Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԳԱՎԱՃԸ» ՊԱՐՏՎԵՑ ԿՐԿՆԱԿԻ

Ապրիլ 04,2007 00:00

\"\"Արմավիրի քաղաքապետի ընտրությունները վեջնականապես համարվեցին վավեր

Երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող Արմավիրի ընտրություններում պարտված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանի հայցն ընդդեմ թիվ 21 ընտրական հանձնաժողովի՝ անսպասելի լուծում ստացավ. Ա. Աղաբաբյանը, որը մինչ այդ մարտական էր տրամադրված եւ իր հետ դատարան էր բերել քաղաքապետի ընտրությունների կեղծիքների մասին մի շարք ապացույցներ, նիստի կեսից հանկարծ որոշեց իր դիմումը ետ վերցնել: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանք Ա. Աղաբաբյանի այդ քայլը պայմանավորեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ նախօրեին իրականացրած մահափորձով, ասելով, որ այդ դեպքից հետո ՀՀԿ-ն իրեն «թափ է տվել» եւ սկսել է ԲՀԿ-ի վրա ճնշում գործադրել: Դատական նիստի մասնակիցներից ոմանք էլ համոզված էին, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն որոշել են այդ հարցն իրար մեջ լուծել, դրա համար էլ գործը կարճել են: Մինչդեռ Արայիկ Աղաբաբյանը «Առավոտի» հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել, միայն ասաց, որ «այս դատարանն ի վիճակի չէր գործը արդար քններ եւ այս հարցը լուծեր»:

Վերընտրված քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի համար Աղաբաբյանի դիմումի ետ վերցնելն անսպասելի չէր: Նրա պարզաբանմամբ, պարտված թեկնածուն բավարար փաստեր չուներ, ինչ ապացույցներ էլ որ կային, ըստ Խլղաթյանի՝ արժանահավատ չէին. «Իմը մաքուր հաղթանակ էր»: Ի դեպ, պարոն Խլղաթյանը դատարան էր ներկայացել իր ողջ գերդաստանով եւ երբ դատավոր Մանվել Սիմոնյանը կարդաց վճիռը, նրա եղբայրը, եղբորորդին, աներորդին ու ընկերները բուռն ծափահարություններով Ռ. Խլղաթյանին շնորհավորեցին երկրորդ հաղթանակի առթիվ: Սա Աղաբաբյանի կողմնակիցներին հունից հանեց: Նրանք դատական նիստի ավարտից հետո դատարանի շենքի առաջ իրար հրմշտեցին եւ միայն Ա. Աղաբաբյանի միջամտությունից հետո հանդարտվեցին:

Թե ինչու Ա. Աղաբաբյանը դիմումը ետ վերցրեց՝ ԲՀԿ գրասենյակից չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավորը որոշում էր կայացրել Արմավիրի 15 ընտրատեղամասերից պատահական ընտրությամբ բացել երեք ընտրատեղամասի քվեատուփերը՝ 5, 9, 12: Նիստի առաջին օրը բացվել էր թիվ 5 տեղամասինը, որտեղ միայն 67 անճշտություն էր հայտնաբերվել: Իսկ երեկվա նիստում արդեն դատավորը, չգիտես ինչու, նախապես որոշված մյուս երկու ընտրատեղամասերը փոխել էր՝ 9-ի եւ 12-ի փոխարեն բացել տալով 8-ն ու 14-ը: Այդ երկու ընտրատեղամասում էլ ակնառու խախտումներ չկային: Ճիշտ է, Ա. Աղաբաբյանը ցուցակ էր ներկայացրել, որ այդ ընտրատեղամասերում «ընտրության են գնացել նաեւ մի շարք մահացած մարդիկ», սակայն Խլղաթյանը «այդ մահացածներից» մի քանիսին գտել եւ իր հետ դատարան էր բերել՝ ապացուցելու, որ նրանք ողջ-առողջ են եւ քվեարկել են:

Ա. Աղաբաբյանն էլ իր հետ դատարան էր բերել մի խումբ արմավիրցիների, որոնք վկայություն տվեցին, որ ընտրացուցակներում իրենց բնակարաններում հաշվառվել են իրենց հետ ընդհանրապես կապ չունեցող քաղաքացիներ: Վկա Ասպրամ Մանուկյանի ներկայացմամբ, ինքն այդ մասին նախքան ընտրությունները տեղյակ է պահել Արմավիրի մարզի ոստիկանության անձնագրային բաժնին, սակայն ընտրության օրը կրկին հայտնաբերել է, որ նույն մարդիկ դեռեւս ցուցակներում շարունակում են մնալ իրենց ընտանիքի անդամ: Նշենք, որ երեկ դատարան չէր ներկայացել Արմավիրի մարզի ոստիկանության պետ Աշոտ Գեւորգյանը: Նա դատարանում առաջին նիստին խոստացել էր ցուցակների անճշտությունների վերաբերյալ ստույգ պարզաբանումներ տալ: Սակայն երեկ, առանց որեւէ զգուշացման, նիստին չէր եկել:

Նկատենք, որ Ա. Աղաբաբյանի հայցը ետ վերցնելու հանգամանքը դատավորի համար էլ անակնկալ էր. նա այնքան էր շփոթված, որ վճիռը կարդալիս հայտարարեց՝ «Դիմումատուն վճիռը կարող է 15-օրյա ժամկետում վերաքննիչ դատարանում բողոքարկել»: Մինչդեռ դահլիճում նստած դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը աչք-ունքով իր կոլեգային հասկացրեց, որ այդ դատավճիռը բողոքարկման ենթակա չէ, քանի որ գործը քննվում է հատուկ վարույթում: Այս զգուշացումից հետո դատավորը ներկաներին կրկին ետ կանչեց եւ սխալն ուղղեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել