Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի հրաժարականն առայժմ օրակարգում չէ

Ապրիլ 04,2007 00:00

«Ուրբաթ» ակումբում երեկ ասաց ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կապակցությամբ ՀՀԿ խորհուրդը երեկ տարածեց հայտարարություն: Իշխանության կուսակցությունը մասնավորապես հայտարարեց, թե ՀՀԿ խորհուրդը «դատապարտում է կատարված ոճրագործությունը եւ իրավապահ մարմիններից վճռականորեն պահանջում է արագորեն բացահայտել հանցագործներին եւ խստագույնս պատժել: Մենք համոզված ենք, որ հասարակական կյանքի կայունության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն անհաջողության է դատապարտված»:

Էդուարդ Շարմազանովը երեկ պատասխանելով հարցին, թե արդյոք այս հարձակումն ուղղված էր ՀՀԿ-ի՞ դեմ՝ ասաց. «Չենք բացառում, բայց քանի որ չունենք փաստեր ու չգիտենք ովքեր են այս հանցագործության մեղավորներն ու պատվիրատուները՝ չենք կարող ենթադրություններ անել»: Ըստ նրա՝ իրավապահ մարմինները պարտավոր են ամեն ինչ անել այս ոճրագործությունը բացահայտելու համար: Եվ հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն մտադի՞ր է պահանջել ՀՀ ոստիկանապետի հրաժարականն այն հիմնավորմամբ, որ նա չի վերահսկում իրավիճակը, պատասխանեց այսպես. «ՀՀԿ խորհրդի օրակարգում առայժմ նման խնդիր չկա: Ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան ժամանակում հնարավոր կլինի պարզել, թե ովքեր են այս ոճրագործության պատվիրատուները»:

Էդուարդ Շարմազանովի ասուլիսի մի հատվածն էլ վերաբերում էր ՀՀԿ խորհրդի ապրիլի 2-ի նիստին, որտեղ առաջադրվեց նոր վարչապետի թեկնածությունը: Ըստ նրա, այդ նիստին հարգելի պատճառներով չեն մասնակցել խորհրդի միայն 3 անդամներ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանը եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հերքեց հրապարակումը, թե նիստում Սերժ Սարգսյանը «ծանր խոսակցություն է ունեցել» Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀԿ մամուլի ծառայության ղեկավարը հայտնեց, որ Անդրանիկ Մարգարյանի մահը ստիպել է մարտավարական սրբագրումներ մտցնել ՀՀԿ նախընտրական քարոզարշավում. «Վարչապետը ե՛ւ ի պաշտոնե, ե՛ւ իբրեւ կուսակցության նախագահ, բնականաբար, առանցքային դեր պետք է ունենար մեր քարոզարշավի մեջ՝ սկսած հեռուստաելույթներից մինչեւ մարզային այցելություններ: Քարոզարշավի հետ կապված հիմնախնդիրները մեր կուսակցությունում գրեթե լուծված են, մեկ-երկու փոքրիկ տեխնիկական խնդիրներ կան, որոնք կլուծվեն մինչեւ ապրիլի 6-ը»։ Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ ՀՀԿ-ի քարոզչական պաստառները չի կարելի համարել նախընտրական, քանի որ «դրանց վրա ոչ մի կոչ չկա», բացի այդ՝ «ՀՀԿ պաստառները փակցված են միայն կուսակցության գրասենյակների մոտ»:

Հ. Գ. ՀՀԿ խոսնակը հրաժարվեց մեկնաբանել «Ժամանակ-Երեւան» օրաթերթին «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի մոր՝ Ռոզա Ծառուկյանի պատասխանն այն պնդումներին, թե Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում. «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան Մոնտե Կառլոյում խաղա՞ն… Շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել ենք՝ հերիք ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել