Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՓԱՅԼՈՒՄ ԵՆ

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հանրապետության մարզիկները փայլուն մրցելույթներ են ունենում:

Մելինե Դալուզյանի փառահեղ հաղթանակից հետո կանանց մրցապայքարում Հայաստանի հավաքականի հաշվարկում երկրորդ «ոսկին» գրանցեց քասախցի մինչեւ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը՝ նվաճելով բոլոր ոսկե մեդալները (պոկում ու հրում վարժություններում եւ երկամարտում):

Պոկումում սկսելով 115 կիլոգրամից՝ Հռիփսիմեն այնուհետեւ բարձրացրեց 120 եւ 122 կիլոգրամ՝ ամբողջ 7 կգ-ով առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված իսպանացի Լիդիա Վալենտինից: Հրում վարժությունում նույնպես հայ մարզուհին չուներ հավասարը: Սկզբում նա սանձեց 136 կիլոգրամը, հետո իր կամքին ենթարկեց նաեւ 140 կգ-ն, սակայն անհաջողության մատնվեց 147 կիլոգրամում: Սակայն դա արդեն որեւէ նշանակություն չուներ երկրորդ մրցաձեւում նույնպես եւ երկամարտում մրցակիցների նկատմամբ մեծ առավելությամբ նվաճել Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը: Այս քաշային կարգում մրցանակային եռյակը կազմեցին.

1. Հռիփսիմե Խուրշուդյան (Հայաստան) 122+140=262

2. Տատյանա Մատվեեւա (ՌԴ) 108+139=247

3. Լիդիա Վալենտին (Իսպանիա) 115+132=247

Ստրասբուրգում երեք մեդալ (մեկական փոքր բրոնզե ու արծաթե եւ մեկ մեծ արծաթե) նվաճեց մեր երրորդ ծանրորդուհին՝ մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Նազիկ Ավդալյանը: Պոկում վարժությունում նրա 105 կիլոգրամը երրորդ ցուցանիշն էր, հրումում 136 կգ-ն՝ երկրորդը, իսկ երկամարտի 241 կգ-ն Նազիկին, անձնական թեթեւ քաշի շնորհիվ (նույնպիսի արդյունք ուներ նաեւ ուկրաինուհի Նատալիա Դավիդովան), դարձրեց Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր: Նույն օրն ընդհանուր առմամբ երեք մեդալ նվաճեց նաեւ տղամարդկանց առաջնության մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Մարտիրոսյանը: Պոկումում գյումրեցի մարզիկը 155 կիլոգրամով արժանացավ փոքր «ոսկու», հրումում միայն երրորդ մոտեցումով հաղթահարելով 176 կիլոգրամը՝ Տիգրանը բավարարվեց փոքր «բրոնզով»: Այդուհանդերձ, Տիգրանը երկամարտում ցույց տվեց 331 կիլոգրամ, այնքան, որքան չեմպիոն հռչակված ֆրանսիացի Վենսելաս Դաբայան, սակայն քանի որ հայ ծանրորդն ընդամենը 390 գրամ ծանր էր, նրան հանձնվեց արծաթե մեդալ:

Առաջնության երկրորդ օրը մինչեւ 62 կգ քաշայինների մրցապայքարում գյումրեցի Արսեն Թամրազյանը 23 մասնակիցների մեջ 271 (121+150) կիլոգրամով գրավել էր 14-րդ հորիզոնականը: Մրցավայր մեկնելուց առաջ հավաքականի մարզիչները մեզ ասել էին, որ Արսենից մեդալների համար պայքարի ակնկալիքներ չունեն: Արսենի գործը Ստրասբուրգում լինելու էր թիմային պայքարի համար մեր հավաքականին միավորներ բերելը:

Երեկ ուշ երեկոյան պայքարի մեջ էին ներգրավվելու մեր մինչեւ 77 կգ քաշայիններ՝ գյումրեցիներ Գեւորգ Դավթյանն ու Արա Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել