Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵՑ

Ապրիլ 10,2007 00:00

Մի քանի կուսակցություններ երեկ ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը

ՕԵԿ ծրագիրը

\"\"«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին «Մենք պայքարում ենք արժանապատիվ կյանքի, օրենքի եւ արդարության համար» կարգախոսով: Որոշ մեջբերումներ անենք երեկ նրա ներկայացրած նախընտրական ծրագրից: «Ծնելիության խթանում»՝ ըստ Արթուր Բաղդասարյանի, սա նշանակում է ծնվող յուրաքանչյուր երեխային ֆինանսական աջակցություն. «Ասենք, 400 հազար դրամ 1-ին երեխային»: Ծրագրի դրույթներից են՝ «բարձրագույն եւ մասնագիտական կրթության հնարավորություն յուրաքանչյուր երիտասարդի», «ուսանողական վարկերի համակարգի ներդրում՝ 30-40 տարի մարման ժամկետով»: Արթուր Բաղդասարյանը նաեւ նշեց. «ՕԵԿ հաղթանակը նշանակում է ընդունելության քննությունների աստիճանական վերացում»: Կուսակցությունը մտադիր է նվազեցնել կանանց կենսաթոշակային տարիքը եւ պարտադիր զինծառայության ժամկետը, շարունակել ավանդների վերադարձը եւ իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ: Հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում կուսակցության հիմնական կարգախոսն է. «Ավելի լավ է՝ 100 հոգի ունենա մեկական խանութ, քան մի հոգի՝ 100 խանութ»: Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար ՕԵԿ-ն առաջարկում է կառուցել Իրան-Հայաստան երկրորդ գազատարը: Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը հետապնդելու է հետեւյալ նպատակները. «Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների խորացում՝ նպատակ ունենալով անդամակցել Եվրամիությանը, ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացում, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացում»:

ԱՄ ծրագիրը

\"\"«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը երեկ ասուլիսում ներկայացնելով կուսակցության հակաճգնաժամային ծրագիրը՝ նշել է, թե այն 2002-ի ծրագրի կրկնությունը չէ, այլ լրամշակված է ու արդիականացված՝ հաշվի առնելով անցած տարիների ընթացքում տեղի ունեցած արտաքին քաղաքական փոփոխությունները եւ սպասվող մարտահրավերները: Ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացված շուկայական տնտեսության մեջ պետության դերին: Նաեւ նշված է, որ պետությունը պետք է առաջին հերթին աջակցի հայրենական արտադրողին: Այս ծրագրի հիման վրա կուսակցությունը մշակելու է ազգային նախագծեր տարբեր ոլորտներում: Ըստ պրն Գեղամյանի՝ ծրագրի իրականացման շրջանակներում ԱՄ-ն պատրաստվում է 100 օրում ընդունել 42-43 օրենք:

Արտաշես Գեղամյանը համոզմունք է հայտնել, որ կուսակցությունը ստանալու է ընտրողների ձայների նվազագույնը 28-30%-ը: Նա նշել է, որ «Գելապի» 2006-ի հարցումների տվյալներով՝ իրեն երկրի նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել բնակչության 54-57%-ը. «Ես մեր գործընկերների առաջ խնդիր եմ դրել՝ գոնե դրա կեսը եթե մենք չենք ապահովում, կնշանակի՝ շատ վատ ենք աշխատում»: Արտաշես Գեղամյանը վստահեցրել է, թե ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս քվեարկությունն արդար է լինելու. «Մենք այլեւս չենք կարողանա ժողովրդին զսպել: Եվ եթե լինեն ընտրակեղծիքներ, ապա «Ազգային միաբանություն»-ը ինքը ոտքի կանգնելու կոչով կդիմի բնակչությանը»: Ըստ Գեղամյանի՝ «արտաքին ուժերն անհամբեր սպասում են ընտրական խախտումներին, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն եւ ՀՀ-ի վրա ճնշում գործադրեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում»: Այդ իսկ պատճառով՝ «օրինական եւ արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի միակ եւ վերջին հնարավորությունն է»:

ՀՅԴ ծրագիրը

\"\"Երեկ երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում իր քարոզարշավի մեկնարկը ազդարարեց ՀՅԴ-ն: Կուսակցության ղեկավարները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները՝ կենսաթոշակի եւ միջին աշխատավարձի բարձրացում եւ այլն: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Մենք չենք հայհոյելու, չենք սպառնալու եւ ընտրակաշառք չենք բաժանելու, այլ աշխատելու ենք»: Իսկ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ՀՅԴ համամասնական ցուցակում, որում, ի դեպ, ընդգրկված են նաեւ ոչ դաշնակցականներ, «հնարովի, կեղծ, շինծու կենսագրություններ չկան»: Հռետորների յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էին հայրենասիրական եւ Դաշնակցությանը նվիրված երգեր:

Հ. Գ. Այսօր էլ «Ժառանգություն» կուսակցությունը կներկայացնի իր ծրագիրը քաղաքացիական հավաքում, որին մասնակցելու են նաեւ Արտո Թունջբոյաջյանը եւ Armenian Navy Band-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել