Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պայքարը 5-6 մանդատի համար չէ»

Ապրիլ 04,2007 00:00

Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու հույսեր է փայփայում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե ընտրություններում հավասար պայմաններ ստեղծվեն, այսինքն՝ լուծվեն ֆինանսների, եթերային դոստուպի խնդիրները, ապա մեկ վայրկյան անգամ չարժե կասկածել, որ մեր կուսակցությունը Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կկազմի»,- երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, անհավասար պայմաններ լինեն, միեւնույն է՝ պարոն Հովհաննիսյանը դարձյալ կարծում է, որ իրենք խորհրդարանում մեծամասնություն կկազմեն. «Թե որքանով է սա բարի ցանկություն, որքանով՝ իրականություն, առաջիկա 40 օրերը ցույց կտան, բայց մենք լավատես ենք եւ կարծում ենք, որ հայաստանցին վերջապես իր խոսքն ասելու է, ասելու է՝ հերիք է մեզնից խլեք մեր ձայնը, մեր խիղճը»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ մի քանի խիստ նախազգուշացումներ արեց հատկապես այն իշխանական կուսակցություններին, որոնք տառապում են ընտրություններում ամեն գնով հաղթելու «մարմաջով»։ «Ես մարգարե չեմ, բայց որպես պատմաբանի որդի եւ որպես հետազոտական կենտրոնի հիմնադիր-տնօրեն՝ կարող եմ ասել՝ եթե այս անգամ էլ մենք ունենանք հերթական խախտված ընտրությունը, մայիսի 13-ին մեծ սպառնալիքներ եւ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին: Դրանք ոչ միայն ընդդիմադիր հուզականություն կամ քաղաքացիների հերթական օտարում ու դժգոհություն կլինեն, այլ շոշափելի, կոնկրետ միջազգային իրավիճակից բխող վտանգներ: Եվ այդ դեպքում պարտվող կլինի ամբողջ երկիրը, բոլորս միասին: Ո՛չ իշխանական կուսակցությունները, ո՛չ էլ նախագահականը չեն կարողանա դուրս գալ փորձությունից»,- համոզված է «Ժառանգություն» կուսակցության նախագահը:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ կուսակցությունները չպետք է թույլ տան իրենց օգտվել երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակից: Նրա գնահատմամբ՝ վարչական լծակներն ու ֆինանսական «հմայքները» պարզապես արհամարհանք են քաղաքացիների նկատմամբ. եթե այս երկրի մարդիկ մեկը մյուսին հարգում են, ապա բարեգործությունները պետք է կատարեն առանց գովազդի. «Մենք գիտենք, որ որոշ գյուղապետարանների վրա կա կուսակցական կնիք՝ Հայաստանի զինանշանի փոխարեն, իմ խնդիրը մեղադրելը չէ, ես ախտորոշում եմ, ես չեմ ասում, թե իշխանական կուսակցությունները չունեն կարգին անդամներ, ներկայացուցիչներ, բայց այդ փոքրոգությունից, այդ՝ բոլոր գներով հաղթելու մարմաջից մենք պետք է հեռու մնանք»: Քաղաքական գործչի համոզմամբ՝ հաղթանակի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե ժողովուրդը վերջապես ընդունի, որ իր ձայնը տեղ հասավ, հարգվեց ու չգողացվեց սեփական երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել