Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՁԵՌԱԳԻՐԸ ԷԼԻ ՆԱԽԿԻՆՆ Է

Ապրիլ 12,2007 00:00

Ասում է թիվ 37 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանը:

– 37 ընտրատարածքը, Արմավիրի 19 ընտրատարածքի հետ միասին, քարոզարշավի ամենաթեժ կետերից էր: Սակայն կարելի՞ է ասել, որ Սամվել Բաբայանի թեկնածությունը հանելուց հետո այստեղ հանդարտվել են կրքերը եւ այլեւս չեն գործադրվում վարչական կամ այլ լծակներ:

– Չեմ ուզում թերագնահատել մյուս բոլոր ընտրատարածքների կարեւորությունը, սակայն գտնում եմ, որ Սյունիքի թիվ 37 ընտրատարածքում շատ բան է որոշվելու: Ոչ միայն եւ ոչ այնքան ԱԺ ընտրությունների եւ մեկ պատգամավորական մանդատի հարց է որոշվում այստեղ, այլ, ըստ էության, առաջիկա ամիսներին երկրի զարգացման հետ կապված շատ կարեւոր մի խնդիր: Ըստ իս՝ մեր երկրի վիճակով մտահոգ յուրաքանչյուր անհատ սա քաջ գիտակցում է:

Ինչ վերաբերում է վարչական, ֆինանսական, ուժային կամ այլ լծակների օգտագործմանը, ապա ինչպես եւ անցած 13 տարիների ընթացքում ընդհանրապես Սյունիքում եւ մասնավորապես՝ Գորիսում ու Սիսիանում, բազմիցս ուղղակիորեն ոտնձգություններ են կատարվել մեր ժողովրդի հավաքական կամքի նկատմամբ ամենաբիրտ ու վայրենի մեթոդներով: Եվ հանրահայտ է, որ մեր երկրում ընտրությունների ժամանակ անընդհատ ամենաբացասական գնահատականները տրվում են Սյունիքում ընտրությունների վերաբերյալ: Բոլորս գիտենք, որ այստեղ ոչ միայն վարչական, ֆինանսական եւ ուժային ռեսուրսը, քրեական եւ այլ մեթոդներ են օգտագործվել, այլ նաեւ ուղղակի իրականացվել է մի սովորական թվանկարչություն: Եվ այս ամենը փորձելու են կիրառել գալիք ընտրությունների ժամանակ նույնպես:

Սակայն ուրախությամբ պիտի ասեմ, որ ժողովրդի մեջ դրական միտումներ եմ տեսնում՝ զգում եմ, որ մարդկանց համբերության բաժակն ուղղակիորեն լցվել է: Վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում համախմբվելու եւ կազմակերպվելու է մեր ժողովրդի ակտիվ զանգվածը: Եվ Սյունիքը Հայաստանում ծառայելու է հաղթական պայքարի իսկական օրինակ:

– Որոշակիացրեք, թե վերջին շրջանում ինչպե՞ս է դրսեւորվել ընտրարշավում զանազան լծակներ կիրառելու գործելակերպը:

– Ապրիլի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզչությունից դեռ շատ ավելի առաջ՝ հունվարի 11-ից սկսած, այստեղ իշխանության բավական բարձր պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ այլ պաշտոնյաներ հանդիպումներ էին ունենում Սյունիքի պետական համալսարանում, կամ՝ Գորիսի քաղաքապետարան էին հրավիրել բոլոր համայնքների ղեկավարներին, կրթօջախների տնօրեններին եւ տարբեր ձեռնարկությունների ղեկավարներին: Ասենք, փետրվարի 16-ին Գորիսի քաղաքապետարանում ժամը 13-ին հրավիրել էին այդ բոլոր ղեկավարներին, ու տարածքային կառավարման նախարարը, մարզպետը եւ այլք ներկայացնելով դեռեւս պատգամավորության թեկնածու չառաջադրված Ալեքսանդր Սարգսյանին՝ փառաբանում էին նրան եւ ուղղակիորեն հանձնարարում, թե առնվազն 95 տոկոս ձայն է պետք ապահովել նրա օգտին: Ի դեպ, ասեմ, որ Ալեքսանդր Սարգսյանն անգամ շնորհակալություն չի հայտնել:

Ոչ միայն «Ընտրական օրենսգրքի» մի քանի հոդվածներն են խախտվել, այլեւ քրեական օրենսդրության պահանջների խախտումներ են սրանք: Բարձրաստիճան պաշտոնյաների այս գործողություններն, ըստ էության, պաշտոնական դիրքի չարաշահում են: Եվ այս ամենը մինչեւ փետրվարի 28-ը ցինիկորեն բազմիցս ցուցադրել են Գորիսի տեղական հեռուստատեսությամբ: Այս ամենից հետո դեռ խոսում են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին:

– Փաստորեն այն, որ Սերժ Սարգսյանի եղբոր նախընտրական շտաբը ղեկավարեց ոչ թե Սյունիքի մարզպետը, այլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը՝ չփոխե՞ց ընտրարշավի որակը:

– Բացարձակապե՛ս: Ահա քիչ առաջ էլ Գորիսի հրապարակում ինձ պատմում էին, որ նույն մարզպետը բոլոր գյուղերից 3-ական հոգու՝ համայնքապետին, նրա տեղակալին ու դպրոցի տնօրենին հատկապես շաբաթ-կիրակի օրերին հրավիրում եւ ուղղակի հանձնարարում է, թե առնվազն 90 տոկոս ձայն պետք է ստանա ՀՀԿ-ն եւ նրա թեկնածու Ալեքսանդր Սարգսյանը: Եվ դրա համար ամեն ինչ ապահովելու են: Իսկ հակառակ պարագայում սպառնում են, թե պաշտոնանկ կլինեն արդեն մայիսի 13-ին: Եվ շեշտում եմ՝ սա նոր բան չէ, այլ ընդամենը նախկին ձեռագրի շարունակումն է:

– Այս փաստերի մասին հայտնե՞լ եք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելության դիտորդներին, որոնք տեղակայված են այդ տարածաշրջանում:

– Վերջին հաշվով՝ ես իրավապահ ծառայության ներկայացուցիչ կամ մասնավոր դետեկտիվ չեմ, որ գնամ այդ հանդիպումներում լուսանկարեմ, ձայնագրեմ եւ փոխանցեմ այդ փաստերը: Սակայն միջազգային դիտորդներին հորդորում եւ կոչ եմ անում՝ ուշադրության կենտրոնում պահեն հատկապես թիվ 37 ընտրատարածքի առաջիկա զարգացումները, եւ վստահ եմ, որ կարճ ժամկետում կհամոզվեն, որ այստեղ ոչ թե օրենքի ընդամենը խախտումներ են տեղի ունենում, այլ օրենքի հանդեպ վայրագ վերաբերմունքի դրսեւորումներ:

Նաեւ ասեմ, որ շատ ուրախ կլինեմ, եթե միջազգային դիտորդները գտնվեն իրենց կոչման բարձրության վրա եւ հնարավորինս օժանդակեն Հայաստանում ազատության եւ արդարության վերահաստատմանը, սակայն մեր հույսը դրել ենք մեզ վրա:

Հ. Գ. «Ինձ համար ցավալի է, որ անցած 16-17 տարիներին ներկայիս մարզպետի մասին հարյուրավոր հրապարակումներ են եղել: Եվ շատ ուրախ կլինեի, եթե նա այդ ամենից դասեր քաղեր եւ վերջին հաշվով՝ հիշեր, որ իր, իր եղբայրների ու հարազատների, ենթակաների ապօրինի եւ արգահատելի գործունեությունը երբ ներկայացվում է տարբեր ԶԼՄ-ներով, այդ անունների կողքին օգտագործվում է Գորիս, Սյունիք եւ Հայաստան թանկագին անունները»,- ասաց Սամվել Հարությունյանը: Իսկ երբ հիշեցրինք, թե Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է՝ «Իմ եղբայրները 45, 48 տարեկան են, եթե նույնիսկ ինչ-որ բան են արել, սխալ են թույլ տվել, ես ի՞նչ կապ ունեմ նրանց հետ: Նրանք չափահաս մարդիկ են»՝ Սամվել Հարությունյանն ասաց. «Վստահ եմ, որ իր եղբայրներն ու հարազատներն ընդամենը մինչ հիմա փորձել են օրինակ վերցնել իրենից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել