Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ»

Ապրիլ 25,2007 00:00

\"\"Նկատի ունենալով գաղտնալսումները եւ դրանք՝ քարոզչության նպատակով հրապարակելը, ասում է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

– Որքանո՞վ է «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված տեքստը արտացոլում Ձեր եւ բրիտանացի դիվանագետի զրույցը: Արդյոք նման զրույց իսկապե՞ս տեղի է ունեցել:

– Անկեղծ ասած, թե վերջին ամիսներին եւ թե դրանից վաղ, ինչպես յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այնպես էլ ես, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների, միջազգային եւ դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որտեղ, բնականաբար, քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրներ: Թե բոլոր հանդիպումների, թե իմ հրապարակային ելույթների ժամանակ էլ ես ասել եմ նույնը՝ որ ընտրությունները չպետք է կեղծվեն, որ միջազգային հանրությունը եւս պետք է ուշադիր լինի, որպեսզի անցկացվեն արդար ընտրություններ: Ավելին, այդ մասին ոչ մեկ անգամ հայտարարել եմ նաեւ ԱԺ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակ, ինչին բազմիցս անդրադարձել է մամուլը: Ինչ վերաբերում է կոնկրետ զրույցին, ապա արտառոց է, որ վկայակոչվում է ինչ-որ փետրվարյան ձայնագրություն, որը հրապարակ է նետվում հենց քվեարկությունից երկու շաբաթ առաջ: Նպատակը պարզ է՝ սեւ քարոզչություն, քանի որ ոմանց անհանգստացնում է «Օրինաց երկրի» աճող վարկանիշը: Ես բաց աշխատող քաղաքական գործիչ եմ, բնականաբար, ինձ համար պարզ է, որ ներկայացվող «սենսացիան» լավ թխված է, որովհետեւ այսօր կարելի է անել ցանկացած աուդիո կամ վիդեո մոնտաժ տարբեր խոսքերից, օրինակ՝ հարցական խոսքը ներկայացնել որպես հրամայական կամ աղավաղված շեշտադրումները կատարելով՝ փորձել կեղտոտ մեկնաբանություններ անել: Ավելին, այդ ամենը ցուցադրվում է տարբեր, այդ թվում հանրային հեռուստատեսությամբ, այն էլ՝ լուրերով, այն էլ՝ մոտ 10 րոպե տեւողությամբ: Իհարկե, այլակարծության իրավունքը շատ ավելի կարեւոր է, քան դրա բովանդակությունը, բայց երբ կատարվում է խիստ ընդգծված սեւ քարոզչություն ընտրություններից հաշված օրեր առաջ՝ սա անընդունելի է: Գիտեք, վերջերս Լոռվա մարզում նման մի դեպք եւս եղավ, երբ ինձ վերագրեցին իմ կողմից չասված բաներ, աղավաղեցին ասվածը, եւ վստահ եմ՝ նորից պատվերով:

– Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին գաղտնալսելու եւ այդ գաղտնալսումները հրապարակելու երեւույթը, որին ականատես եղանք այս ընտրարշավում:

– Միանշանակ բացասական: ՀՀ Սահմանադրությամբ արգելված է ցանկացած անձի, այդ թվում դիվանագետների եւ քաղաքական գործիչների գաղտնալսումները: Հենց ձեր թերթում շատ է գրվել, որ այսօր ԱԱ աշխատակիցները պարբերաբար գաղտնալսումներ են իրականացնում: Բայց որեւիցե արձագանք այդպես էլ չեղավ, այն դեպքում, երբ քաղաքակիրթ երկրներում շատ կոշտ արձագանքը չէր ուշանա: Մի բան կարող եմ ասել, որ սա պատիվ չի բերում մեր երկրին, եւ որ այս մեթոդներն այլեւս դատապարտված են: Ավելին, կատարվածը վրդովմունք է առաջացրել շատ-շատերի մոտ, որոնք գալիս են, զանգահարում են՝ ասելով, որ իրենց համար ակնհայտ է կատարվող սեւ քարոզչությունը, ասելով մի պարզ ճշմարտություն՝ միեւնույն է, փոս փորողն ինքն է ընկնելու փոսի մեջ, քանի որ բոլորը բոլորին շատ լավ ճանաչում են: «Օրինաց երկիրը» պայքարելու է օրենքի եւ արդարության երկրի համար, որովհետեւ այսօր Հայաստանում օրենքի եւ արդարության կարիք ունեն գրեթե բոլորը՝ բժիշկն ու մանկավարժը, պետական ծառայողն ու գիտնականը, երիտասարդն ու թոշակառուն, ազատամարտիկն ու հաշմանդամը, հասարակության բոլոր խավերը: Ինքս էլ, որպես ժողովրդավարական Հայաստանի եւ օրենքի երկրի կառուցման համար պայքարող մարդ, միշտ՝ իմ թե հրապարակային եւ թե մասնավոր զրույցներում ասում եմ նույնը: Այնպես որ՝ ինչքան ուզում են թող ձայնագրեն:

Այսուհետ արտասահմանցի դիվանագետները եւ դիտորդները մեր քաղաքական գործիչների հետ գնալու են հատուկ «խլացնող սարքերով», որպեսզի Հայաստանի «կոմպետենտ» մարմինները չկարողանան աշխատեցնել իրենց «ժուչոկները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել