Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՓՈՐՁՈԻՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

Ապրիլ 09,2007 00:00

Գրանցվելուց հետո խոստացել է ներկայանալ

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, լսվեց թիվ 13 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանի հայցը՝ ընդդեմ թիվ 13 ԸԸՀ-ի որոշման: Նշենք, որ Է. Մադաթյանի թեկնածությունը մերժվել էր՝ հաշվի առնելով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ներկայացրած տեղեկանքները, ըստ որոնց՝ Էդվարդ Մադաթյանը (հայտնի է «Խուճուճ Էդո» մականունով- խմբ.) 2004 թ. դեկտեմբերի 6-ից գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից հայտարարված հետախուզման մեջ եւ Հայաստանում չի բնակվում: Այդ փաստի հետ համաձայն չէր հայցվոր կողմը, պնդելով, որ Մադաթյանը նշված ժամանակահատվածում գտնվել է Հայաստանում, եւ անհիմն էր համարում ոստիկանության Էրեբունու բաժնի տեղեկանքները: Ոստիկանության ներկայացուցիչ Թագուհի Հովսեփյանը հիմնավորեց, որ 2004-ից հետախուզման մեջ գտնվող Էդվարդ Մադաթյանի թե փաստացի բնակության վայրում, թե հարազատների ու մտերիմների շրջանում ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել եւ պարզել, որ նա Հայաստանում չէ: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանից ստացված տվյալների համաձայն էլ, նա նույն թվականի նոյեմբերի 9-ին մեկնել է Մոսկվա: Նրա ժամանման մասին սահմանային ոչ մի կետում գրանցում չկա:

Տիկին Հովսեփյանը որպես ապացույց նշեց նաեւ Մադաթյանի՝ ԸԸՀ ներկայացրած լիազորագիրը, որը տրվել է ՌԴ-ում, 2007թ. փետրվարի 26-ին: Հարկ է նշել, որ Էդվարդ Մադաթյանը հետախուզման մեջ գտնվելու այս ժամանակահատվածում կարողացել է դառնալ նաեւ ՌԴ քաղաքացի, թեեւ, ՀՀ իրավապահների տեղեկացմամբ, հետախուզման մեջ է եղել նաեւ այդ երկրում: Ոստիկանության ներկայացուցչի հայտարարությունը՝ Մադաթյանի հարազատների շրջանում հետախուզում եւ հարցումներ կատարելու մասին, խիստ զարմացրեց նիստին ներկա Էդվարդ Մադաթյանի եղբորը՝ Գրիգոր Մադաթյանին, որը «Առավոտին» համոզում էր, որ ոստիկանությունը երբեւէ իր կամ իր եղբոր մյուս հարազատներին եւ ընտանիքի անդամներին որեւէ անգամ չի ստուգել կամ հարցրել հետախուզվողի մասին: Նա սխալ համարեց նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տված ինֆորմացիան, թե եղբայրը մեկնել է Մոսկվա, ասելով, որ իր եղբայրը մեկնել է Գերմանիա: «Առավոտի» հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է տեսել եղբորը, նա պատասխանեց. «Կես ժամ առաջ»: Իսկ թե ինչպես է հետախուզվողը անցել Հայաստանի սահմանը, երբ սահմանային կետերում որեւէ գրանցում չկա, նա ասաց. «Ապօրինի»: Ոստիկանության ներկայացուցչի ռեպլիկին, թե դա օրենքի մեծ խախտում է, Գ. Մադաթյանը պատասխանեց. «Բոլորը օրենքը խախտում են, թող մի անգամ էլ ինքը խախտի»:

Էդվարդ Մադաթյանի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանը նույնպես պնդում էր, որ վերջին չորս ամսվա ընթացքում հինգ անգամ հանդիպել է իր վստահորդին՝ Էդվարդ Մադաթյանին: Հայցվոր կողմը որպես Մադաթյանի՝ Հայաստանում լինելու իրեղեն ապացույց, բերել էր Սեւանի ափին եւ իր տանը ընտանիքի հետ արված լուսանկարները: Ոստիկանության ներկայացուցիչը՝ ի հակադրումն դրանց, ասաց. «Եթե այստեղ լիներ, վաղուց բռնված կլիներ»:

Դատական ողջ նիստի ընթացքում Էդվարդ Մադաթյանի՝ վերջին տարիների Հայաստանում բնակվել-չբնակվելու մասին հայցվոր եւ պատասխանող կողմերի տված թե՛ փաստարկները, թե՛ հակափաստարկները նման էին վերացական վերլուծությունների: Դատարանը մերժեց հայցվոր կողմի պահանջը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե նման գաղտնիության պարագայում, եթե անգամ ԸԸՀ-ն գրանցեր Էդվարդ Մադաթյանի թեկնածությունը, ինչպե՞ս էր նա քարոզարշավ իրականացնելու եւ հանդիպելու ընտրողների հետ, հետախուզվողի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը պատասխանեց, որ ինքը խոստանում է, որ «Գրանցվելուց մեկ ժամ անց նա անձամբ կներկայանար իրավապահներին»: Նա ավելացրեց նաեւ, որ այդ թեկնածուին մարդիկ ճանաչում են եւ նրան առաջադրողներն էլ կարող էին այդ քարոզարշավն իրականացնել, նրան ներկայացնելու-ծանոթացնելու կարիք չկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30