Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-Ն ԼԻՆԵԼՈՒ Է ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ»

Ապրիլ 19,2007 00:00

\"\"Վստահ է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը

– Պարոն Աբրահամյան, նախ ասեք, թե ի՞նչ ընթացքի մեջ է Վարդան Ղուկասյանի մահափորձի առիթով հարուցված քրեական գործը: ՀՀԿ-ն ունի՞ վարկածներ կազմակերպիչների մասով:

– Նախ, ես դատապարտում եմ տեղի ունեցածը, եւ ինչ ենթատեքստ էլ այն ունենա, միանշանակ է, որ նման մեթոդներով հարցեր չպետք է լուծվեն, եւ այդ մահափորձի կազմակերպիչները անպայման պետք է ստանան իրենց արժանի պատիժը: Իրավապահները ինտենսիվորեն զբաղվում են այդ գործով, ուստի ճիշտ չեմ համարում կանխակալ վարկածներով նրանց աշխատանքի վրա այս կամ այն կերպ ազդելը։ Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, եւ իրավապահների առջեւ թե՛ հանրապետության նախագահը, թե՛ կառավարությունը հստակ խնդիր են դրել՝ ամեն ինչ անել հանցագործությունը բացահայտելու համար:

– Դուք, որպես ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի առաջին տասնօրյակը:

– Քարոզարշավի առաջին տասնօրյակը առայժմ ընթանում է նորմալ, չնայած որոշ քաղաքական ուժեր չեն փոխել իրենց ավանդական գործելաոճը՝ խոսել ոչ թե իրենց անելիքներից, այլ վարկաբեկել մրցակիցներին: Հանրապետական կուսակցությունն ի սկզբանե իր առջեւ քաղաքակիրթ քարոզարշավ տանելու խնդիր է դրել, եւ մենք մեր սկզբունքները չենք փոխելու: Իսկ դրանք շատ պարզ են՝ ՀՀԿ-ն ընտրարշավին մասնակցում է ոչ թե այլ քաղաքական ուժերին վարկաբեկելու եւ դրա հաշվին դիվիդենդներ շահելու, այլ սեփական արածն ու անելիքները ներկայացնելու հստակ ռազմավարությամբ, ու մենք վստահ ենք, որ ժողովուրդը դա գնահատելու է: Հանրապետական կուսակցությունը անմաքուր ընտրական տեխնոլոգիաներով չի զբաղվել եւ չի զբաղվելու, այլ հենվելով այս տարիներին արձանագրված նվաճումների վրա՝ ներկայացնելու է այն հստակ ռեսուրսները, որոնք մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ կրկին ստանալով ժողովրդի վստահությունը՝ Հանրապետականը լուծելու է բոլոր այն խնդիրները, որոնք դեռեւս իրենց լիարժեք լուծումը չեն ստացել: Ի տարբերություն քաղաքական որոշ ուժերի, որոնք նախընտրական այս շրջանում ժողովրդին, ինչպես միշտ, բան չունեն ներկայացնելու՝ բացի մրցակիցներին հայհոյելուց, Հանրապետականն ունի հստակ ասելիք, ունի արված գործ եւ ռեալ հնարավորություններ՝ այդ գործը արժանապատիվ կերպով շարունակելու համար:

– Ընտրությունների նախաշեմին ցանկացած ուժ գիտի, թե մոտավորապես քանի տոկոս ներկայություն կարող է ակնկալել խորհրդարանում: ՀՀԿ որոշ անդամներ այս օրերին վստահաբար հայտարարում են, որ ՀՀԿ-ն հավակնում է բացարձակ մեծամասնության: Դուք ե՞ւս այս կարծիքին եք:

– Այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր այնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ են արել, որ ժողովրդի մեջ սասանվել է հավատը իրական խոսքի եւ խոստման հանդեպ: Սակայն անցած տարիների փորձից պետք է բոլորի համար ակնհայտ լինի, որ Հանրապետական կուսակցությունը երբեք չի տվել խոստումներ, որոնք հետո գործ չեն դարձել, եւ չի արել գոնե մեկ հայտարարություն, որի ետեւում չի եղել կոնկրետ գործ: Կառավարության, որի կազմում լուրջ ներկայություն ունեն հանրապետականները, վերջին տարիների գործունեության արդյունքն են մեր տնտեսության երկնիշ աճն ու ժողովրդի կենսամակարդակի նկատելի բարձրացումը, ինչը մեզ հիմք է տալիս պնդելու, որ Հանրապետական կուսակցությունը կարող է եւ ի վիճակի է խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն: Մենք գործով ենք վաստակել առաջինը լինելու մեր վստահությունը, եւ դրանք սոսկ խոսքեր չեն, այլ ռեալ եւ օբյեկտիվ իրականություն: Խոստումներ շռայլելը ամենահեշտ բանն է, եւ մենք տեսնում ենք, թե քարոզարշավի այս օրերին ինչպես են որոշ քաղաքական ուժեր օգտվում տարիների իրենց ավանդական գործելաոճից՝ ժողովրդին արդեն մայիսի 13-ից խոստանալով հայկական հրաշք: Հանրապետականն էլ կարող էր խոստանալ հրաշքներ, որովհետեւ մեր երեւակայությունը հաստատ ոչ մեկից պակաս չէ, սակայն մայիսի 12-ին կյանքը չի վերջանալու, գալու է մայիսի 13-ը, եւ ժողովուրդը պատասխան է պահանջելու խոստացված երկրային դրախտի համար: Հանրապետական կուսակցությունը խոստանում է այն, ինչ կարող է անել եւ շատ դեպքերում խոստանում է ավելի քիչ, քան հաստատ անելու է: Կարծում եմ, այսպիսին պետք է լինի իր կշիռն ու խոսքի արժեքն իմացող իրական գաղափարական ուժի վարքագիծը, որովհետեւ մենք մեզ համարում ենք պատասխանատու՝ ժողովրդի առաջ եւ, ի տարբերություն այլ ուժերի, երբեք չենք խուսափել ոչ միայն մեր բաժին պատասխանատվությունից, այլ շատ դեպքերում մեր ուսերին ենք վերցրել նաեւ այլոց պատասխանատվության բեռը:

– Ուզում եմ անդրադառնանք նաեւ ընտրական այս շրջանի թիվ մեկ ինտրիգին. բազմաթիվ ուժեր շարունակում են կանխատեսել ՀՀԿ -ԲՀԿ լուրջ բախում: Դուք նման բախումը հնարավոր համարո՞ւմ եք:

– Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական ուժեր իրենց քաղաքական ապագան կառուցել են ՀՀԿ-ԲՀԿ բախման սպասումների վրա: Մի քանի անգամ այդ մասին ասել եմ, ու քանի որ ոմանք կարծես թե առանձնապես լավ չեն ըմբռնել, հատուկ նրանց համար մեկ անգամ եւս կրկնեմ, որ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն պատասխանատու ուժեր են եւ շատ լավ հասկանում են երկրի կայունության արժեքը: Ուստի, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը սպասողներին ուղղակի խորհուրդ կտայի իրենց քաղաքական ապագան կառուցել այլ՝ առավել իրատեսական սպասումների վրա: Հանրապետական կուսակցության համար բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում եւ ԲՀԿ-ն՝ մրցակից են, ու ինչպես մնացած ուժերի, այնպես էլ ԲՀԿ-ի հետ Հանրապետականը մրցելու է բացառապես քաղաքակիրթ մրցակցության դաշտում:

– Դուք, որպես ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, կոնկրետ ի՞նչ գործառույթներ եք համակարգում:

– Նախընտրական շտաբը համակարգում է կուսակցության ընտրարշավի հետ կապված բացառապես բոլոր խնդիրները՝ սկսած քարոզչական նյութերի պատրաստումից մինչեւ քարոզչական խմբերի ու կուսակցության պատասխանատուների նախընտրական այցերի գրաֆիկների կազմումն ու հանդիպումների կազմակերպումը: Կուսակցության բոլոր շտաբներին բաժանված են կառավարության 2000-2006 թվականներին իրականացրած ծրագրերն ու 2007-ի համար ծրագրվածը, որպեսզի մեր քարոզիչները ժողովրդին առարկայական ներկայացնեն այն, ինչը արդեն արվել է, եւ այն, ինչը դեռ պետք է արվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել