Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետը հրաժարվել է իր պաշտոնից

Ապրիլ 04,2007 00:00

ՀՀ ոստիկանության գնդապետ Վարուժան Մելքոնյանի համոզմամբ, «Վիրահայերի միասնություն» հ/կ-ում իր կարիքն ավելի էր զգացվում:

ՀՀ ոստիկանության գնդապետ Վարուժան Մելքոնյանը հրաժարվել է իր պաշտոնից՝ հանուն «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունում իր հայրենակիցների հետ համատեղ աշխատանքի: Այժմ պրն Մելքոնյանը վերոնշյալ կազմակերպության աշխատակազմի ղեկավարն է: «Երբ դեռ ոստիկանությունում էի, իմ հանգստի, ազատ ժամանակի հաշվին փորձում էի օգնել կազմակերպությանը, բայց աշխատավայրում իմ առջեւ պայման դրվեց՝ թողնել գործունեությունը «Վիրահայերի միասնությունում» կամ հեռանալ աշխատանքից: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ (ում անունները Վարուժան Մելքոնյանը հարկ չհամարեց հրապարակել– Լ. Օ.) հայտարարեցին, թե իրենց բնավ էլ չեն հետաքրքրում ո՛չ Ջավախքը, ո՛չ «Վիրահայերի միասնությունը», ո՛չ էլ վերջինիս ՀՀԿ-ի հետ համագործակցությունը: Այդ մարդիկ արհեստական լարվածություն էին ստեղծում ինձ համար, աշխատավայրում պահում մինչեւ ուշ երեկո, որպեսզի հնարավորություն չունենամ այլ գործով զբաղվելու: Ի վերջո, ստիպված եղա հրաժարվել ՀՀ ոստիկանությունում ունեցած բարձր պաշտոնից՝ ընտրելով «Վիրահայերի միասնությունը», որտեղ իմ կարիքը զգացվում էր: Ոստիկանությունում էլ շատ անելիքներ կային, բայց ես նախընտրեցի «Վիրահայերի միասնությունը», իսկ ոստիկանությունում ինձ փոխարինող փորձառու կադրեր հաստատ կգտնվեն»,- ասաց պրն Մելքոնյանը:

Նրա կարծիքով, ջավախահայության հիմնախնդիրները լուծելու միակ ելքը հարուստ, կայուն եւ պաշտպանված Հայաստան ունենալն է. «Իսկ հարուստ եւ կայուն Հայաստան ունենալու գործում լուրջ դերակատարում ունեն Վրաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունները: Երկու երկրների առողջ փոխհարաբերությունների ապահովման համար էլ շատ կարեւոր է կայուն, ապահով եւ ապահովված Ջավախք, Ախալցխա, Ծալկա, Բորժոմ եւ այլն ունենալը: Ինչն ապահովելու համար խիստ անհրաժեշտ է թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի հետեւողական հիմնավոր օժանդակությունը: Երկու պետություններն էլ իրենց վրա պետք է լուրջ պարտավորություն վերցնեն հայերի արժանապատիվ ապրելու համար պայմաններ ստեղծելու հարցում, որպեսզի մարդիկ ապրեն հայրենի հողում եւ ոչ թե հուսահատ տեղափոխվեն Հայաստան կամ Ռուսաստան: Բարեբախտաբար, դեռ ուշ չէ, եւ կարելի է շտկել իրավիճակը»:

Ըստ «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության աշխատակազմի ղեկավարի, Ջավախքում առկա խնդիրները լուծելու համար նախ եւ առաջ դրանք պետք է դարձնել համապետական, համահայկական. «Այս գործում մեզ կարող է օգտակար լինել ՀՀ ԱԺ ամբիոնը, եւ սա է այն խնդիրը, որը լուծելու համար էլ վիրահայերի հիմնական մասը նույնպես կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ սատարելով ՀՀԿ-ին, որի համամասնական ցուցակում են ՀՀ բնապահպանության նախարար, «Վիրահայերի միասնություն» հ/կ-ի նախագահության անդամ Վարդան Այվազյանը, համանախագահ Տաճատ Վարդապետյանը, նախագահության անդամ Հայկ Սանոսյանը եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը»:

Վիրահայերի խնդիրների լուծումը հսկայական ուժեր է պահանջում, եւ համախմբված գործունեությունը գերխնդիր է դառնում: Վ. Մելքոնյանը նշեց, որ փաստացի արդեն համախմբվել են Հայաստանում վիրահայերի խնդիրներով զբաղվող գրեթե բոլոր կազմակերպությունները: «Վիրահայերի միասնություն» կազմակերպությանը շարունակում են անդամագրվել արտերկրներում ապրող ջավախցիները, վիրահայերը: Անդամագրության գործընթացը շարունակվում է նաեւ Հայաստանում: Կազմակերպությունը գրասենյակներ ունի Երեւանի բոլոր համայնքներում եւ ՀՀ մարզերում՝ Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում: «Այժմ նույն մարզում մեկից ավելի գրասենյակներ ունենալու անհրաժեշտություն է զգացվում»,- տեղեկացրեց Վ. Մելքոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել