Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐՋՈՒՄ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ

Ապրիլ 17,2007 00:00

Դրեզդենում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 8-րդ առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8,0 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, իսկ կանանց մեջ՝ նույնպես ՌԴ ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան՝ 10,0 միավոր:

Ցավոք, այս անգամ մեր շախմատիստները չարդարացրին սպասելիքները, չնայած մինչեւ նախավերջին տուրը՝ հատկապես Էլինա Դանիելյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ունեին: Սակայն տղաների համար ամեն բան ի չիք դարձավ 10-րդ տուրում, երբ թե՛ Արտաշեսը, թե՛ Տիգրանը պարտություն կրեցին: Ճիշտ է, նրանք եզրափակիչ օրը առավելության հասան մրցակիցների նկատմամբ, սակայն դա ընդամենը սփոփանքի դեր կատարեց: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանի ինը գրոսմայստերները զբաղեցրին հետեւյալ տեղերը:

45. Տիգրան Լ. Պետրոսյան 7,0 48. Արտաշես Մինասյան 7,0

61. Տիգրան Քոթանջյան 7,0

83. Զավեն Անդրիասյան 6,5

106. Գաբրիել Սարգսյան 6,5

127. Աշոտ Անաստասյան 6,5

147. Ռաֆայել Վահանյան 6,0

164. Կարեն Ասրյան 6,0

201. Արման Փաշիկյան 5,5

Վերջին տուրում աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկին՝ բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային (նա ի վերջո դարձավ բրոնզե մեդալակիր) սպիտակներով պարտվելով՝ Էլինա Դանիելյանը 7,0 միավորով Եվրոպայի առաջնությունն ավարտեց 20-րդ հորիզոնականում: Լիլիթ Մկրտչյանը բավարարվեց 43-րդ տեղով (6,5 միավոր), իսկ Սիրանուշ Անդրիասյանը (5,5)՝ 74-րդով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել