Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ

Ապրիլ 17,2007 00:00

\"\"Թալինի քաղաքապետն ու մշակույթի տան տնօրենը իրենց պաշտոնն օգտագործում են ի նպաստ իրենց քաղաքական գործունեության:

Թիվ 15 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքն ու եւս 75 համայնք, ԱԺ պատգամավորի աթոռի համար պայքարում է մեծամասնականով առաջադրված հինգ թեկնածու՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան աջակցությունը վայելող անկուսակցական Մնացական Մնացականյանը, «Դաշինք» կուսակցության անդամ Տիգրան Սահակյանը, անկուսակցականներ Վահագն Պետրոսյանը եւ Արսեն Վարդանյանը: Ապրիլի 12-ի դրությամբ Թալինում դեռեւս պատրաստ չէին թեկնածուների քարոզչական բուկլետներն ու պաստառները: Թեկնածուներից ԲՀԿ-ամետ Մնացական Մնացականյանը թեեւ իր քարոզարշավը սկսել է ապրիլի 14-ից, բայց արդեն Ընտրական օրենսգրքի (ԸՕ) բացահայտ խախտումներ է արել: Թեեւ նա ապրիլի 9-ից արձակուրդի մեջ է, սակայն մեր այցելության պահին Մ. Մնացականյանը քաղաքապետարանի իր աշխատասենյակում սովորականի նման աշխատում էր՝ իր ենթականերին հանձնարարականներ էր տալիս ու քաղաքացիներ էր ընդունում: Մինչդեռ, ԸՕ-ի պահանջով, արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս: «Առավոտի» այն հարցին՝ եթե արձակուրդում եք՝ ինչո՞ւ եք քաղաքապետ աշխատում, Մ. Մնացականյանը պատասխանեց. «Ի՞նչ է խանգարում, որ ես գտնվում եմ քաղաքապետարանում: Ոչ մի խնդիր էլ ես չեմ տեսնում»: Պարոն Մնացականյանն արդեն բացել էր իր նախընտրական հիմնադրամը: Հենց նա էլ իր հաշվին փոխանցել էր 1 մլն դրամ: Մեր հարցին, թե որտեղի՞ց քաղաքապետին 1 միլիոն դրամ եւ, արդյոք, նա իր 120 հազար դրամ աշխատավարձի՞ց է այդ գումարը տնտեսել, Մ. Մնացականյանը պատասխանեց. «Ես 17 հեկտար հող եմ մշակում եւ այդ եկամուտները ստացել եմ գյուղատնտեսությունից»: Նա ասաց, որ իր հովանավորյալը՝ ԲՀԿ-ն, դեռեւս ոչ մի լումա հիմնադրամին չի փոխանցել եւ հայտնի էլ չէ՝ կփոխանցի՞, թե՞ ոչ: Մ. Մնացականյանը տեղեկացրեց, որ իրեն, բացի ԲՀԿ-ից, սատարում են նաեւ այլ ուժեր, իսկ թե ովքեր՝ չբացահայտեց. «Էդ արդեն իմ խնդիրն ա, թե ով ա ինձ սատարում, ով չի սատարում»:

Հանրապետական Խաչիկ Մանուկյանն ասաց, որ առաջիկա օրերին ընտրողների հետ «ակտիվ հանդիպումներ» կունենա: Մեզ հետ զրույցում թալինցիները համոզմունք հայտնեցին, որ թեժ պայքարը քաղաքապետի եւ Խ. Մանուկյանի միջեւ է ծավալվելու: Նրանց ներկայացմամբ՝ «Վերջին ժամանակներս այս երկու թեկնածուների ջրերը մի առվով չեն հոսում»: Թալինում՝ բացի ՀՅԴ-ի պաստառներից, այլ գովազդային վահանակներ չկային: Այստեղ բացակայում էին նաեւ Գ. Ծառուկյանի դիմանկարով խոշոր պաստառները: Այս առնչությամբ ԲՀԿ Թալինի տարածքային կազմակերպության պատասխանատու Յուրիկ Խաչատրյանն ասաց. «Մենք ավելորդ բաներ չենք անում, որովհետեւ ժողովուրդը մեզ համակրում է, մենք ագիտացիայի կարիք այնքան էլ չունենք»: Յու. Խաչատրյանը բացառեց, որ Թալինի ընտրատարածքում որեւէ կուսակցություն ընտրակաշառք բաժանի: Փոխարենը Հանրապետություն կուսակցության Թալինի տարածքային գրասենյակի ղեկավար Ժորա Սափեյանը «Առավոտին» վստահեցրեց, որ ԲՀԿ-ն այս օրերին, պարկը 2500 դրամով, պարարտանյութ է բաժանում. «Թալինում հանդիպման էի՝ ժողովուրդը հարցնում էր, թե իրենց բաժանելու համար մեզ հետ ի՞նչ ենք տարել, ասացինք, որ տալու ոչինչ չունենք»: Լեւոն Մուրադյանն էլ, որը ղեկավարում է Հանրապետություն կուսակցության Թալինի շտաբը, նշեց, որ ՀՀԿ-ն էլ մատչելի գներով դիզելային վառելիք է բաժանում:

«Ամբողջը հերյուրանք է, թե իրենք որտեղից են լսում՝ չգիտեմ»,- նշեց ՀՀԿ Թալինի տարածքային գրասենյակի նախագահ Ժորա Գրիգորյանը:

Նա Թալինի մշակույթի տան տնօրենն է: Մեր այցելության պահին Ժ. Գրիգորյանն էլ իր աշխատասենյակում հանձնարարություններ էր տալիս Սորիկի, Հացաշենի գյուղապետերին, Կադաստրի եւ Անտառտնտեսության պետերին, որոնք նույնպես ՀՀԿ անդամ են: Մեզ տեսնելիս Ժ. Գրիգորյանը հանկարծակիի եկավ եւ ասաց՝ եթե մեր տեսածի մասին գրվի, ապա ինքը վկաներով կգա խմբագրություն եւ կհերքի. «Իրենք իմ ընկերներն են՝ իրավունք չունե՞մ նրանց հետ հանդիպել»:

ՕԵԿ գրասենյակում էլ պատրաստվում էին իրենց նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ ապրիլի 18-ին Թալին կատարելիք այցին: Կուսակցության Թալինի գրասենյակի ղեկավար Անուշավան Վարդանյանը, որն ՕԵԿ-ի համամասնական ցուցակով է առաջադրված, նշեց. «Հանկարծ ու հանկարծ որեւէ մեկը կաշառք բաժանի՝ խոստանում եմ, որ պատասխանատվության կենթարկվի»: Որ թեկնածուները Թալինում խախտումներ են թույլ տալիս, մասնավորապես՝ վարչական ռեսուրսներ են օգտագործում, ակնարկներ արեց «Դաշինքի» թեկնածուն՝ Տիգրան Սահակյանը, սակայն մանրամասները խոստացավ ավելի ուշ փոխանցել: Մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել մյուս երկու թեկնածուներին, քանի որ Թալինում ոչ ոք չգիտեր նրանց շտաբների գտնվելու վայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել