Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է

Ապրիլ 26,2007 00:00

«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության ապրիլի 20-ի համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, թե ողջունում են Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշումը՝ բացարձակ մեծամասնություն կազմելու վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, բացարձակ մեծամասնություն կազմելու մասին ապրիլի 12-ի ասուլիսում խոսելով՝ ընդգծել էր, թե դա զուտ իր անձնական կարծիքն է:

Այժմ «Առավոտի» հարցին, թե ՀՀԿ խորհուրդն արդեն ընդունե՞լ է համահունչ որոշում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այս օրերին ինչ որ ես ասում եմ՝ հետագայում քննարկվում է: Եվ ուրախ եմ, որ իմ այդ հայտարարությունը ՀՀԿ խորհուրդը համարեց ողջունելի»:

Բացառությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած հանդիպման՝ ՀՀԿ խորհրդի ղեկավար Սերժ Սարգսյանը միայնակ է գնում քարոզչական հանդիպումների: Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ այդպես էլ շարունակվելո՞ւ է. «Կուսակցության նախագահի այցերը կապված են մի հանգամանքի հետ, որ հանրությունն ավելի տեղյակ լինի, եւ նորից վերահաստատվեն այն գաղափարախոսությունը, սկզբունքները եւ ծրագրերը, որոնք ունի Հանրապետականը: Քարոզչության ձեւը, ինչպես նախապես ասել էի՝ ոտքով, ճեմելով, ժողովրդի հետ խորհրդակցելով (այստեղ նրան ընդհատեցինք՝ հիշեցնելով, թե նաեւ գյուղերում մածուն ուտելու մասին էր ասում.- Ա. Ի.): Ինչո՞ւ չէ: Նաեւ ասել եմ, որ մեր ժողովուրդն առատաձեռն ու հյուրասեր է: Եվ այսօր Հայաստանի բոլոր գյուղերում աշխատում են մեր ներկայացուցիչները: Բացի այդ՝ կարծում եմ, մենք մեր ասելիքն արդեն վեց-յոթ տարի է՝ ասել ենք, նաեւ՝ աշխատանքի արդյունքներով: Եվ նույնիսկ զանգվածային լրատվամիջոցներով մեր ներկայանալի դառնալն այսօր թողել ենք հենց լրատվամիջոցներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել