Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՍ ՉԵ՛Մ ՀԱՆԻ»

Ապրիլ 10,2007 00:00

Հայտարարեց պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը

Առաջիկա ԱԺ ընտրությունները Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում ՀՀ իշխանությունների ու մասնավորապես «Հանրապետական» կուսակցության համար դարձել են կենաց ու մահու հարց: Այլ կերպ բնութագրել այնտեղ մեկնարկած քարոզարշավն ու դրանից առաջ էլ ծավալված իրադարձությունները՝ դժվար է: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրված չորս թեկնածու կա. ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Ռաֆիկի Հակոբյան՝ «Ճոյտ», Սեդրակ Սարոյան՝ «Գեներալ Սեյրան», Սուսաննա Հարությունյան, Հակոբ Վարշամի Հակոբյան, ով աշխատում է Արաբկիրի թաղապետարանում՝ որպես թաղապետի օգնական, ու Էջմիածին քաղաքի հետ որեւէ կապ չունի: Դեռ առաջադրման փուլում այս ընտրատարածքում թեժ պայքար էր կանխատեսվում՝ նկատի ունենալով ոչ միայն «լժե Հակոբ Հակոբյանի» առաջադրման փաստը, այլեւ այն, որ այստեղ իր կուսակցական «Ճոյտին» պաշտպանելու փոխարեն ՀՀԿ-ն որոշում էր ընդունել սատարել անկուսակցական գեներալին:

Դեռ նախընտրական արշավից շատ առաջ հատկապես այս երկու թեկնածուներն իրար հետ հեռահար բանավեճի ու լեզվակռվի էին բռնվել, իսկ մարտի սկզբներին Հակոբ Հակոբյան-«Ճոյտի» թիմակիցներից մեկին՝ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Անդրանիկ Զորբաբյանին ոստիկանները բերման էին ենթարկել քաղաքի ոստիկանություն ու մի քանի ժամ պահելուց հետո ազատ էին արձակել:

Հեշտ չէր եղել նաեւ Հակոբ Հակոբյանի եւ Սուսաննա Հարությունյանի թեկնածության գրանցումը թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում: Ու թեեւ միջազգային դիտորդների ներկայությամբ ու միայն երկար բանավեճերից հետո էր թիվ 19 ԸԸՀ-ն գրանցել նրանց թեկնածությունը, այդուհանդերձ, արդեն երեկ երեւանցի Հակոբ Հակոբյանը Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանում պահանջում էր չեղյալ համարել թիվ 19 ԸԸՀ որոշումը՝ «Ճոյտի» եւ Սուսաննա Հարությունյանի թեկնածությունների գրանցումը:

Իսկ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը, այս ընտրատարածքում նշանավորվեց կրակոցներով ու հրկիզմամբ:

Նախ, գիշերը՝ 00:30-ի կողմերը, երբ Հակոբ Հակոբյանը եղբորը՝ Արմեն Հակոբյանին պատկանող BMW-525ՄՆ մակնիշի 70ՍԼ444 պետհամարանիշի մեքենայով իր ընկերոջ՝ Գրիգոր Ավետիսյանի հետ գնացել էր «Զվարթնոցի» օբյեկտներից մեկը, մեքենայից իջնելուց եւ օբյեկտ մտնելուց մի քանի րոպե անց անհայտ անձինք կրակ էին բացել նրա ավտոմեքենայի եւ օբյեկտի պատուհանների վրա: Հ. Հակոբյանի փոխանցմամբ, միայն 20-30 փամփուշտ արձակվել էր ավտոմեքենայի ուղղությամբ: Հ. Հակոբյանը կատարվածը միանշանակորեն դիտարկում է ընտրական գործընթացների համատեքստում: «Առավոտի» թղթակցի հետ զրույցում նա հայտարարեց, թե իրենց մեքենայի վրա կրակողները չէին կարող հաստատապես իմանալ, որ մեքենայի մեջ մարդ չկա, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ կրակահերթերը եղել են ոչ թե իրեն վախեցնելու, այլ սպանելու մտադրությամբ:

Նույն գիշերը, ժամը 4:00-ի սահմաններում, անհայտ անձինք հրկիզել են նաեւ Ս. Հարությունյանի նախընտրական շտաբը: Ու թեեւ հրշեջները բնակիչների ահազանգով դեպքի վայր են ժամանել ու փորձել հանգցնել կրակը, այդուհանդերձ, Ս. Հարությունյանը դեպքի մասին իմացել է միայն առավոտյան. «Ես ինքս եմ գնացել Էջմիածնի ոստիկանության բաժին եւ հայտարարություն եմ տվել»:

Ս. Հարությունյանը կասկած հայտնեց՝ ե՛ւ իր գրասենյակի հրկիզումը, ե՛ւ Հ. Հակոբյանի դեմ կատարված մահափորձն իրենց մրցակից գեներալ Սեյրանի ձեռքի գործն է: Երեկ նա պնդեց իր այս կասկածը: Ի դեպ, Հ. Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում կիսեց Ս. Հարությունյանի կասկածները՝ Սեյրան Սարոյանի կողմից ե՛ւ իր, ե՛ւ Ս. Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցածը կազմակերպելու առնչությամբ: Ավելին, Հ. Հակոբյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ իր դեմ կատարված մահափորձի մեջ իրավապահների մատն էլ է խառը: Նա դրանով բացատրեց այն փաստը, որ կատարված մահափորձի առնչությամբ իրեն դեռեւս ոստիկանություն չեն կանչել ու չեն հարցաքննել: Հ. Հակոբյանի ասելով, ոստիկանները բավարարվել են միայն BMW մեքենան զննելով ու ոստիկանության բաժին տանելով: Ընդ որում, Հ. Հակոբյանի ասելով, նախօրեին ոստիկանները բերման են ենթարկել նաեւ մահափորձի պահին իր հետ եղած Գրիգոր Ավետիսյանին, ով «մինչեւ հիմա չկա»:

Գեներալ Սարոյանն ու նրա թիմակիցները հակադարձում են՝ «Ճոյտն» ինքն է իր մեքենայի վրա կրակել: Ի պատասխան՝ Հ. Հակոբյանը երեկ հայտարարեց, որ եթե Սարոյանն այդպիսի բան է հայտարարում, ուրեմն նա դդում է:

Ու մինչ պատգամավորության թեկնածուները միմյանց հասցեին մեղադրանքներ են ուղղում, ՀՀ գլխավոր դատախազությունն այդ մեղադրանքները նյութականացնում է «Ճոյտի» դեմ նոր քրգործ հարուցելու տեսքով: Երեկ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ 2007 թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը Վաղարշապատի բնակիչ Ավագ Սահակի Ղազարյանից հաղորդում է ստացել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, բռնություն գործադրելով, առեւանգել է իր հորը՝ Սահակ Ավագի Ղազարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հ. Հակոբյանն իր վարորդի եւ ոմն Հայկազի հետ միասին, հարկադրաբար Ս. Ղազարյանին նստեցրել են Հ. Հակոբյանին պատկանող ԲՄՎ  մակնիշի սեւ գույնի ավտոմեքենան, ապա տարել Զվարթնոց թաղամասի «Զվարթնոց» ռեստորանային համալիրի թիվ 4-րդ քոթեջը: Ըստ Ս.Ղազարյանի հաղորդման՝ Հ. Հակոբյանը խոստացել է իրեն տալ 5 հազար ԱՄՆ դոլար, եթե իր որդին՝ Վանիկ Ղազարյանը, չներկայանա Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանի 09.04.07թ. դատական նիստին եւ ցուցմունք չտա ի վնաս Հ. Հակոբյանի: Այս նյութերի հիման վրա Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով:

Ի պատասխան այս մեղադրանքի՝ երեկ Հ. Հակոբյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Այդ տղան մեր շտաբի աշխատող է, կորել էր: Երբ մի 8 օր առաջ եկան ու ասացին, որ մեր շտաբի աշխատակիցը չկա՝ մենք հայտարարություն տվեցինք Էջմիածնի ոստիկանության բաժին, որի պատճենն ունենք: Հետո ես գնացել եմ այդ տղայի տուն, հորն եմ հարցրել, թե՝ տղայիցդ ի՞նչ կա, ասել եմ, որ կան փաստաթղթեր, որոնք տղադ է իմ դեմ գրել, գնանք մի հատ պարզենք: Ասեց՝ սիրով: Ինքն էլ ինձ լավ է ճանաչում: Ես, ինքը, օրը ցերեկով, առանց թիկնապահների, առանց այլոց ուղեկցության եկել ենք մեր մոտ, փաստաթղթերն ենք նայել, զրուցել ենք: Մեկ էլ եկան ասացին, թե՝ ձեզ ոստիկանությունից են հարցնում: Հրավիրեցի ներս, եկան ու տեսան, որ նստած խոսում ենք: Հետո էդ մարդուն վերցրել, տարել են: Էդքան բան: Հետո, թե էդ մարդուն ինչ են ասել, ինչ են թողել՝ չգիտեմ»: Հ. Հակոբյանը սա եւս համարում է իր դեմ սկսված հետապնդումների դրսեւորում. «Էդ մարդիկ ոստիկանության հետ միասին ուզում են մեր մարդկանց վախեցնել: Մենք գիտեինք, որ էսպես է լինելու»: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ իր թեկնածությունը հանի եւ «գլուխ չդնի» իշխանությունների հետ՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ոչ: Ես ցանկացած մարդու հետ պատրաստ եմ գլուխ դնել, ցանկացած եղանակով, ցանկացած ձեւի: Ես իմ թեկնածությունը չեմ հանելու»:

Երեկ Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանում վիճարկվում էր Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում առաջադրված Հ. Հակոբյանի եւ Ս. Հարությունյանի թեկնածությունների գրանցման օրինականությունը: Այս թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան էր դիմել նույն ընտրատարածքում առաջադրված «լժե Հակոբ Հակոբյանը»՝ Արաբկիրի թաղապետի օգնականը: Ու մինչ դատարանը, նաեւ միջազգային դիտորդների ներկայությամբ, քննում էր այս հայցը, դրսում Հակոբ Հակոբյանի կողմնակիցներն ի պաշտպանություն իրենց թեկնածուի մինի ցույց էին կազմակերպել: Երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել նաեւ Արմավիրի 1-ին ատյանի դատարանի շենքի դեմ բողոքի ցույցին մասնակցած երեք հոգու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել