Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան համերգ՝ հայկական տնավարիությամբ

Ապրիլ 17,2007 00:00

«Տաշիր-2007»-ը չտարբերվեց նմանօրինակ միջոցառումներից

Կիրակի օրը Մոսկվայի Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2007» երկրորդ մրցանակաբաշխությունը, որի կազմակերպմանը աջակցել էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու «Անելիք» բանկային համակարգը:

Միջոցառումը հեռարձակվում էր Հ1-ի ուղիղ եթերով՝ ավելի քանի 5 ժամ, եւ այն դիտելու հնարավորություն ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ Սփյուռքը:

Այս անգամ էլ տիրում էր նույն տնավարիությունը, ինչպես նախորդ նմանօրինակ միջոցառումներում: Ու քանի որ այդ օրը Արա Աբրահամյանի ծննդյան օրն էր, հավանաբար ծրագիրը կազմված էր նրա ճաշակով, ու կազմակերպիչներն էլ Մոսկվա էին տարել «յուրայիններին»՝ լրացուցիչ գումար վաստակելու համար: Մրցանակաբաշխությանը ներկա ռուսական աստղերի մի մասը, ըստ մեր տեղեկությունների, առանց հոնորարի էր մասնակցում համերգին՝ դա արդեն «ռասկրուտկա» էր կամ Արա Աբրահամյանի՝ իրենց համար արածների «տակից» էին փորձում դուրս գալ: Օրինակ, երգչուհի Լոլիտան, ում շնորհվեց «Հայ ժողովրդի բարեկամ» տիտղոսը (՞), քանիցս ռուսահունչ հայերենով հայտարարեց, որ իր երգի մեջ «պող չկա», անվճար երգելու է, որից հետո գնալու է «փողով տեղ»: Նաեւ ասաց, ինքը մտերիմ է Արա Աբրահամյանի հետ, բայց միակ երգչուհին է, որի եւ Ա. Աբրահամյանի միջեւ ոչինչ չի եղել: Նա մրցանակի վրա պառկած երգելուց հետո համբուրեց բեմի վրա կանգնած բոլոր տղամարդկանց, իսկ «անկեղծ» հանդերձով հաղորդավարուհի Նազենիին համբուրելն էլ արդարացրեց հետեւյալ բառերով. «Շորի տակից երեւացող ձեր ազդրերը շա՜տ լավն են»:

Մրցանակաբաշխության ժամանակ տրվող մրցանակները ոչ մի տրամաբանության մեջ չէին տեղավորվում: Օրինակ, Անի Քրիստիին շնորհվեց «Հայաստանի ամենաոճային երգչուհի» տիտղոսը: Ի դեպ, Անին, որ երբեք ոճայնությամբ ու ինքնատիպությամբ չի փայլել, համերգին ներկայացել էր «դարդոտ» սիրահարի կարճ կյանքի մասին պատմող «կլարնետախառը» երգով, հարսանեկան զգեստով եւ վերջինիս հետ անհարիր թափթփված մազերով: Հավանաբար, այդ պատճառով ճանաչված ոճաբան Սերգեյ Զվերեւը, ի տարբերություն մյուս մրցանակ հանձնողների, տարակուսած ծաղկեփունջը հանձնեց Անիին ու պարտականությունը կատարելուց հետո արագ հեռացավ: Փոխարենը պերճախոս էր չգիտես ինչ չափանիշով «Հայաստանի ոսկե ձայն» անվանակարգում հաղթած Սյուզան Մարգարյանին մրցանակ հանձնող Վլադիմիր Ժիրինովսկին: Երգչուհուն շնորհավորելուց զատ, նա մի քանի րոպեում ճանաչեց Արցախի ինքնորոշումը, հետ բերեց Արեւմտյան Հայաստանի հողերը եւ Արարատ լեռը վերադարձրեց հայերին:

Լավագույն հեռուստատեսային հումորային նախագիծ ճանաչված «32 ատամը» այս անգամ էլ «փայլեց» անհամ ու վուլգար «արտադրանքով»: Օրինակ՝ Սամվել Գրիգորյանի հետ շուոն վարող ռուս հաղորդավարուհու կուրծքն ակնարկելով «ատամականներից» մեկն այսպես ասաց. «Օ՜, անվտանգության ինչպիսի՜ բարձիկներ»: Սամվել Գրիգորյանն էլ շարունակեց «հումորը». «Գուբկավատ եմ արել, որ բերեմ Հայաստան»: «Չէ՜, մեր լադոկներին չի դիմանա»,- նորից «կատակեց» «32 ատամը»:

Ընդհանրապես, ողջ միջոցառումը վատ էր կազմակերպված: Մի փոքրիկ մանրամասն եւս՝ հայտարարվում էր երգչի անունը, հետո բեմի վրա մրցանակ հանձնողները մի քանի րոպե որոշում էին, թե ով պետք է ծաղիկը հանձնի, ով՝ մրցանակը, կամ դրանցից առաջինը որը պիտի տրվի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել