Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ

Ապրիլ 25,2007 00:00

Արարատի մարզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Նոյակերտ գյուղի շիրիմները ավերելու կապակցությամբ:

Դեպքի վայր այցելած ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները տեղամասային տեսուչների հետ փորձում էին վերստին վշտի մեջ հայտնված գյուղացիներին համոզել, թե կատարվածը բնական արհավիրքի` երկրաշարժի արդյունք է: Գյուղացիներն այս փաստն ընդվզումով էին ընդունում: Նրանք հիշում էին, որ երկրաշարժը եղել է ոչ այդ օրը, այլ մեկ շաբաթ առաջ եւ ոչ այդ կողմերում, այլ Փարաքարում: 80-ամյա Ֆլորա Գրիգորյանի որդին` Անատոլին, զոհվել է Մարտակերտի պաշտպանության ժամանակ: Թոշակառու եւ սոցիալապես անապահով կինը իր թոշակից մաս-մաս հետ գցելով՝ հավաքել էր որդու շիրիմի համար անհրաժեշտ գումարը եւ գերեզմանաքար կանգնեցրել: Այսօր այդ շիրիմը գոյություն չունի: Տիկին Ֆլորան մեր ներկայությամբ ժամանակ առ ժամանակ ուշաթափվում էր եւ ամեն անգամ, երբ ուշքի էին բերում, անիծում էր իր բախտը, որ կորցնելով որդուն՝ իր կյանքի մայրամուտին ականատես եղավ նաեւ նրա շիրիմի պղծմանը: 56-ամյա Լյովա Սարգսյանը զսպում էր իրեն, չնայած ավերել էին արցախյան ազատամարտում զոհված որդու եւ հոր շիրիմները: Նոյակերտի գյուղապետ Կնյազ Սահակյանը բացառում է, որ արարքը կարող էր կապ ունենալ ԱԺ առաջիկա ընտրությունների հետ: Գողության վարկածը քննարկման ենթակա չէ, քանի որ պղծված շիրիմների ալյումինե ճաղավանդակները տեղում էին: Գյուղացիները բացառում էին նաեւ գյուղից ընդամենը 1-2 կմ հեռու գտնվող Թուրքիայից ներխուժումը գյուղի տարածք. թուրքը կհարձակվեր ոչ թե շիրիմների, այլ կենդանի մարդկանց վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել