Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելն» ու մյուս պրովայդերները հավասար դաշտում չեն

Ապրիլ 10,2007 00:00

\"\"Ըստ պրովայդերների, «ԱրմենՏելը» նորից գերիշխող դիրքը չարաշահել է

Ապրիլի 3-ից «ԱրմենՏելը» սկսել է Երեւանի ֆիքսված հեռախոսակապի թվային կայանների բաժանորդներին նոր ծառայություն մատուցել՝ «ԱրմենՏել Օնլայն»: Այդ ծառայության միջոցով բաժանորդները կարող են ինտերնետին միանալ՝ օպերատորի կողմից առանձնացված՝ 8888 հեռախոսահամարին զանգ կատարելու (dial-up) միջոցով: Այդ ծառայությունից Հայաստանում գործող ինտերնետ պրովայդերները տուժել են: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Էքսոլթ» (բաժանորդներին հայտնի է «Xternet» ապրանքային նշանով) ընկերության նախագահ Վահան Հարությունյանը, «ԱրմենՏելն» իր գերիշխող դիրքը չարաշահում է՝ օգտվելով մենաշնորհից: Ըստ նրա, բջջային կապի առաջին օպերատորը, օգտագործելով ֆիքսված հեռախոսակապը, նորանոր էժան ծառայություններ է մատուցում, ինչը վնասում է ոչ միայն «Xternet»-ի, այլեւ ինտերնետային գործունեություն իրականացնող բոլոր պրովայդերներին:

«ԱրմենՏելի» առաջարկի համաձայն, ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կարող են առավոտյան ժամը 8-ից մինչեւ ժամը 24-ը ինտերնետին միանալ 2,5 դրամով, իսկ 24-ից մինչեւ 8-ը՝ կես դրամով: Պրովայդերները դժգոհում են, որ իրենք այդ ծառայությունը չեն կարող մատուցել, քանի որ «ԱրմենՏելի» պես ֆիքսված հեռախոսակապի նկատմամբ մենաշնորհ չունեն:

«ԱրմենՏելն» այս ոլորտում ինչ ցանկանա՝ այն էլ կարող է անել: Այդ ընկերությունը միանշանակ մեր գործին խփում է: Սպասենք, տեսնենք ինչ է իրենից ներկայացնում այդ ծառայությունը, ինչ որակով, նոր միայն հստակ կկարողանանք կողմնորոշվել՝ այն ինչքան է մեզ վնասում: Չէ՞ որ միայն գովազդով գիտենք այդ ծառայությունների մասին, իսկ շատ հաճախ գովազդները չեն համապատասխանում իրականությանը»,- մեզ հետ զրույցում ասաց «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

«Xternet» ընկերությունը չբացառեց, որ մոտ ապագայում դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովներին՝ խնդրելով «ԱրմենՏելի» նոր ծառայությունը դադարեցնել: Մյուս բողոքող պրովայդերներն էլ հնարավոր է միանան նրա բողոքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել