասխանում էին՝ «որակից, շոշափեք կտենաք, պարզ չի՞»: Իսկ երբ հետաքրքրվում էինք, թե ունե՞ն պայմանագիր տվյալ ընկերության ներկայացուցչության հետ, պարզվում էր, որ այն ունեն քչերը, մինչդեռ հավաստիացնում էին, թե համագործակցում են անմիջապես ֆիրմաների հետ: Թումանյան փողոցում տեղակայված բուտիկներից մեկում, աշխատակիցների ներկայացմամբ՝ վաճառում են միայն գերմանական ապրանքներ: Գներից դատելով՝ դրանք իսկապես պետք է որ գերմանական լինեին, որովհետեւ շալվարները սկսում էին 40 հազար դրամից, կոշիկները՝ 50 հազարից: Վաճառողուհին մեզ վստահեցրեց, որ «համոզված եղեք, սրանք այնպիսի ապրանքներ են, որ ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի»: Այսպիսի հավաստիացումներ տվեցին նաեւ այլ խանութներում: Բայց երբ գերմանական ֆիրմային ապրանքներ վաճառող տվյալ խանութից հարցուփորձ արեցինք, թե գերմանական ո՞ր ընկերությունների հետ եք համագործակցում, ո՞ւմ հետ պայմանագիր ունեք, փաստաթղթային ոչինչ չներկայացրին՝ պատճառաբանելով, թե «մենք Գերմանիայում մարդ ունենք, ինքը անձամբ է գնում բոլոր ապրանքներն ու ուղարկում Հայաստան»: Բացի այդ, խանութի աշխատակցուհին փորձում էր մեզ համոզել, որ իրենց մոտ գներն այդքան էլ բարձր չեն. «Գերմանիայում նույն ապրանքներն ավելի թանկ են, քան մեզ մոտ, ուղղակի հաշվի առնելով, որ Հայաստանում քչերն են ի վիճակի այդ գնով ապրանքներից օգտվել, մեր համաքաղաքացիների համար դեռ մի բան էլ մատչելի գներ ենք դրել»: Ստացվում է, որ հագուստի բիզնեսով զբաղվողները թանկ գներով ապրանք են ձեռք բերում եւ որպեսզի մերոնց «աչքը» գերմանական ապրանքների մեջ չմնա՝ էժանով ծախում: Մինչդեռ իրականում սա բավականին շահեկան բիզնես է, եւ քանի որ շուկան խիստ ազատականացված է, այն վերահսկելն էլ դժվար է: Խանութպանները, օգտագործելով գնորդների դյուրահավատությունը, փաստորեն, վաճառում են ապրանքներ՝ իրենց ինքնարժեքից կրկնակի ու եռակի թանկ գներով: Խանջյան փողոցում տեղակայված հագուստի խանութներից մեկում աշխատակցուհին պնդում էր, որ իրենց ապրանքները եվրոպական են: Մեր հարցին, թե Եվրոպայի ո՞ր երկրներից եք բերել եւ ինչպե՞ս տարբերենք՝ եվրոպակա՞ն են, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Չգիտեմ, միայն հաստատ կարող ենք ասել, որ եվրոպական են՝ չնայած կան նաեւ Օդեսայից բերված հագուստներ»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաշխիք կտաք, որ դրանք որակյալ են եւ լվանալիս չեն փչանա՝ աշխատակցուհին վրա բերեց, թե «ի՞նչ երաշխիք եք ուզում, խի եվրոպական ապրանքները չեն փչանո՞ւմ»: Կեղծ ապրանքներից ու տարբեր տեսակի խաբեություններից խուսափելու համար գնորդներին մնում է ճանաչել ու անգիր անել բոլոր երկրների կոդերը՝ ապրանքի իրական որակի ու ֆիրմայի մասին որոշակի պատկերացում կազմելու համար: Սակայն մասնագետների դիտարկմամբ՝ շարքային գնորդը ցանկության դեպքում չի էլ կարող գլուխ հանել այդ կոդերից, դրա համար պետք է մի ամբողջ ապրանքագիտություն ուսումնասիրել ու հագուստ գնելու համար ժամերով հաշվարկներ անել՝ ապրանքատեսակի կոդին գումարելով երկրի կոդը, գտնելով զույգ ու կենտ թվերը, բազմապատկելով այն կոդի վերջում նշվող, այսպես կոչված՝ ստուգիչ թվով եւ այլն: Այս բոլոր հաշվարկները փոքր-ինչ հեշտացնելու համար մասնագետները վատագույն դեպքում քաղաքացիներին առաջարկում են ուշադրություն դարձնել գոնե երկրների կոդերին: Այսպես, Գերմանիայի կոդը 400-440-ն է, Ռուսաստանինը՝ 460-469-ը, Ֆրանսիայինը՝ 30-34-ը, իսկ տեղական ապրանքները գրանցված են մի կոդի տակ՝ 485: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել