Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. «ԼՂ հարցը եզակի է»

Ապրիլ 04,2007 00:00

«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է պաշտպանել կողմերի համաձայնությունը, այլեւ հանդես գալ իբրեւ ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավոր»: Այս մասին Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների երեկվա համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարդան Օսկանյանը: Ըստ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ղարաբաղյան հակամարտությունը, ի համեմատ ցանկացած այլ հակամարտության, եզակի է այն առումով, որ գործնականում դա միակ դեպքն է, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը լրիվ համապատասխանում են միմյանց ու դրանով հանդերձ չեն հակասում նաեւ հակամարտության կողմերի շահերին: Լավրովի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի շրջանակում պատրաստվել է առաջարկների այնպիսի կոնկրետ եւ գործնական փաթեթ, որին կնախանձեին ցանկացած այլ հակամարտությունում ներգրավված բանակցողներ: Այդուամենայնիվ, ըստ ՌԴ արտգործնախարարի, վերջին խոսքը պատկանում է Հայաստանին եւ Ադրբեջանին: «Համանախագահները չափազանց զգույշ են վերաբերվում միջնորդի կարգավիճակին եւ իրենց իրավունք չեն վերապահում կողմերին որեւէ բան պարտադրել»,- ասաց Լավրովը:

Անդրադառնալով Կոսովոյի հետ զուգահեռներին` Վարդան Օսկանյանը, մասնավորապես, նշեց. «Նախադեպերն, իհարկե, ունեն որոշակի նշանակություն, սակայն յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտարկել իր համատեքստում»: Իր հերթին, մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված՝ Կոսովոյի կարգավիճակի մասին Մարտի Ահթիսաարիի զեկույցը, Սերգեյ Լավրովն ընդգծեց, թե «այդ հարցի ելքը մենք կանխորոշված չենք համարում»: Նա ասաց, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, եւ Մոսկվան կաջակցի միայն այն տարբերակին, որը ընդունելի կլինի եւ Պրիշտինայի, եւ Բելգրադի համար: «Անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որ սպառնալիք չստեղծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա ձեւավորված եվրոպական անվտանգության ճարտարապետության համար»,- թեման ամփոփեց ՌԴ ԱԳ նախարարը:

Բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս կապակցությամբ Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանի համար անընդունելի է խնդրի կարգավորման ցանկացած ուժային տարբերակ: «Առավել եւս, որ իր որոշումներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամրագրել է Իրանի վրա ներգործության միջազգային իրավական շրջանակները: Իսկ դրանք բացառում են ուժի գործադրման հնարավորությունը: Բոլոր նրանց, ում մտքով նման սցենարներ են անցնում, մենք կոչ ենք անում կատարել Անվտանգության խորհրդի որոշումները եւ գործել միջազգային իրավունքի շրջանակում»,- ասաց Լավրովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել