Լրահոս
Օրվա լրահոսը

Էկվիլիբրիստ-հեծանվորդը կմեկնի

Ապրիլ 12,2007 00:00

\"\"Արթուր Սահակյանը իր մեկնումը Ֆիլիպիններ՝ արդարացնում է

«Կրկեսային արվեստում չափանիշներ չկան, բարդ մեխանիզմ է, չկա գիր ու գրականություն: Յուրաքանչյուր անհատ ստեղծագործաբար է մոտենում իր համարներին: Հաճախ ասում են, թե նույն բանն եմ անում: Կրկեսի արտիստը ամեն օր ութ ժամ պարապելուց հետո պետք է նույն համարը անընդհատ կատարելագործի՝ ներմուծելով նոր տարրեր: Դրա համար էլ մեկ խաղաշրջան հանդես գալուց հետո, որը տեւում է 3-4 ամիս, այս կրկեսից գնում ենք մեկ այլ կրկես»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Երեւանի Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ, էկվիլիբրիստ-հեծանվորդ Արթուր Սահակյանը: Նա 2000 թ. սկսած՝ հայկական կրկեսային խմբով հասցրել է ելույթներ ունենալ Վրաստանում, Իրանում եւ, ինչպես ինքը տեղեկացրեց, 9 ամիս աշխատել է Սիրիայում: Օրերս էլ Ա. Սահակյանը հրավեր է ստացել Ֆիլիպիններից, ուր եւ պատրաստվում է մեկնել մոտ ապագայում: Արտիստը բացառություն չէ մշակույթի ոլորտի այն ներկայացուցիչներից, ովքեր օգտագործելով իրենց անձնական կապերը, հայտնվում են արտերկրում: Ա. Սահակյանը չթաքցրեց, որ ինքն էլ ֆիլիպինցիներին ներկայացել է CD-ով: Հասկանալով, որ տարիներ շարունակ միեւնույն համարով չես կարող աշխատել կրկեսային նույն կոլեկտիվում, այդուհանդերձ, արտիստից հետաքրքրվեցինք՝ ինչ դերակատարություն ունի գումարը արտերկիր մեկնելու հարցում, մանավանդ Ա. Սահակյանի դեպքում, երբ վերջին տարիներին հայկական կրկեսն ունեցել է երկու էկվիլիբրիստ-հեծանվորդ՝ մեր զրուցակիցը եւ Մուշեղ Խաչատրյանը, որը տարիներ առաջ մեկնել է Թաիլանդ: Արտիստը պատասխանեց. «Եթե Սիրիայում տասը համերգից վարձատրվում էի մոտ 500 դոլար, ապա Հայաստանում դա կազմում է մոտ 100 դոլար: Իսկ Ֆիլիպիններում վարձատրությունը, ըստ նախնական բանակցությունների, կազմելու է շուրջ 2000 դոլար»: Արտիստը, բացի ֆինանսականից, անդրադարձավ նաեւ Երեւանի կրկեսի աշխատանքային գրաֆիկին, ասելով. «Միայն Երեւանում է, որ կրկեսն աշխատում է ընդամենը երկու օր՝ շաբաթ ու կիրակի օրերին: Թեեւ ես վերջին շրջանում կրկեսում չեմ, այլ հանդես եմ գալիս առանձին համերգներով, բայց պետք է նկատեմ, որ կրկեսի հայաստանյան աշխատավարձերը այդքան ցածր չեն լինի, եթե շաբաթական երկու օրվա փոխարեն կրկեսն աշխատի մի քանի օր եւս, մանավանդ այսօր Երեւանի կրկեսում արդեն կան շուրջ 30 կենդանի եւ տարբեր ժանրերի արտիստներ: Կուզենայի, որ մեր կրկեսի ղեկավարությունն էլ պայմանագրեր կնքեր արտերկրի արտիստների հետ, որոնց ներկայությունը իրենց հայ կոլեգաների կողքին, համոզված եմ, հետաքրքրություն կառաջացներ կրկեսային արվեստի սիրահարների շրջանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել